«Վալետա 2018 - Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ից մայիսի 1-ը կանցկացվի Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որն այս անգամ առանձնահատուկ է լինելու հայ արվեստագետների համար: 6-րդ տարին անընդմեջ անցկացվող խոշորագույն փառատոնում հայ երաժիշտներն ընդգրկված են ոչ միայն որպես համերգային ծրագրի մասնակիցներ, այլեւ որպես կազմակերպիչներ, ժյուրիի անդամներ: Փառատոնի շրջանակում կլինի նաեւ «Մալթայում հայկական օրեր» ծրագիրը. ելույթ կունենան հայ անվանի երաժիշտները, կանցկացվեն ցուցահանդեսներ եւ տարբեր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանին ու հայ մշակույթին: Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է «Խաչատրյան» տրիոյի անդամ, ջութակահար Կարեն Շահգալդյանի հետ, ով նաեւ հանդիսանում է փառատոնի կազմակերպիչներից մեկը:
Նշենք, որ «Խաչատրյան» տրիոն նախորդ տարիներին եւս մասնակցել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին, հանդես է եկել հաջող ելույթներով եւ այժմ մեծ հեղինակություն է վայելում երաժշտասերների շրջանում: Կարեն Շահգալդյանի խոսքով՝ փառատոնի շրջանակում անցկացվելու է նաեւ մեծ համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Համերգը կկայանա ապրիլի 18-ին, կհնչեն Խաչատրյանի ամենահայտնի գործերը.«Շատ ուրախ եմ, որ համերգն ընդգրկվեց փառատոնի ծրագրում, եւ որ նման հայկական շեշտադրում է լինելու այս տարի: Սիրով այնտեղ կողջունեմ բոլոր հայ երաժիշտներին եւ երաժշտասերներին. իսկապես շքեղ միջոցառումներ եւ մրցույթներ են նախատեսված»,- ընդգծեց նա:
Կարեն Շահգալդյանը
Շահգալդյանը նշեց, որ «Հայկական օրեր» ծրագրի շրջանակում հանդես է գալու ինչպես «Խաչատրյան» տրիոն, այնպես էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյան, նրա եղբայրը` դիրիժոր Տիգրան Հախնազարյանը, Կոնստանտին Օրբելյանը եւ անվանի այլ հայ երաժիշտներ: Ի դեպ, փառատոնի շրջանակում անցկացվելու է դաշնամուրային մեծ մրցույթ, որի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմը գլխավորելու է դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Մրցույթը ռեկորդային է համարվում Եվրոպայում իր խոշոր մրցանակային ֆոնդով, որը կազմում է 100 հազար եվրո:
«Շատ ներկայանալի ժյուրի է լինելու մրցույթում, եւ հուսով եմ՝ հաղթողը միանշանակ արժանի կլինի իր մրցանակին: Ընդհանուր առմամբ ժյուրին երկու կազմ է ունենալու: Առաջին եւ երկրորդ փուլերում հանդես կգա մեկ այլ ժյուրի, իսկ այդ արդյունքների հիման վրա կանցկացվի եզրափակիչ փուլը, որտեղ ներկայացված կլինի լրիվ այլ ժյուրի՝ այլ կազմով: Կարծում եմ՝ սա շատ լավ պրակտիկա է եւ շատ ավելի լուրջ մոտեցում»,- նկատեց երաժիշտը:
Նշենք, որ համերգների մեծ մասն անցկացվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որին աջակցելու է նաեւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նրանց համատեղ ելույթն էլ կկայանա ապրիլի 22-ին՝ Վալետայի Սուրբ Գեորգի հրապարակում, որտեղ կկայանա Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարման պատկերները» ստեղծագործության պրեմիերան: Նվագախմբերին կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Կարեն Շահգալդյանը
Հավելենք, որ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր կազմակերպիչը Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամն է: Բոլոր համերգների սկիզբը կլինի ժամը 20:00-ին, իսկ փառատոնի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել http://maltafest.eu/ պաշտոնական կայքէջում:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: