×


Բա իմացա՞ր

Բա իմացա՞ր

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Ի՞նչ են խոսում. Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի սպասված հարսանիքը հունիսին է: Anahit Simonyan & Hayko Իրականում. հունիսի 11-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի կունենա աստղային զույգի սպասված պսակադրությունը: Այս պահին նրանք նախապատրաստական թեժ աշխատանքների մեջ են: Հարսանեկան հագուստի հեղինակը Արեւիկ Սիմոնյանն է, իսկ վարսահարդարումը կանի Անի Ավդալյանը, դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանը: Անահիտն ասում է, որ հարսանեկան արարողությանը կմասնակցի նաեւ Սոսո Պավլիաշվիլին, սակայն հնարավոր է, որ մասնակցեն նաեւ ռուսական շոու-բիզնեսի այլ աստղեր եւս: Հայկական էստրադայից կմասնակցեն զույգի մտերիմները` Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, «Ռեինկարնացիան» եւ այլք: Հունիսի 6-ին Երեւան կժամանի նաեւ Անահիտ Սիմոնյանի հայրը եւ մինչեւ ամսվա վերջը կլինի Հայաստանում: «Սրահը զարդարված կլինի բնական ծաղիկներով, համապատասխան տրամադրությունը կիշխի ամենուր»,- վստահեցրեց Անահիտը: Հարսանեկան արարողությունից հետո զույգը մտադիր է երկու շաբաթով ամուսնական ճամփորդության մեկնել Մալդիվյան կղզիներ: Ի՞նչ են խոսում. Անգելինա Բաբաջանյանը կրկին բալիկ է ունենալու: Angelina Babajanyan Իրականում. «Միսս Հայաստան 97» Անգելինա Բաբաջանյանն իսկապես պատրաստվում է երրորդ բալիկին ունենալ: Նա երկու դուստր ունի` Նատալին եւ Վիկտորյան: Փոքրիկ աղջնակների պաշտպան եղբայրը լույս աշխարհ կգա հոկտեմբերին Մարգարյան հիվանդանոցում` Լեւոն Ակոպովիչի մոտ: Հղիությունն արդեն հինգ ամսական է: Մանեքենուհին խոստովանում է, որ երկու աղջնակ ունենալուց հետո ընտանիքում նախապատվությունը տալիս են հենց տղա երեխային, եւ որ իրեն շատ լավ է զգում: Դեռ չեն ընտրել փոքրիկի անունն ու նախօրոք ոչինչ չեն գնել նրա համար: «Քանի որ ստանում եմ բազմազավակ մայրիկի տիտղոս, սա ինձ համար ամենից թանկ ու կաեւոր կոչումն է կյանքում»,- խոստովանում է գեղեցկուհին եւ նշում, որ անչափ շատ է սիրում իր ընտանիքն ու փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի ու փոքրիկների հետ: Հիշեցնենք, որ երիտասարդ մայրիկն արդեն ամունսացած է հինգ տարի բիզնեսմեն Կարեն Մարտիրոսյանի հետ: Նա առայժմ տնային տնտեսուհու եւ գլամուրային երեկույթների հյուրի կարգավիճակում է: Ի՞նչ են խոսում. «Հայ թիմի» ռեփեր Համոն պատրաստվում է լքել խմբի շարքերը: Hamo & Lili Elbakyan Իրականում. շտապենք տեղեկացնել ռեփի ու «Հայ թիմի» երկրպագուներին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Նման բան չկա, լուրերի տարածման պատճառը գուցե այն է, որ նոր գործեր չեմ անում, սակայն նշեմ, որ մի քանի այլ նախագծերով եմ զբաղված»,- մեզ հետ զրույցում ասաց Համոն: Նա նշեց, որ նման բան չի կարող լինել, քանի որ Միշոյի, Սերժոյի ու Սաշի հետ հարաբերությունները ոչ թե գործնական ու պաշտոնական են, այլ նրանք նաեւ մանկության ընկերներ են, եւ խմբից հեռանալ ուղղակի հնարավոր չէ: Համոն ասաց նաեւ, որ նշանադրությունից հետո այս պահին խիստ զբաղված է իր պսակադրության կազմակերպչական հարցերով, ինչը մեծ ժամանակ է խլում: Համոն այս շրջանում տղաների աշխատանքից առանձնացրեց նաեւ Միշոյի ձայնասկավառակի լույսընծայումը եւ շեշտեց, որ հարսանեկան արարողությունից հետո հանդես կգան նոր, հետաքրքիր երգերով: Բացի այդ, այս պահին օգնում է Լիլի Էլբակյանին (Լիլին Համոյի ապագա կինն է), ով բեմադրում է «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը: Ռեփերը բեմադրության համար գրել է ռեփի մի կտոր` Մերկուցիոյի հատվածը, ինչը կլինի նոր ասելիք եւ նոր մոտեցում թատերարվեստում: Ի՞նչ են խոսում. «4 տարբերակ» խմբի անդամ Քնարիկի պսակադրությունը նախատեսված է հունիսին: Qnarik Իրականում. հունիսի 18-ին Նոր Նորքի զանգվածի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Քնարիկի եւ իր ընտրյալի` 38-ամյա Կարենի պսակադրությունը: Հարսին դուրս կբերեն Մհեր Մկրտչյան թատրոնից. «Ես երազում էի, որ Շառլ Ազնավուրի «She» երգի ներքո` գեղեցիկ աստիճաններով իջնեմ ներքեւ, իսկ այնտեղ ընտրյալս սպասի ինձ: Մեր թատրոնում նման գեղեցիկ աստիճաններ կան, եւ ընտրայլս համաձայն է, որ ինձ դուրս բերեն հենց թատրոնից: Երբ խոսեցի նրա հետ, համաձայնեց այս մտքին, եւ մեկ անգամ եւս համոզվեցի, որ իսկապես իմ կեսի հետ եմ ամուսնանում: Հնարավոր է, որ ինձ այդ ժամանակ ուղեկցի Ալբերտ Մկրտչյանը»,- մեզ հետ զրույցում պատմեց Քնարիկը` Ալբերտ Մկրտչյանի մասնակցությունն այս պարագայում բացատրելով նրանով, որ թատրոնն իր տունն է, իսկ եթե դա լիներ եկեղեցում, բնականաբար, հայրը կուղեկցեր: Նա հավելեց, որ հարսանեկան հագուստն ԱՄՆ-ից կուղարկի մորաքույրը, չնայած տեղեկացել է, որ զգեստի գույնը «կոտրած» սպիտակ է, ինչը տխրեցրել է իրեն: «Ես նախընտրում եմ ճեփ-ճերմակ զգեստը եւ գուցե այլ զգեստ ընտրեմ»,- փոքր-ինչ նեղված նկատեց Քնարիկը: Նրա վարսահարդարումը կվստահվի Անի Ավդալյանին, դիմահարդարումը` Ագա Քանքանյանին: Տարոսիկները եւս կբերվեն ԱՄՆ-ից, իսկ հարսանեկան արարողությանը կմասնակցեն նաեւ շատ հայտնի դեմքեր եւ բարեկամներ: Ի՞նչ են խոսում. Սյոմա Կոդաբաշյանը վիճել է Արտավազդ Ամիրյանի հետ եւ դուրս է եկել «Սլայդ Արտ»-ից: Syoma & Mari Իրականում. վերջին ամիսներին համառորեն պտտվող այս լուրը Արտավազդ Ամիրյանը հերքում է եւ նշում, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ««Սլայդ Արտ»-ը շարունակում է իր աշխատանքները, կազմակերպում ենք տարբեր համերգներ, կորպորատիվ երեկոներ, իսկ Սյոման այս պահին նկարահանում է «Արեւիկ» խմբի «Մայրիկ» երգի տեսահոլովակը: Այդ պատճառով նա շատ զբաղված է»,- պարզաբանեց Արտավազդը: Երկար փնտրտուքը` խոսել Սյոմայի հետ ու ստանալ մի քանի այլ հարցերի պատասխաններ չէր ստացվում. հեռախոսը միանշանակ չէր պատասխանում: Փոխարենը Սյոմային «բռնացրինք» դրսում. նա էլ ասաց, որ երկար ժամանակ պարզապես քաղաքում չի եղել, եւ որ այս լուրը իրականությանը չի համապատասխանում: Այլ մանրամասների համար Սյոման ժամանակ չուներ: Աստղերը, որոնք մեծապես իրենց PR-ի ու ճանաչվածության համար պարտական են ԶԼՄ-ներին, հաճախ մոռանում են այս մասին: Artavazd Amiryan Ի՞նչ են խոսում. Լանա Խաչատրյանի սիրտն այլեւս ազատ չէ, բացի դա, նա վաճառել է իր ամսագրերը: Իրականում. երգչուհու երկրպագուներին տեղեկացնենք, որ նրա անձնական կյանքում դեռ ոչ ոք չկա եւ արքայազնին թաքցնելու խնդիր էլ չունի: «Ես ինձ լավ չեմ զգում, երբ ծաղիկներ, նվերներ են ուղարկում, սակայն մերժվում են: Չգիտեմ, թե վերջին շրջանում ինչո՞ւ են անընդհատ իմ անձնականից հարցնում, անգամ շատերն ընկերներիս մոտ պնդել են, թե նշանվել եմ, բայց իրենք տեղյակ չեն, ես էլ հակադարձում եմ` եթե գիտեք` ով է ընկերս կամ ընտրյալս, ասեք, ես էլ իմանամ»,- պարզաբանում է երիտասարդ երգչուհին եւ հավելում, որ կյանքի ուղեկից ունենալու դեպքում այն գաղտնի չի պահի: Lana Khachatryan Ինչ վերաբերում է ամսագրերը վաճառելուն, նշենք, որ երգչուհին ուղղակի հանդեսների հրատարակման հետ կապված սկզբնական ակտիվ աշխատանքից հետո սկսել է նաեւ երգարվեստում նոր գործերով զբաղվել` նոր երգեր ձայնագրել, ինչը գուցե հենց այդ լուրերի տարածման պատճառ է դարձել: Նա ասում է, որ «Հարս» հանդեսն այսուհետեւ ունի նոր տնօրեն, ով կհամակարգի աշխատանքները, ինչը թույլ կտա Լանային երգարվեստում նոր անակնկալներ մատուցել: Ի՞նչ են խոսում. Սոֆի Մխեյանը զբաղվում է բարեգործությամբ: Sofi Mkheyan Իրականում. երգչուհին, պատասխանելով հարցին, նշում է. «Եթե լինում են առիթներ, անում եմ դա առանց բարձրաձայնելու, որովհետեւ Հայաստանում շատ-շատ խնդիրներ կան, որոնց հնարավորությանս սահմաններում աջակցում եմ: Բարեգործական ակցիաներ շատ-շատ եմ անում, ուղղակի դրանց մասին չեմ խոսում. այցելում եմ ոսկրածուծի խնդիրներ ունեցող երեխաներին, փորձում ինչ-որ բանով օգտակար լինել»: Այն հարցին` արդյոք ոսկրածուծի դոնոր եղե՞լ է, պատասխանանեց. «Այո, նաեւ ուզում եմ ինչ-որ կերպ օգտակար լինել, բայց դրա մասին չբարձրաձայնել: Դրանով չէ, որ վարկանիշս պետք է բարձրացնեմ: Ինձ սիրում ու հարգում են իմ աշխատանքով, իմ երգերով: Եթե իմանան, որ ինչ-որ լավ բան եմ անում կամ ուղղակի այն մարդու կողքին եմ, ով դրա կարիքն ունի, ու դրա համար էլ ինձ կսիրեն, շատ ուրախ կլինեմ: Եթե անեմ ու բարձրաձայնեմ, դրանով շատ ավելի հեշտ կարող եմ սիրված լինել, բայց ես հեշտի հետեւից ընկնող չեմ: Դժվարությամբ ձեռք բերված հաղթանակն ավելի է ուժ տալիս եւ ոգեւորում»: Նյութը` “Ե՞ս Yes” ամսագրի Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին