×


Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան

«Եթե գործին նվիրվում ես ոչ թե 100 այլ 200%-ով, ուրեմն հաստատ ինչ-որ բան կստացվի» Անձնական գործ 18/22. Ծննդյան տարեթիվը` 1989 թվականի հունվարի 21 Ծննդավայրը` Երեւան Տվյալ պահին բնակվում է Դոնեցկում, Ուկրաինա Կենդանակերպի նշանը` Ջրհոս Քաշը` արձակուրդից առաջ 72,5կգ, արձակուրդից հետո` 75կգ :) Հասակը` 178սմ Կոշիկի համարը` 43, արտադրողի փոփոխությունից համարը փոխվում է :) Սիրելի կատարողները` Ne-Yo, Ռիհանա, Քրիս Բրաուն, Մադոնա Համարը` Հայաստանի հավաքականում` 18, Դոնեցկի «Մետալուրգ»-ում` 22 Ֆուտբոլային դիրքը` հարձակվողական ոճի կիսապաշտպան Մրցանակներ` Հայաստանի չեմպիոն, ՀՀ Անկախության գավաթակիր, ՀՀ Սուպերգավաթակիր, Հայաստանի 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ, Դոնեցկի «Մետալուրգ»-ի 2009-10 թթ. լավագույն խաղացող Գոլեր`  35` «Փյունիկ»-ի կազմում 9` Դոնեցկի «Մետալուրգ»-ում 1` Գավաթի խաղարկությունում 4` Եվրոգավաթի խաղարկությունում Թիմեր` “Փյունիկ”, Դոնեցկի “Մետալուրգ” Ընտանեկան կարգավիճակը` ամուսնացած չէ: Henrikh Mkhitaryan - Համարյա մեկ տարի բացակայել ես հայրենիքից, հունիսի 19-ի առավոտյան նորից մեկնում ես Ուկրաինա: Ինչպե՞ս ես տանում հաճախակի բաժանումները մտերիմների, հարազատների, ընկերների հետ: - 2009 թվականի հունվարի 22-ից Հայաստանում չեմ եղել: Հարազատներիս, ընկերներիս հետ այսքան ժամանակ չենք տեսնվել, բայց շատ ենք շփվել ինտերնետով, հեռախոսով: Բոլորի համար էլ դժվար ա տանել բաժանումը, բայց քանի որ մեր գործն ա այդպիսին, մի քիչ ավելի հեշտ ա, որովհետեւ գիտենք` ինչի համար ենք գնում եւ գիտենք` ուր ենք գնում: Կարոտը միշտ էլ կա, լինի մեկ կամ երկու օր: Կարոտը ամեն օր կա :): - Դու հայտնի ու սիրված ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին ես, ում խաղը շատերն են հիշում: Լինու՞մ են համեմատություններ, ու դժվա՞ր է արդյոք լինել Համլետ Մխիթարյանի հետնորդը: - Համեմատություններ լինում են էն մարդկանց կողմից, ովքեր դիտել են իրա խաղը: Որոշ մարդիկ կան, որ ասում են` ինքը ավելի ուժեղ խաղացող ա, մյուսները ասում են` ես եմ ավելի ուժեղ: Բայց կարող եմ ասել, որ մեր խաղաոճերը տարբեր են, ու դրա համար համեմատելը մի քիչ ավելի դժվար ա: Կարող ա լինեն նմանություններ: Հայրիկիս անունը պիտի բարձր պահեմ ու իմ անունն էլ: Բայց առաջին հերթին պետք ա հայկական ֆուտբոլի անունը բարձր պահեմ: Մեծ դեր ա խաղում իմ երկրի անունը բարձ պահելը արտերկրում: - Իսկ ե՞րբ հասկացար, որ ֆուտբոլը քո կոչումն է, ու հենց ֆուտբոլով պետք է զբաղվես: - Ֆուտբոլ սիրել եմ ու կսիրեմ: Չեմ կարծում, որ երբեւէ ինչ-որ ատելություն կունենամ ֆուտբոլի հանդեպ, որովհետեւ իմ գործն ա, իմ կյանքի մի մասն ա, որին արդեն երեւի թե 14 տարի տվել եմ իմ կյանքից, ու կուզենամ ֆուտբոլային խաղային կարիերայիցս հետո այդ բոլոր տարիների ընթացքում գործադրած ջանքերս հետ գան` մարդկանց հարգանքի տեսքով: Դե գումարայինը չեմ ասում, որովհետեւ դա քո աշխատանքն ա :) Պապայի գործը շարունակելով` զգացի, որ էդ իմն ա: Զգացի, որ սիրում եմ էդ սպորտաձեւը, հաճելի ա ներկա գտնվել մարզումներին, խաղերին, ու տարվեցի ֆուտբոլով: - Բացի ֆուտբոլից ինչ-որ սպորտաձեւով զբաղվու՞մ ես, դե սիրողական կարգով, իհարկե :) - Երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, մեր մարզաբազայում` Ուկրաինայում, կամ բիլիարդով, կամ մեծ թենիսով եմ զբաղվում: - Խոսեցիր ֆուտբոլային խաղային կարիերայիդ ավարտի մասին: Ինչպե՞ս ես պատկերացնում քեզ այդ ժամանակ` էլի ֆուտբոլու՞մ: - Գիտես, երբեք չեմ մտածել, օրինակ, մարզչի կարիերա սկսելու մասին, որովհետեւ ես ինձ չեմ պատկերացնում այդ դերում, բայց ֆուտբոլային ասպարեզում եմ ինձ տեսնում: - Կա՞ մի ավանդույթ, որ անպայման իրականացնում ես դաշտ դուրս գալուց առաջ: - Հագնվում եմ:)... Հիմնականում տրամադրում եմ ինձ, որ լավ խաղամ, ու հենց էդ տրամադրվածությամբ դաշտ եմ դուրս գալիս: Բայց ոչ մի սնահավատություն չկա: - Ամեն ֆուտբոլիստ գոլ խփելուց հետո յուրովի է արտահայտում իր ուրախությունը: Մեկը հանում է մարզաշապիկը, մյուսը` մատանին համբուրում: Ի՞նչ ես անում դու: - Գոլից հետո առանձնապես շատ չեմ սիրում նշել, որովհետեւ կարող ա գոլը խփեմ, բայց պարտվեմ: Ասենք` 1:0 հաղթելուց լինես, հետո 2 հատ գոլ ընդունես քո սեփական դարպասը ու պարտվես: Ու խաղից հետո արդեն էն տրամադրությունը չունենաս: Ավելի լավ ա գոլը խփես, խաղից հետո, եթե հաղթանակած լինես, արդեն կարող ես մարզաշապիկդ հանել, ինչ ուզում ես անել :) - Իսկ խաղից հետո, բացի մարզաշապիկը հանելուց :), պարտության դեպքում ինչպե՞ս ես լիցքաթափվում: - Նայած ինչպիսի խաղից հետո: Երբ պարտվում եմ, չեմ լիցքաթափվում` «գժվում եմ»:): - Ու ինչպե՞ս է արտահայտվում «գժվելը» :) - Շատ անտրամադիր եմ լինում: Եթե տրամադրություն չեմ ունենում, մտերիմներս զգում են, իրանք էլ են նեղվում: Իմ անտրամադրությունը իրանց ա անցնում: Բայց պարտության մեջ մեղավորներ չեմ փնտրում, միայն ինձ եմ մեղադրում, իմ մեջ եմ սխալներ փնտրում ու ուղղում, չնայած լինում են դեպքեր, երբ հակառակորդի կամ թիմակցի սխալների վրա եմ սովորում: Henrikh Mkhitaryan - Ի՞նչն է քեզ առավել հաճույք պատճառում` հենց ինքը խա՞ղը, գոլային փոխանցումնե՞րը, թե՞ խփած գոլը: - Նայած ոնց ա ընթանում տվյալ խաղը: Եթե արդեն գոլի հեղինակ եմ դարձել, ավելի լավ կլինի մի հատ էլ գոլային փոխանցում տամ, որովհետեւ իմ դիրքը նենց ա, որ կամ պետք ա գոլ խփեմ, կամ գոլային փոխանցում կատարեմ: Լավ կլինի, եթե երկու եռնեկ մի տեղ լինի :): - Շատ երկրպագուհիներ ունես, եւ ոչ միայն Հայաստանում, եղե՞լ է նրանց կողմից որեւէ անսովոր արարք, որ շատ է հիշվել: - Ունե՞մ բայց, ես տեղյակ չեմ … Իսկապես, տեղյակ չեմ:) (առեղծվածային ժպիտով համեստորեն պատասխանեց Հենրիխը, բայց հուսով եմ` ինձ հաջողվեց վստահեցնել նրան, որ իր երկրպագուհիների բանակը այստեղ իսկապես մեծ է :) ): Չեմ կարծում, որ հայ երկրպագուհին կարող ա էդպիսի մի խելահեղ բան անել: Օրինակ, Ուզբեկստանի խաղից հետո ոչ թե երկրպագուհի, այլ պարզապես մի ֆուտբոլասեր խնդրեց ստորագրել շապիկին: Henrikh Mkhitaryan - Իսկ արդեն կա՞ այն միակը, ով ... - Չէ, չէ :): - Բայց երբ հայտնվի, անպայման պետք է նույն թիմին երկրպագե՞ք: - Ավելի հետաքրքիր կլինի, եթե նա ուրիշ թիմի երկրպագի, որ կարողանանք իրար հետ մի քիչ կռվենք :): - Ոչ վաղ անցյալում հայ ֆուտբոլը եւ ֆուտբոլիստները ունեին մեծ համբավ եւ կարողանում էին մրցակցել աշխարհի լավագույն ակումբների հետ: Ի՞նչ է հարկավոր մեզ վերելքի համար: - Դե մի նվաճում ենք ունեցել` “Արարատ 73”-ը: Հիմա ֆուտբոլի պատկերը այլ ա: Ֆուտբոլը գնալով ավելի ու ավելի զարգանում ա, մենք էլ ենք զարգանում, բայց մի քիչ ուշացումով: Բայց հավատում եմ, որ ամեն ինչ լավ ա լինելու կամ էս տարվանից, կամ մյուս տարվանից սկսած, որովհետեւ ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր ի զորու են ու կարող են համալրել որեւէ լավ արտասահմանյան թիմ: Ուղղակի մի փոքր խնդիր ա առաջանում ստեղ, որ հայ ֆուտբոլիստներին արտասահմանում լավ չեն ճանաչում, խաղերը քիչ են դիտում ու կարծես աչքերը փակում են հայ ֆուտբոլիստների վրա: Երեւի արտասահմանյան թիմերի ղեկավարները դեմ են, որ հայ ֆուտբոլիստներ համալրեն իրենց շարքերը` մտածելով, որ նրանք չեն համապատասխանում իրանց թիմին: Ժամանակին ունեցել ենք ֆուտբոլիստներ, ովքեր արտասահմանում են խաղացել ու լուրջ արդյունքների են հասել: Henrikh Mkhitaryan - Մոտավորապես ե՞րբ սպասենք Հայաստանի հավաքականի մասնակցությանը աշխարհի առաջնություններին: - Եթե ֆուտբոլիստները գնան արտասահման, ուժեղանան ու վերադառնան, արդեն ազգային հավաքականն էլ ուժեղ կլինի: Եթե թիմը թույլ ա ու ուժեղ մարզիչ նշանակվի, նա 100%-ից միայն 5% կկարողանա փոխի, իսկ եթե թիմը ուժեղ ա, մարզիչը կկարողանա 100%-ից 80%-ի վրա վստահ լինի: Երկուսն էլ կարեւոր են` եւ մարզիչը, եւ ֆուտբոլիստը: Մարզիչը համ կարա փչացնի, համ կարա կառուցի խաղը, համ կարա խաղը տանուլ տա` հաղթանակի դեպքում, համ կարա պարտվելուց խաղի մեջ բեկում մտցնի ու հաղթանակի հասնի: Ամեն մի ֆուտբոլիստից ա կախված իրա` դաշտում լրիվ որակները ցուցադրելը, եթե ֆուտբոլիստը մտնում ա դաշտ ու անում ա ամենը, ինչ իրանից կախված էր, 100%-ից իրականացնում ա 90-95%-ը, խաղը կարելի ա համարել հաջողված: Բայց եթե թիմը մտնում ա խաղադաշտ, ու ֆուտբոլիստները 100%-ից իրենց դրսեւորում են ընդամենը 50%-ով, այդ դեպքում հաղթանակի կարելի ա հասնել միայն բախտի շնորհիվ: Ես իսկապես հավատում եմ, ուղղակի չեմ ասում, հայ ֆուտբոլիստների մոտ ապագա եմ տեսնում: Որոշ ֆուտբոլիստներ կունենան մեծ աճ ու հետագայում, չեմ ասում միանգամից, կկարողանան հանդես գալ աշխարհի թոփ-ակումբներում, բայց աստիճանաբար կմոտենան էդ կարգի թիմերին: Ես հույս ունեմ ու համբերություն: Եթե մինչեւ հիմա համբերել եմ, հաստատ տենց ա լինելու: Henrikh Mkhitaryan - Համբերե՞լ ես: Այսինքն` մտադրություն է եղել լքե՞լ ֆուտբոլը: - Ժամանակին եղել ա, որ մտածել եմ` «եթե էս տարի էլ դուրս չգնամ, ուրեմն ավելի լավ ա ես թարգեմ ֆուտբոլը ու գնամ ուրիշ ուղղությամբ»: Հետո խորը մտածելով` զգացել եմ, որ սխալ եմ եղել, որովհետեւ, եթե գործին նվիրվում ես ոչ թե 100 այլ 200%-ով, ուրեմն հաստատ ինչ-որ մի բան կստացվի: Եթե սիրելով ես անում քո գործը, ուրեմն սիրելով էլ քեզ էդ գործը ինչ-որ նվեր կտա: Զգալով այդքանը` կարողացա ճիշտ ճանապարհի վրա մնալ: - Խոսեցիր թոփ ակումբներից. ո՞րն է քո երազանքի ակումբը: - «Արսենալը»: Բայց անպայման չի, որ օրերից մի օր խաղամ այնտեղ, թող լինի ուրիշ ակումբ, բայց կարողանամ խաղալ ու հասնել էն մակարդակի, որ արդեն առաջատար թիմերի ղեկավարների աչքը ծակեմ:  Աշխատում եմ, որ Դոնեցկի «Մետալուրգ»-ից հետո ավելի բարձրակարգ թիմ գնամ, հետո ավելի, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր ա, որ կարողանամ խաղային փորձ ունենալ ցանկացած թիմում ու ինձ դրսեւորել լավագույն կողմերով: - Իսկ եթե ինքդ հավաքեիր քո թիմը, ովքե՞ր կլինեին 11 խաղացողները: - Լավ հարց էր, բայց երբեք չեմ մտածել դրա շուրջ :): Լիոնել Մեսսի, Քրիշտիանու Ռոնալդու, Կակա ... մի խոսքով, լավագույն ֆուտբոլիստները: Henrikh Mkhitaryan - Լսել եմ, որ Ֆրանսիայի, Իսպանիայի ակումբներից հրավեր ես ստացել, ճի՞շտ է: - Ճիշտ ա, բայց վաղուց ա եղել: Ես չուզեցի, նախընտրեցի “Մետալուրգը”, որովհետեւ ավելի շատ խաղային պրակտիկա կունենայի, կարծում եմ, այնտեղ մի քիչ ավելի դժվար կլիներ հաստատվելը: Ուկրաինական ֆուտբոլի դպրոցը շատ մեծ դաս է ինձ համար: - Ինչպե՞ս ես քեզ զգում Ուկրաինայում, հարմարվե՞լ ես արդեն: - Հարմարվել եմ, ամեն ինչ լավ ա: Ճիշտն ասած, ամենից դժվարը սկզբի 5 ամիսներն էին, որովհետեւ դեռ նոր ես ծանոթանում միջավայրին, մարզիչին, ֆուտբոլիստների կարողություններին: Մի քիչ դժվար էր, բայց 5 ամիս հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Արդեն ինձ լրիվ ազատ եմ զգում: - Իսկ ուկրաինական խոհանոցը ինչպիսի՞ն է, հատուկ սննդակարգ կա՞: - Ես քաղցրակեր եմ, իսկ էնտեղ մի քիչ սահմանափակ ա, մարզիչը թույլ չի տալիս քաղցրավենիք` շոկոլադ, պաղպաղակ ուտենք: Բայց լինում են դեպքեր, երբ թաքուն դուրս գալով մարզաբազայից, հաճախելով սրճարաններ, ռեստորաններ` պարտադիր առիթը ձեռքից բաց չենք թողնում :): Հիմնականում սնվում ենք ծովային ուտեստներով, մսեղենով, գրեչկա, փլավ, մակարոն: -  Կարեւորը` սոված չեք մնում :): Իսկ ուկրաիներեն արդեն սովորե՞լ ես: - Ուկրաիներեն մի քանի բառ գիտեմ, ուղղակի հիմնականում բոլորն էլ ռուսերեն են խոսում էնտեղ, եւ ուկրաիներեն սովորելու կարիք չկա: - Աշխարհի առաջնության խաղերի վերաբերյալ ի՞նչ կասես: - Իհարկե, հետեւում եմ: Ճիշտն ասած, այդպես էլ կանխագուշակել էի, որ անակնկալներով լի առաջնություն կլինի, ու հենց այդպես էլ եղավ, օրինակ, Իսպանիայի խաղը: Բայց հաղթանակի հույս դեռ կա, հույսը վերջում է մահանում :), չնայած հիմա ֆուտբոլը էնպիսին ա, որ չես կարողանում գուշակություններ անել: Սակայն լինում են դեպքեր, երբ հաղթում են ոչ թե ֆուտբոլիստները, այլ նրանց վարպետությունը: Խաղերը որոշ չափով էմոցիոնալ եմ դիտում. կախված է, թե ով է խաղում: Ինքս երկրպագում եմ Իսպանիային, Անգլիային ու Արգետինային, ի դեպ, քիչ առաջ Արգենտինան 2:1 հաղթում էր :): P.S. Bravo.am-ը շտապում է տեղեկացնել, որ սույն հարցազրույցի ընթացքում ոչ մի գոլ չի արձանագրվել, փոխարենը Արգենտինա - Հարավային Կորեա խաղն ավարտվել է 4:1 հաշվով :): Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Հենրիխ Մխիթարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW