“Չէի համակերպվում առանց Իգիթյանի ցուցահանդես անելուն” Կայացավ գեղանկարչի երեւանյան ցուցահանդեսը Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանի Արամե պատկերասրահում մայիսի 14-ին Գագիկ Ղազանչյանի ստեղծագործություններն էին ուշադրության կենտրոնում: Երեւանում գեղանկարչի առաջին անհատական ցուցահանդեսին էին եկել բազմաթիվ արվեստի գործիչներ, արվեստասերներ: Ռոյալի մոտ ջազմեն Լեւոն Մալխասյանն էլ: Երեւանցի Գագիկ Ղազանչյանը հիսուն տարեկան է. “Հերս էլ է երեւանցի եղել, միշտ այստեղ ենք ապրել, այստեղ էլ կապրենք”: Գեղանկարչի ցուցահանդեսը անխորագիր է, ներկայացված են հիմնականում վերջին շրջանում ստեղծված աշխատանքներ եւ 90-ական թվականից հետո արված գործեր: “Շատ պատասխանատու էր, մի կերպ կարողացա համակերպվել այն մտքի հետ, որ մեծ ցուցահանդես է պետք անել, փառք Աստծո, ստացվեց: Իհարկե, նկարչի խոսելն այս պահին անշնորհակալ գործ է: Ցավոք, մի տարի է` թանգարանի հիմնադիր եւ տնօրեն Հենրիկ Իգիթյանը մեզանից հեռացել է: Իրար հետ պետք է անեինք այս ցուցահանդեսը, ոչ մի կերպ չէի համակերպվում առանց նրա ցուցահանդեսը բացելու գաղափարին: Բայց պետք է հաշտվել դրա հետ, Ժամանակակից արվեստի թանգարանն էլ նորից շնչի, ստեղծագործական մղումներով լի կենդանի օրգանիզմ լինի”,- Bravo.am-ին ասաց Գագիկ Ղազանչյանը: Գեղանկարիչը Միացյալ Նահանգներում է անհատական ցուցահանդես ունեցել, Շվեյցարիայում, բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Երեւանում եւ հանրապետությունից դուրս: “Սա համապարփակ ցուցահանդեսն է այն գործերով, որ կուզեի հանել ցուցադրության: Կարող էի հիմա էլ չանել, էլի ուշացած չէր լինի, որովհետեւ էս նկարները մի օրվա կամ մի տարվա համար չի արվում, նկարներն իրենց առանձին կյանքն ունեն”,- նշեց նա: Գագիկ Ղազանչյանը 1993 թվականին ստեղծած “Սովորական պատմություն” խորագրով նկար ունի, Երեւանում իր առաջին անհատական ցուցահանդեսն էլ, կարծում է, էսօր գուցե յուրահատուկ է, բայց վաղը կդառնա սովորական պատմություն, ինչպես բոլոր ցուցահանդեսները: Գեղանկարիչն ոճն էական չի համարում. “Նկարում եմ, գուցե տարբեր բաներ են ստացվում, նայած` ստեղծագործական ինչ պահի արդյունք է: Ոճի մասին չեմ մտածում: Ոճը կարեւոր չէ, պայմանական, տասներորդական բան է, կարեւորը գործը ստացվել է, թե` ոչ: Այն կարող է լինել պրիմիտիվիստական եւ հանճարեղ կամ շատ բարձր պրոֆեսիոնալիզմով արված տափակ գործ, որ մենակ վարպետություն ունի, բայց մեջը ոչ մի հոգեկան լիցք չկա”: Ցուցահանդեսին ներկայացված էին 1993 թվականի “Սովորական պատմություն”, “Աչքը, որ տեսավ” գեղանկարները, 2006-ի` “Չմտնել”, 2007-ի` “Հրաշալի քաղաք, կեսօր”, 2010-ի` “Միջադեպ խաչմերուկում”, “Տեսիլք” եւ այլ աշխատանքներ: Նարեկ Ավետիսյանը ցանկանում է, որ արվեստով շնչեն մարդիկ: “Այս ծանր տարիներից հետո ցանկանում եմ` մեր ժողովուրդը այնքան շատ գա ցուցահանդեսներ եւ այնքան հետաքրքրվի, որ այս ամենը, լավ իմաստով, դառնա սովորական եւ բնական բան, կյանքի անբաժան մասը եւ ոչ թե հարցեր առաջացնի կամ խնդիրներ ստեղծի: Արվեստը օդի, թթվածնի նման շնչի”,- ասաց նկարիչ Նարեկ Ավետիսյանը: Գագիկ Ղազանչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 30-ը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: