×


«Մանոն». Մակրոնի սիրելի օպերան՝ երեւանյան բեմում

18-րդ դար, Ֆրանսիա։ Արկածախնդիր ազնվականության կողքին ծնված անկեղծ սիրո պատմություն մենաստան ուղեւորվող դեռահաս աղջկա՝ Մանոնի եւ կոմս դե Գրիեի մասին, որոնց վիճակված չէ միասին երջանիկ կյանք ապրել։

Հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացավ ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան՝ լատվիացի դերասան եւ օպերային ռեժիսոր Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ։  Բեմադրող դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեկը(ԱՄՆ):  

«Մանոն» օպերայի երեւանյան պրեմիերային


Այս բացառիկ ներկայացումը, որի գլխավոր դերակատարներից է մեներգիչ, տենոր Լիպարիտ Ասատրյանը, առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականին` Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում, եւ արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին։

Հայաստանյան բեմում գլխավոր հերոսուհուն մարմնավորեց օպերային մեներգչուհի Մերի Մովսիսյանը։

«Երբ ընկերացա Անդրեյս Ժագարսի հետ, պարզվեց, որ Ստանիսլավսկու թատրոնում միաժամանակ ընթանում են «Մանոն» օպերան եւ բալետը։ Որպեսզի ժանրերը չխառնվեն, ռեժիսորի հետ պայմանավորվեցինք օպերան Հայաստան բերել։ Պրեմիերան նախատեսվում էր ապրիլին, սակայն այնպես ստացվեց, որ այն համընկավ Ֆրանկոֆոնիայի օրերի հետ։ «Մանոնը» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սիրելի օպերաներից է»,- ասաց թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ թիմն ահռելի աշխատանք է տարել՝ 1960-ականների Ֆրանսիան հայ հանդիսատեսին հնարավորինս գեղեցիկ եւ գունավոր ներկայացնելու համար։

«Մանոն» օպերայի երեւանյան պրեմիերային


Պարուսույց եւ ռեժիսորի օգնական Իրինա Լիչագինան ժպիտով վերհիշեց՝ բեմում հայ մեներգիչների կաշկանդվածությունը փոքր-ինչ զարմացրել էր իրենց։ Երիտասարդ սիրահարների գրկախառնության տեսարանները դժվարությամբ էին ստացվում, սակայն կատարողները շուտով դերի մեջ մտան։

«Նրանք սովոր էին դեմքով միշտ դեպի հանդիսատեսը լինել, իսկ մենք խնդրում էինք շրջվել եւ ավելի բնական խաղալ։ Մեզ շատ օգնեց երգչախումբը, որը ոչ միայն երգում, այլեւ անմիջական մասնակցություն է ցուցաբերում ներկայացմանը։ Արդյունքում շատ լավ ֆիլմ ստացանք», - նշեց մասնագետը։

Ներկայացման դեկորացիաներն ու կոստյումները, Իրինայի խոսքով, եվրոպական շեշտադրում ունեն եւ էապես տարբերվում են Հայաստանում նախկինում ցուցադրվածներից։ Լիահույս է, որ հայ հանդիսատեսը կսիրի տեղացի կատարողների յուրօրինակ խառնվածքն ու կերպարներին բնորոշ զգացմունքայնությունը։

«Մանոն» օպերայի երեւանյան պրեմիերային


Շեվալիե դե Գրիեի դերակատար Լիպարիտ Ավետիսյանը, որը 2017 թվականին «Մանոն» օպերայում մարմնավորած իր դերի համար «Ոսկե դիմակ»-ի է արժանացել, խոստովանում է՝ Հայաստանում իր ելույթն առավել պատասխանատու է։ «Մանոնը» պարզապես օպերա չէ, այն կյանք է, որում կերպարների շարժուձեւն ու ապրումներն իրական են։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին նախատեսված ներկայացմանը հրավիրված է նաեւ Ֆրանսիայի նախագահը:):

Տեքստը՝ Անի Անտոնյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW