«The Beautified Project» խմբի երկրպագուները կհիշեն «Broken Smile» երգը, որը խմբի անդամները կատարում են անգլիական «Antimatter» ռոք-խմբի վոկալիտ Միք Մոսի հետ: Ահա, վեց տարի անց նրանք կրկին ներկայացել են դուետով, որը ձայնագրվել է արդեն հայտնի ու սիրված «Black Wooden Nest» երգի հիման վրա: Օրերս թողարկվեց երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որտեղ հանդես է գալիս նաեւ Միք Մոսը: Թե ինչպես է հաջողվել վաղուց արդեն հայտնի հոլովակը ներկայացնել նորովի, գործիքավորման ինչ փոփոխություններ են եղել, եւ թե ինչպիսին է լինելու «The Beautified Project»-ի հետագա ճակատագիրը, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է խմբի հիմնադիր եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ինքը եւ Միք Մոսը երկար տարիներ է, ինչ մտերիմ ընկերներ են եւ աշխատում են միասին: Իսկ ամռանը, երբ անգլիացի երգիչը եկել էր Հայաստան՝ մասնակցելու «Epic Eye» փառատոնին, Անդրեին առաջարկել է իր նոր երգի համար տեսահոլովակ նկարահանել՝ որպես ռեժիսոր: Հենց այդ ժամանակ էլ Անդրեն հիշել է, որ տարիներ առաջ իրենք միասին կատարել են «Black Wooden Nest» երգը, որը Միք Մոսը նույնպես շատ է սիրում: Առաջարկել է հենց այդ երգի հիման վրա էլ զուգերգ ձայնագրել եւ թողարկել տեսահոլովակի նոր տարբերակը, քանի որ նկարահանման բոլոր անհրաժեշտ նյութերն ունեին:
Միք Մոսը եւ Անդրե Սիմոնյանը
«Ես նրան ասացի, որ հիմա իմ կյանքում մի ժամանակաշրջան է, երբ մեծ հաճույք եմ ստանում տարբեր ոճի արտիստների հետ դուետներ կատարելուց, եւ ուրեմն ինչո՞ւ պաշտոնապես չձայնագրենք այն երգը, որը տարիներ առաջ կատարել ենք միասին: Նա մեծ հաճույքով ընդունեց առաջարկս, եւ մենք միանգամից անցանք գործի: Ասեմ նաեւ, որ միշտ փոշմանել եմ, թե ինչու վեց տարի առաջ թավջութակ չօգտագործեցինք երգի պաշտոնական թողարկման ժամանակ: Այժմ արդեն գործիքավորմանն ավելացրինք Ալեքս Միրզոյանի նվագած թավջութակը, եւ երգը դարձավ այնպիսին, ինչպիսին ես միշտ պատկերացնում էի: Այսպիսով երգի ստեղծումը, որ սկսվել էր 2012 թվականին, ինձ համար ավարտվեց 2018 թվականին՝ որպես արվեստի մի աշխատանք»,- նկատեց Անդրե Սիմոնյանը:
Հետաքրքրվեցինք, թե որտեղ եւ ինչպես են նկարահանել Միք Մոսի հատվածը, քանի որ հոլովակի նոր տարբերակում չի զգացվում` նախկին եւ նոր կադրերի միջեւ վեց տարվա տարբերություն կա: Անդրեն ասաց` քանի որ պահպանել էին «Black Wooden Nest»-ի չմոնտաժված տարբերակը, Միքի հետ գնացել են Սեւանա լիճ եւ նրան նկարահանել նույն հատվածում, որտեղ տարիներ առաջ նկարահանվել են նաեւ իրենք` «The Beautified Project»-ի անդամները.«Մարիամ Գեւորգյանը, ով այս տեսահոլովակի ռեժիսորն է եւ մոնտաժողը, այս անգամ էլ կարողացավ հրաշալի մոնտաժ կատարել եւ ստանալ այնպիսի հոլովակ, որ գունային առումով հնարավոր չէ որեւէ տարբերություն նկատել: Վեց տարի առաջ մենք նկարահանվել էինք ձմռան ամենացուրտ ամսին, իսկ այս տարի Միքի հատվածը նկարահանեցինք օգոստոսին»:
Անդրե Սիմոնյանը խոստովանեց, որ «The Beautified Project»-ի գործունեությունը դադարեցնելուց հետո փորձել է իրեն հեռու պահել երգարվեստի հետ կապված որևէ աշխատանքից, ձայնագրման, նկարահանման կամ համերգային գործընթացներից, որպեսզի ինքնազտման միջոցով հասկանա՝ որն է լինելու իր հաջորդ քայլը արվեստի աշխարհում. «Վերջերս իմ մեջ նոր կարիք եւ ծարավ է հայտնվել ստեղծագործելու, շատ հետաքրքիր գաղափարներ են եկել: Զգում եմ, որ իմ մուսան հաշտվել է ինձ հետ, քանի որ նա էլ զգում է՝ ես նորից անկեղծ եմ մոտենում երգարվեստին: Իմ մտքում շատ հետաքրքիր երգեր են ծնվում, բայց դեռ չգիտեմ՝ ինչպիսին է լինելու այդ երգերի ճակատագիրը»,- ասաց նա:
Անդրեն հիշեցրեց, որ «The Beautified Project»-ն իր գործունեությունը սկսել է դեռ 13 տարի առաջ՝ Անգլիայում, որտեղ համերգներ են ունեցել եւ նույնիսկ ալբոմ են թողարկել: Այժմ՝ 13 տարի անց, կրկին միավորվել է խմբի նախկին դաշնակահարի եւ կիթառահարի հետ, որպեսզի միասին հանդես գան համերգներով: Նոյեմբերի 25-ին էլ առաջին համերգն են ունենալու «Antimatter»-ի հետ, որը, ինչպես «The Beautified Project»-ի հիմնադիրն է ասում, հաճելի նոստալգիա կլինի իրենց համար, ինչպես նաեւ առիթ կհանդիսանա, որ ավելի շատ եվրոպացի երկրպագուներ միանան իրենց:
Անդրե Սիմոնյանը
«Ես իրոք չգիտեմ՝ ինչ է սպասվում «The Beautified Project»-ին ապագայում եւ շատ չեմ կենտրոնանում ու մտածում այդ մասին: Ինձ թվում է՝ ժամանակն ինքն ամենաճիշտ լուծումը կառաջարկի: Կարեւորն այն է, որ խմբի բոլոր անդամների հետ՝ թե՛ նախկին, եւ թե՛ ներկա, լավ հարաբերությունների մեջ եմ, եւ մենք՝ բոլորս, խոսում ենք իրար հետ, որեւէ թշնամություն գոյություն չունի մեր մեջ: Այս պահին ինձ շատ է դուր գալիս դուետներով հանդես գալը: Ամեն անգամ, երբ նոր դուետ եմ անում որեւէ երգչի հետ, ինքս էլ ահագին նոր բան եմ սովորում, շատ լայն հորիզոններ են բացվում իմ առջեւ՝ զարգանալու եւ տարբեր ոճերում ներկայանալու առումով»,- նկատեց երգիչը:
Անդրե Սիմոնյանն ընդգծեց՝ այնքան ժամանակ, քանի դեռ ինքն ապրում է այս երկրագնդի վրա, «The Beautified Project»-ը ստեղծագործելու է եւ միշտ նոր երգեր է ունենալու.«Արդյո՞ք այդ երգերը կլքեն իմ ննջասենյակի չորս պատերը եւ կհնչեն, կձայնագրվեն, դա չեմ կարող ասել: Այնպես չէ, որ չեմ ուզում փակագծեր բացել կամ գաղտնի եմ պահում: Իրոք այս պահին չգիտեմ՝ խմբի գործունեությունն ինչպես է ընթանալու: Ինձ համար ամենակարեւոր մասը ստեղծագործականն է, որը չի կարող չլինել իմ կյանքում»,- եզրափակեց նա:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անդրե Սիմոնյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: