×


«Օրրան»-ի 18-ամյակը նշանավորվել է տարեցների համերգով

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ ներկայացման փոխարեն յուրատեսակ համերգ էր՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի տարեցների «Ծիածան» երգչախմբի եւ Վանաձորի մասնաճյուղի փոքրիկ դհոլահարների մասնակցությամբ։ «Օրրան»-ի հիմնադրման 18-ամյակին նվիրված երեկոյին ներկա էին կազմակերպությանն աջակցող մարդիկ, ինչպես նշում են օրրանցիները՝ իրենց ընկերներն ու բարեկամները։

«Ծիածանը» հիմնադրվել է տարիներ առաջ՝ նպատակ ունենալով «Օրրան» այցելող տարեցների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր։ Մեծահասակները պատրաստել էին հայտնի ժողովրդական երգեր, ելույթից հետո ոգեւոված էին հանդիսականների դրական խոսքերից։ Նրանց միացան նաեւ փոքրիկները՝ կատարելով «Հայաստան, իմ չքնաղ», «Մամա», «Երեւանի սիրուն աղջիկ» եւ այլ երգեր։

Օրրանի «Ծիածան» երգչախումբը


«Օրրան»-ի մեծերն ու փոքրերը հաճախ են միասին ելույթ ունենում կարեւոր միջոցառումներին եւ իրենց հյուրընկալվող մարդկանց համար։ Կենտրոնի մասնաշենքի առաջին հարկում դրված դաշնամուրի շուրջ երգելու սովորույթը նրանց դրդեց ստեղծելու տարեցների երգչախումբ, որն ի սկզբանե կոչվում էր «Ոսկե աշուն», այնուհետեւ՝ «Ծիածան»: Այս համերգն էլ յուրովի հաշվետվություն էր, որը նախաձեռնել ու կազմակերպել էին Արմինե Հովհաննիսյանն ու աշխատակիցները։

Սուսաննա Մանուկյանը եւ Անահիտ Բախշյանը


Հավելենք, որ «Օրրան» բարեգործական ՀԿ-ն սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ է մատուցում շուրջ 250 կարիքավոր երեխայի եւ 100 տարեցի։ Շաբաթական 5 օր առավոտյան նրանք այցելում են «Օրրան»-ի վանաձորյան եւ երեւանյան կենտրոններ, որտեղ սնվում են եւ օգտվում տարատեսակ ծառայություններից: Բացի այդ, տարեց շահառուները հետաքրքիր ժամանակ են անցկացնում՝ շփվելով միմյանց հետ, երգելով ու մասնակցելով տարբեր միջոցառումների: Երգչախմբի ստեղծագործական ղեկավարն է Սիլվա Կարապետյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին