BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:
Զրուցել ենք սպորտային մեկնաբան Գեւորգ Ղազարյանի հետ:
- Ֆուտբոլի մեկնաբանը մասնագիտությո՞ւն է: Ինչո՞ւ է պետք մեկնաբանել խաղը, երբ ամեն ինչ պարզ է՝ ով գոլ խփեց, ով վրիպեց եւ ինչպես:
- Այո, մասնագիտություն է, այն էլ` բավական բարդ: Ամեն ինչ այդքան պրիմիտիվ չէ: Կան դրվագներ, որոնք մեկնաբանության, լրացուցիչ մեկնաբանության կարիք ունեն: Մեկնաբանը ֆուտբոլային աշխարհի մի մասն է եւ գիտի ոլորտի ներքին խոհանոցը: Դրվագում կարող է այնքան ենթատեքստ լինել, որ երկրպագուները չիմանան, նրանց ներկայացնելու, բացատրելու կարիք լինի:
Տրիբունայում կարող է նստած լինել հայտնի ինչ-որ դեմք, որի ներկայությունը լինի լուր, բացառիկ երեւույթ, ֆուտբոլային մեկ այլ մարզչի ներկայությունը կարող է նոր լուրերի առիթ դառնալ, եւ մեկնաբանն ամբողջացնում է պատկերը, փոխանցում է ողջ էությունը: Էլ չասեմ, որ կան շատ մարդիկ, ովքեր առաջին կամ երկրորդ անգամ են ֆուտբոլ նայում, կամ տվյալ թիմերի խաղն են առաջին անգամ նայում, եւ նրանց պետք է հասկանալի լինի՝ ինչ է կատարվում դաշտում:
- Խաղը մեկնաբանելիս հայհոյել կարելի՞ է:
- Հայհոյել եթերում առհասարակ չի կարելի: Կոշտ արտահայտություններ կամ քննադատություն հնչում է, բայց հայհոյանքն ընդունելի չէ: Ռուս մեկնաբաններն, օրինակ, սիրում են կծու-թթու արտահայտություններով համեմել իրենց խոսքը, բայց մեզանում ավելի հարգի է սուր քննադատությունը: Կարող ենք ասել՝ «Այ, ինչպե՞ս կարելի էր նման պարզ իրավիճակում այսպես խաղալ» կամ ինչպես աշակերտներին են դպրոցում ասում՝ «Գլուխդ մոռանայիր»: Կենցաղային համեմատություններ են հաճախ արվում: Շատ միջոցներ կան բնութագրելու դրվագները: Ասել՝ անգրագետ կամ հիմար, պրոֆեսիոնալ չէ:
Եթե նայեք խորհրդային տարիների ֆուտբոլային մեկնաբանությունները, կտեսնեք, թե որքան ազատ է հիմա դարձել մեկնաբանների խոսքը: Այն ժամանակ ամեն ինչ քարացած էր, չէր կարելի սեփական կարծիքն արտահայտել, իսկ հիմա ֆուտբոլային խաղերը, շնորհիվ մեկնաբանների խոսքի, շատ դինամիկ են դարձել՝ համեմված կատակներով, սուր մտքերով:
- Որտե՞ղ է պետք սովորել դինամիկ մեկնաբանություն անել, սուր խոսել:
- Սովորել է պետք ամեն օր՝ ինքնակրթվելով՝ անկախ նրանից, թե որ սպորտաձեւն ես մեկնաբանում, որովհետեւ սա ճկուն ոլորտ է. մարզիկները մի ակումբից մյուսն են տեղափոխվում, կազմերը հաճախ փոխվում են: Ինչպես ասում են, պետք է լեզուդ ճկուն լինի, որ կարողանաս 90 րոպեանոց խաղը հետաքրքիր, դինամիկ մեկնաբանել, որ մարդիկ չձանձրանան, պետք է տիրապետել տվյալ սպորտաձեւի վերջին նորություններին, պատմությանը, ֆուտբոլիստների կյանքին, թիմերի պատմությանը, անգամ այն երկրի պատմությանն ու ներկայիս քաղաքական-սոցիալական կյանքին, որտեղ ընթանում է խաղը: Իսկ սա ինչ-որ հատուկ դպրոցներում չեն սովորեցնում, պետք է աշխատես քեզ վրա, փորձես, փորձես…
Սպորտային մեկնաբան Գեւորգ Ղազարյանը
- Կատակներ նախապես գրվո՞ւմ են:
- Այո, լինում են նման դեպքեր, բայց ամենալավ մեկնաբանները նրանք են, ովքեր իմպրովիզ անել գիտեն, ովքեր ճիշտ պահին ճիշտ կատակ են անում, փորփրում են իրենց հիշողությունն ու հիշողության դարակից հանում են մի դիպուկ կատակ:
- Ֆուտբոլի ամենալավ մեկնաբանները նրանք են, ովքեր խաղը կրքո՞տ են մեկնաբանում:
- :) Կան մեկնաբաններ, ովքեր ապրում են ֆուտբոլով եւ այդ պահին չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, արձագանքում են՝ բարկանում են, գովում: Հենց այնպես չեն գոռում` գոլ, եւ վերջ: Լատինամերիկյան մեկնաբաններին հիշեք՝ Մեսսիի ամեն գոլից հետո 3 րոպե գոլ են գոռում, բղավում որքան կարող են: Սա արհեստական չեմ համարում: Երբ Հայաստանի հավաքականն է խաղում, մենք՝ մեկնաբաններս, չենք կարողանում թաքցնել մեր էմոցիաները, ինչը նորմալ է: Եթե գոլ խփեին կամ ձախողեին հարվածը, ու մենք դրան անտարբեր լինեինք, արձագանքեինք սառը, կլիներ անբնական: Ես անձամբ չեմ հիշում, որ երկար գո՜լ բղաված լինեմ, ճոխացնեմ: Անունը շեշտել եմ՝ ենթադրենք` «գո՜լ, Կրիշտիանու Ռոնալդու»:
- Ֆուտբոլիստները նեղանո՞ւմ են մեկնաբանի քննադատությունից:
- Շատ լուրջ են ընդունում քննադատությունը: Հայտնի միջադեպեր կան, երբ ֆուտբոլիստը գոլային իրավիճակում սխալվեց, վրիպեց, մեկնաբանն ասաց, որ կարելի էր անգամ թեյ խմել, թերթ ընթերցել, հետո հարվածել, եւ սա վերածվեց սկանդալի: Եթե առիթ է վիճակվում, անպայնման արտահայտվում են:
- Չե՞ք կաշկանդվում դրանից:
- Մեր աշխատանքի անբաժանելի մասն է: Խուսափել չի լինի:
- «Ռեալ Մադրի՞դ», թե՞ «Բարսելոնա»:
- Հարատեւ հարց է:): Ամենից հաճախ տրվող ու քննարկվող հարցերից: Բարսելոնա:
- Պե՞տք է թաքցնել, որ երկրպագում ես թիմերից մեկին, թե՞ կարող ես եթերում ազատ խոսել այդ մասին:
- Իտալիայում կա մեկնաբան, որ Միլանի հայտնի երկրպագուներից մեկն է: Նրան հրավիրում են Միլանի խաղերը մեկնաբանելու, որովհետեւ առիթը բաց չի թողնում արտահայտելու իր հիացմունքը, անգամ ամենափոքր դրվագները ներկայացնում է ի օգուտ Միլանի խաղացողների, խենթանում է, վազում ստուդիայով, բղավում… Անմիջականությունը դուր է գալիս հանդիսատեսին: Բայց կա նաեւ հանդիսատես, որը օբյեկտիվություն է սիրում: Ամեն դեպքում թաքցնել, որ երկրպագում ես այս կամ այն թիմին, սխալ չէ:
Էդուարդ Քալանթարյանն, օրինակ, Բարսելոնայի երկրպագու է, բայց նրան, չգիտես ինչու, ընկալում են որպես Ռեալ Մադրիդի երկրպագու, ասում են, որ լավ բաներ է ասում Ռեալի օգտին: Եթե մարդն ուզում է մտածել, որ մեկնաբանը պաշտպանում է այս կամ այն թիմին, նրա ցանկացած խոսք ընկալելու է որպես պաշտպանություն:
- Ֆուտբոլի մեկնաբանը պե՞տք է անգիր իմանա բոլոր ֆուտբոլիստների անունները:
- Հնարավոր չէ բոլոր ֆուտբոլային թիմերի բոլոր խաղացողների անուններն անգիր հիշել: Խաղից առաջ երկար պատրաստվում ենք, վերհիշում կենսագրությունները, պատմությունները եւ անունները: Պարտադիր չէ Ֆրանկֆուրտի Այնթրախտի ֆուտբոլիստների անուններն անգիր իմանալ:
- Եթե խաղը ձանձրալի է, գոլային իրավիճակներ չեն ստեղծվում, ինչի՞ց ես խոսում:
- Ֆուտբոլիստների մասին պատմություններ, տվյալ երկրների մասին վերջին նորությունները, հետաքրքիր լուրեր այդ թիմերի կամ պետությունների հետ կապված:
Սպորտային մեկնաբան Գեւորգ Ղազարյանը
- Խաղադրույքների հարցում օգնո՞ւմ ես:
- Ոչ: Դա իմ ուժեղ կողմը չէ :): Շատ են զանգում, խնդրում են, որ կանխատեսեմ, բայց խուսափում եմ: Մի հետաքրքիր պատմություն կա խաղադրույքների հետ կապված: Երբ ամուսնանում էի, հարսանեկան ծախսերն այնքան շատ էին, որ գումարը սպառվեց, եւ իմ ու կնոջս համար հասկանալի էր, որ մեղրամիս չենք ունենալու: Առաջարկեցի կնոջս մնացած 30.000 դրամով խաղադրույք կատարել Հայաստան-Չեխիա խաղի վրա: Արտագնա խաղ էր, Հայաստանի գործակիցը շատ բարձր էր: Դրեցի Հայաստանի վրա, եւ իմ անվանակիցը՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանը, գոլ խփեց, արդյունքում մենք խոշոր գումար շահեցինք ու գնացինք մեղրամիս:
- Հայաստանի հավաքականը երբեւէ կհաղթի՞ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:
- :) Դա բոլորիս երազանքն է: Բոլոր հայերի ու բոլոր երկրպագուների երազանքն է, բայց հավանական չէ, որ Հայաստանը կմասնակցի առաջնությանը:
- Հենրիխ Մխիթարյանը «թո՞ւյն դեմք» է:
- Մխիթարյանը մեր բոլոր ժամանակների կայացած ֆուտբոլիստն է: Չեմ ասի, որ ամենալավն է, որովհետեւ խորհրդային փակ պատերի ներքո դառնալ Խորեն Հովհաննիսյան ավելի դժվար էր, քան մեր օրերում լինել Հենրիխ Մխիթարյան, երբ սահմանները բաց են, երբ հնարավոր է մեկնել արտերկիր: Այո, նա կայացած ֆուտբոլիստ է, թույն դեմք է, բայց թերեւս տաղանդով զիջում է Խորեն Հովհաննիսյանին:
Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: