×


«Առաջին խաղացող, պատրաստ» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում

«Առաջին խաղացող, պատրաստ». Սփիլբերգի նոր մարտաֆիլմը ԿինոՊարկի էկրաններին է

Կինոքննադատների եւ կինոսերների կողմից մեծ արձագանքների արժանացած «Առաջին խաղացող, պատրաստ» ֆիլմն այսօրվանից հասանելի է նաեւ հայ կինոդիտողին: Ամերիկացի հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նոր մարտաֆիլմի ուշագրավ ընթացքին կարող եք հետեւել Երեւան Մոլի «ԿինոՊարկ» կինոթատրոնում, որտեղ երեկ փակ դիտում էր կազմակերպվել  լրագրողների, հավատարիմ հաճախորդների եւ հատուկ հյուրերի համար: Առաջին ցուցադրությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«Առաջին խաղացող, պատրաստ» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում


Արկածային, ֆանտաստիկ ժանրերում նկարահանված ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Թայ Շերիդանը եւ Օլիվիա Քուքը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2045 թվականին: Աշխարհը քաոսի մեջ է: Մարդկությունը փրկություն է փնտրում վիրտուալ իրականության մեջ: OASIS խաղի հեղինակը՝ Ջեյմս Հոլիդեյը, ով, ի դեպ, հետաքրքրվում է 1980-ականների մշակույթով ու պատմությամբ, իր խաղով մարտահրավեր է նետում բոլորին: Ուեյդ Ուոթս անունով հասարակ մի երիտասարդ էլ որոշում է ամեն գնով հաղթել՝ մասնակցելով վիրտուալ խաղին:

Հատուկ էֆեկտներ, արկածներ, հումոր եւ 1980-ականների լավ երաժշտություն: Ֆիլմի դիտման ընթացքում հանդիսատեսն էլ մտովի տեղափոխվում է վիրտուալ իրականություն, առեղծվածներով, հայտնագործություններով եւ վտանգներով լի ֆանտաստիկ տիեզերք: Իսկ սուր հումորը ստիպում է ժպիտը դեմքիդ նստել ավելի քան երկու ժամ եւ հետեւել գլխավոր հերոսի փորձություններին:

«Առաջին խաղացող, պատրաստ» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում


Մեզ հետ զրույցում «ԿինոՊարկ»-ի ներկայացուցիչ Մարինա Ղամբարյանը նշեց, որ ֆիլմը նախատեսված է 12 տարեկանից բարձր բոլոր անձանց համար եւ կհետաքրքրի ոչ միայն դեռահասներին, այլեւ մեծերին: Իսկ թե որքան ժամանակ «Առաջին խաղացող, պատրաստ»-ը կմնա «ԿինոՊարկ»-ի ֆիլմացանկում, կախված կլինի արձագանքներից: Երեւան Մոլի կինոթատրոնում այն կցուցադրվի նաեւ բնագրով եւ օրիգինալ հնչողությամբ, այսինքն՝ անգլերեն լեզվով եւ ռուսերեն ենթագրերով: Այդպիսով՝ ֆիլմը կկարողանան դիտել նաեւ անգլալեզու կինոդիտողները:

Նշենք, որ «Առաջին խաղացող, պատրաստ» ֆիլմը նկարահանվել է Էռնեստ Քլայնի համանուն գրքի հիման վրա: Այս առիթով ֆիլմի ռեժիսորն իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծել է՝ վեպի հիման վրա ոչ թե մեկ, այլ 12 կամ նույնիսկ 15 ֆիլմ կարելի է նկարահանել.«Այս պատմությունը կարող էի ներկայացնել տարբեր ձեւերով, բայց ստիպված էի ընտրել միայն մեկը: Այդ պատճառով էլ հեղինակը՝ Էռնեստ Քլայնը, ի սկզբանե մասնակցել է նախագծին՝ աշխատելով իմ եւ սցենարիստ Զաք Փենի հետ: Մեզ անհրաժեշտ էր հասկանալ՝ գրքի որ հատվածն ենք պատրաստվում էկրանավորել: Մեր նպատակն էր ճշտորեն փոխանցել Քլայնի գաղափարը, անել այնպես, որ ֆիլմը նրան դուր գա եւ վերջում ասի՝ «Այո, սա իմ գիրքն է»: Դա իմ առջեւ դրված ամենակարեւոր խնդիրն էր»,- ասել է Սփիլբերգը:

«Առաջին խաղացող, պատրաստ» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում


Նա նույնիսկ խոստովանել է, որ «Առաջին խաղացող, պատրաստ» ֆիլմի վրա աշխատել է ավելի շատ, քան այս տարիների ընթացքում իրականացված ցանկացած այլ նախագծի վրա: Այնպես որ, առաջարկում ենք բաց չթողնել «ԿինոՊարկ»-ի կողմից ընձեռված այս հնարավորությունը՝ դիտելու մեր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը: Հարգելի ընթերցողներ, պատրաստ:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին