BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:
Զրուցել ենք տատու-վարպետ Կարեն Հակոբյանի (Շուր) հետ:
- Ինչպիսի՞ն է կյանքը դաջվածքից առաջ եւ հետո:
- Սնահավատ չեմ, բայց 17 տարվա աշխատանքի ընթացքում շատ են եղել դեպքերը, երբ տատուն ճակատագրական է եղել մարդու համար: Մի հաճախորդ եմ ունեցել, ով իր ընկերուհիների անուններն էր դաջում, ինչին հաջորդում էր բաժանումը, եւ հետո գալիս էր մյուսինը դաջում: Վերջերս էլ մեկն ասաց, որ բաժանվել է ընկերուհուց հենց այն նույն օրը, երբ անունն ուսին էինք դաջել: Չգիտեմ, հավանաբար, մարդուց տատուին է փոխանցվում էներգետիկա, որը կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական, ու նույն կերպ անդրադառնալ այդ մարդու վրա:
- Դաջվածքը պե՞տք է նշանակություն ունենա:
- Կարեւոր է, թե ինչ նշանակություն ես անձամբ դու տալիս: Ամենեւին պարտադիր չէ` անուն լինի, որ ցույց տաս, թե ինչքան ես սիրում այդ մարդուն կամ հիշում նրան: Դաջվածքն առաջին հերթին քեզ համար է, միայն քեզ հասկանալի պետք է լինի, այն պետք է քեզ համար իմաստավոր լինի, ոչ թե հարեւանների: Եղել է դեպք, երբ մեկը 7 կետ է տատու արել մարմինի տարբեր հատվածներում, եւ իր համար դա նշանակություն է ունեցել. այդ մարդն իմաստավորել է կետերը:
Կարեն Հակոբյանը
- Մարմնի ո՞ր հատվածներն են զգայուն դաջվածքի համար, ո՞ր հատվածներն են ցավոտ:
- Զգայուն են բոլոր այն հատվածները, որտեղ ոսկոր կա՝ արմունկ, ծունկ: Նիհարների համար տատու անելն ավելի ցավոտ կարող է լինել, որովհետեւ ոսկորները արտահայտված են, իսկ գիրուկ կամ մկանուտ մարդիկ, որպես կանոն, ավելի քիչ են ցավ զգում:
- Կնոջ եւ տղամարդու ցավի զգացումն իսկապես տարբե՞ր է:
- Այո, բնությունից կինն ավելի դիմացկուն է ցավին, քան` տղամարդը: Կինը 5-ից 7 անգամ ավելի հեշտ է դիմանում ցավին: Թվում է` մկանուտ եւ ուժեղ տղամարդը պիտի ցավին դիմանա, բայց այդպես չէ:
- Ի՞նչ պետք է անի տատու-վարպետը, եթե հաճախորդը դիմադրում է, ցավից գոռում:
- Դիմադրի... (ծիծաղում է): Գոյություն ունեն հատուկ ցավազրկող քսուկներ, որոնք մեղմում են ցավը: Դրանց շնորհիվ ցավը 30-ից 40 տոկոսով թուլանում է:
- Որո՞նք են տատուի համար ոչ էսթետիկ մարմնի հատվածները:
- Անձամբ ինձ համար էսթետիկ չէ դեմքի տատուն, աչքի մեջ կամ բիբերի վրա արվող տատուն: Եթե ցանկանան այդ հատվածներում տատու անել, կփորձեմ համոզել, որ չանեն: Բայց ամեն մեկն ինքն է որոշում, թե որն է էսթետիկ:
- Ո՞ր դեպքում են մարդիկ վարակներ ստանում:
- Եթե կեղտոտ լինի ասեղը կամ ձեզնից առաջ դրանով դաջվածք արած լինեն մեկ ուրիշին, ապա այո, հնարավոր է: Տատու անելու համար կիրառվող բոլոր նյութերը պետք է լինեն մեկանգամյա եւ ստերիլ: Ասեղը պետք է հաճախորդի ներկայությամբ փաթեթից հանվի:
- Ի՞նչ է լինում տատուն 50-ից հետո:
- Շատ անհատական է: Կան 60, 70 տարեկան առողջ կանայք, տղամարդիկ, որոնք զբաղվում են սպորտով, եւ նրանց տատուն պահպանում է իր ձեւը: Բայց կան նաեւ 25 տարեկան մարդիկ, ովքեր գիրացել են, տատուն էլ ձեւափոխվել է, լայնացել, քանի որ մաշկն է ձգվել: Հնարավոր է` տատուի գույնը տարիների ընթացքում փոխվի, ավելի բացվի, բայց այն չի կարող ձեւափոխվել, եթե մարդը պահպանում է իր կառուցվածքը:
- Վատ արած տատուն «փրկել» հնարավո՞ր է:
- Այո: Կարելի է փոխել նկարը, գունային գաման, խտացնել գույնը:
- Տատու-արտիստը պե՞տք է նկարել իմանա:
- Նկարելը պարտադիր է, հակառակ դեպքում օգտվելու ես ստանդարտ, շաբլոն նկարներից, չես կարողանալու դաջել հաճախորդի կամ քո մտահղացումը, ստիպված ես լինելու օգտվել միայն համացանցում առկա նկարներից: Գուցե այսօր մեկը չինական հերոգլիֆ ցանկանա, բայց եթե հանկարծ վաղը գեղարվեստական նկար դաջելու պատվեր ստանաս, առանց նկարելու ինչպե՞ս կարող ես անել:
- Որտե՞ղ սովորել տատու անել:
- Պետք է դիմել գործող տատու-վարպետներին, ովքեր ունեն բազմամյա փորձ, գիտելիքներ:
- Ինչի՞ վրա են սովորում տատու անել սկսնակները:
- Բազում հատուկ միջոցներ կան` կաշիներ, ռետիններ, որոնք շատ նման են մարդու մաշկին, եւ որոնց վրա էլ սովորում են: Բանանի, նարնջի կեղեւներն էլ բավական հարմար են փորձարկումների համար: Մինչեւ մարդու վրա տատու անելը սկսնակները մեծ ճանապարհ են անցնում:
- Տատու վարպետը պե՞տք է տատուներ ունենա իր վրա:
- Ես ունեմ տատուներ, բայց կան վարպետներ, ովքեր չունեն, եւ այդտեղ սարսափելի ոչինչ չկա: Անձամբ ես կարծում եմ, որ եթե տատու վարպետ ես, ուրեմն շատ ես սիրում դաջվածքներ, եւ պետք է ունենաս: Հաճախորդի մոտ հարցեր կառաջանան՝ եթե տատու անող է, ինչո՞ւ չունի տատու, խնդի՞ր կա: Նույնն է, որ նկարիչն իր ստեղծագործությունները միայն վաճառի, անձամբ իր համար նկարներ չունենա:
- Տատու-արտիստը կարո՞ղ է իրեն տատու անել:
- Այո: Ես ունեմ այդպիսի դաջվածքներ:
- Տատուն հնարավո՞ր է հեռացնել, մաքրել:
- Կան լազերային հատուկ սարքեր, որոնք մի քանի փուլից հետո մաքրում են տատուն, բայց դրանք ժամանակատար են եւ ավելի թանկ, քան տատուն:
- Ինչո՞ւ է տատուն թանկ:
- Որովհետեւ թանկ են նյութերը, ձեռքի աշխատանք է, բացի այդ, այն ամբողջ կյանքի համար է: Դաջվածքի մեկ սարքն արժե միջինում 400.000 դրամ, իսկ ներկի մեկ սրվակը 15.000 դրամ է: Հայաստանում տատուն թանկ չէ: Դուբայում մեկ տատուն մեքենայի գին արժե, Ռուսաստանում մեկ ժամ աշխատելը 50.000 դրամ է՝ անկախ նրանից, թե ինչ տատու կանես: Մարդիկ արտերկրից գալիս են Հայաստան, որ այստեղ անեն:
- Եկամտաբե՞ր է տատու-արտիստ լինելը:
- Կախված է նրանից, թե ինչ փորձառություն ունես: Վարպետներ կան, օրական 300-400.000 են աշխատում: Վարպետներ կան, որոնք ամիսներով 10.000 դրամանոց տատուի պատվեր չեն ունենում:
- Տարվա ո՞ր եղանակին է պետք տատու անել:
- Ամռանը հակացուցված է տատու անել: Ծակոտկենները լայնանում են, վիտամին D-ն դեղնացնում է սեւ ներկը: Լավագույն ժամանակն աշունն է, գարունը:
Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: