×


Միշո

Միշո

“Ռեփում չկա թեմա ու օրենք, կա միայն ազատություն...” Լինումա չի լինում` Մասիվ ա լինում Որտեղ բժշկի ընտանիք ա ապրում Մի օր այնտեղ տղայա ծնվում Ում անունն էլ Միքայել են դնում... Միքայելը մի օր Միշոյա դառնում Հարգված ու սիրված հարազատ քուչայում Ամենաշատը Միշոն հենց ռեփ ա լսում Հայերեն ակտուալ տեքստեր ա գրում: Ու մի օր էլ Միշոն քուչից ստեղ ա հասնում Ու հլը ճամփեն իր շարունակում: Բժիշկ, երաժիշտ ու ռեփեր ա դառնում 3 ալբոմ  ա Միշոն թողարկում Ու հենց էս Միշոն էլ «Հայ Թիմա»-ա ստեղծում Իսկ հիմա կարդացեք` Միշոն ա խոսում... :) Misho - Ի ՞նչ ես պատասխանում, երբ քեզ հարցնում են` «Ի՞նչ կա, չկա»: - Դա պարտավորված հարց ա, որ պետք ա լինի: Եթե ամեն անգամ մարդիկ հարցնեին էն, ինչ շատ կարեւոր ա, կհոգնացներ: Հայերիս մոտ սա բարեւի մի ձեւա: Միտքը միացնելու կարիք չի լինում, ավտոմատ պատասխանում ես` «հեչ` քո մոտ»: Իսկ հետո նոր պատասխանում եմ` իրականում ինչ կա: - Չկա մի ռեփեր, ում կենսագրությունը կարդալիս չհանդիպենք թմրադեղերի, բռնության, կալանքի, դաժանության... Ո՞ր իրադարձությունը քո կյանքում հանգեցրեց քեզ ռեփ երաժշտությանը: - Նմանատիպ իրադարձությունները, որ լինում են ուրիշ ռեփերների մոտ, չեն դրդում նրանց, որ դառնան ռեփեր: Ուղղակի կյանքը, ապրելակերպը համընկնում ա տվյալ իրադարձությունների հետ: Իմ մոտ կոնկրետ դեպք չի եղել, որից հետո ես որոշեցի զբաղվեմ ռեփով: Ուղղակի էդ ոճը շատ սիրեցի: Իսկ նման կրիմինալ դեպքեր, բնականաբար, եղել են, բայց դա ավելի գեղեցիկ ա, եթե արժի, կամ եթե տեղին ա, երգերում ավելի ուրիշ ձեւով ներկայացնեմ, քան ես ուղակի դրանով իմ անունը բարձրացնեմ: Իսկ այդ իրադարձությունները առիթ են տալիս դրանց անդրադառնալ երգերում: Misho - Մի քանի դպրոցներում ես սովորել, ամեն հարցում ե՞ս այդքան փոփոխական: - Ամեն հարցում չեմ փոփոխական: Ես ավելի առաջնորդվում եմ իմ հարմարությամբ: Օրինակ, դպրոցները ոչ թե փոխում էի ավելի լավի համար, այլ ուղղակի տենց ստացվում էր: Բայց ինչ վերաբերում ա իմ հիմիկվա կյանքին, փորձում եմ ինքս ինձ հարմար լինել, քան ինչ որ մի բան փոխել, եթե դա հնարավոր ա: - Իսկ եթե այնուամենայնիվ փոխում ես, նախորդը լիովին զիջո՞ւմ է իր տեղը հաջորդին: - Աշխատում եմ, որ հենց տենց էլ լինի, բայց մոռանալն էլ ա սխալ, օրինակ, ընկերներիս հետ կապը միշտ պահպանում եմ: Բայց իմ կյանքում հիմնականում ամեն ինչը փոխվել ա: Էտ փոփոխությունը դպրոցական կյանքից դեպի ջահելական կյանք իմ մոտ շատ կտրուկ ա եղել: Նույնն էլ համալսարան ընդունվելուց ու ավարտելուց հետո: -  Մասնագիտությամբ բժիշկ ես: Բժիշկներին հատուկ մարդասիրությունը ինչպե՞ս ես օգտագործում քո արվեստում: - Դրա չափը ես չեմ, ով պիտի ասի: Թե մարդասիրությունը, թե բնավորության հատկանիշների այլ տարրերը, էտ ամեն ինչը ես ավելի սիրում եմ երգերով ներկայացնել, որ մարդիկ դրանով չափեն ու կարծիք կազմեն, այլ ոչ թե մարդ կոնկրետ ասի, թե ինչպիսինն ա: Իսկ բժշկությունը իմ ռեփի հետ ընդհանրապես ոչ  մի առնչություն չունի: Misho - Սովորաբար ռեփերներն են հանդիսանում իրենց ստեղծագործությունների հեղինակը, ու դու էլ ինքդ ես գրում երգերդ: Առաջնահերթ գրվում է ռի՞թմը, թե՞ հանգը: - Հիմնականում սկզբից երաժշտությունից ա սկսվում, չնայած կան երգեր, որոնք առանց երաժշտության եմ գրում: Հետո բառերը նստացնում եմ երաժշտության վրա: Բայց ինքս երաժշտություն չեմ գրում: 3 տարվա երաժշտական թերի կրթություն ունեմ: - Իսկ երբ սկզբում ստեղծվում է երաժշտությունը, ինչպե՞ս ես որոշում թեման: - Լինում ա, որ նախօրոք գրվում ա երաժշտությունը, ու հիմնականում գրում ա Սերժոն: Շատ դեպքերում լինում ա, որ ես ունենում եմ ինչ որ միտք, թեմա ու ընդհանուր շատ խորանալ էլ պետք չի լինում, ուղղակի բացատրում եմ վիճակը, ու Սերժոն եւ մյուս հեղինակներն արդեն շարունակում են իրենց պատկերացմամբ: Բայց նենց էլ չեմ անում, որ շատ ինձ հարմարվեն: Ազատություն եմ տալիս նրանց, որ իմպրովիզ անեն, ու էդ դեպքում ռիթմիկ ու հանգային ավելի հետաքրքիր լուծումներ եմ գտնում: Շատ ա լինում, երբ Սերժոն ինչ-որ մինուսներ ա ունենում, լսում եմ ու միանգամից պատկերացնում եմ, թե ինչ կարելի ա անել: Ավտոմատ ա ստացվում ամեն ինչ: Սխալ կլինի շարժվել ինչ-որ ստրուկտուրայով: Ռեփում չկա թեմա ու օրենք, կա միայն ազատություն, ամեն ինչ էլ կարելի ա անել: Երբ իրանք են մինուս հավաքում, ես եմ հարմարվում, կամ ունենում եմ մի միտք ու ասում եմ, թե ինչ անեն: Misho - Օրվա ո՞ր ժամանակահատվածն է քեզ համար առավել արդյունավետ` ստեղծագործելու համար: - Տարբեր ժամերի, բայց հիմնականում գիշերը, որովհետեւ ցերեկը շատ զբաղված եմ լինում, ստուդիա եմ գնում, չնայած հենց էս պահին էլ ստեղծագործում էի (Միշոյի կողքին կային թղթեր, սեւագրեր եւ գրիչ, իսկ համարյա թե միշտ միացված համակարգչում անդադար տարբեր պրոեկտներ են մշակվում): - Հիմա, երբ լսում ես առաջին արված գործերդ, ի՞նչ կարծիք ունես: Շատ բան կշտկեի՞ր: - Շատ ա լինում, որ մինչեւ երգի թողարկվելը լիքը բան փոխում եմ, բայց երբ երգը արդեն դուրս ա գալիս, ես համարում եմ, որ էտ ժամանակ տենց պետք ա լիներ: Կարող ա էտ երգը հիմա այլ ձեւ գրեի, որովհետեւ հիմա ուրիշ եմ, իսկ էն ժամանակ ուրիշ էի: Ու դրա համար շատ չեմ քննադատում երգերս, չնայած տարբերությունը ահռելի ա, նամանավանդ նոր` երրորդ ալբոմիս հետ համեմատած: Ինչքան ձայնագրած, էդքան էլ չձայնագրած երգեր ունեմ, որ գրել, վերջացրել եմ, իսկ հաջորդ օրը կարդացել ու զզացել եմ, որ դրանք մենակ ես կհասկանամ: Ամեն ինչ սեւագրերից ու խզբզանքներից ա առաջանում: Լինում ա, որ երգի մի մասը գրում եմ ու հետո լրիվ ջնջում: Արտասահմանյան ռեփերներ կան, օրինակ, Ջեյ Զին, երբեք չի գրում, մյուսները մաքրագրում են, իմ մոտ էլ սենց ա: Էսթետիկ հարցերը ինձ մոտ բացակայում են: Քանի որ ես արդեն լսել եմ իմ երրորդ ալբոմը, որը դեռ ոչ ոք չի լսել, այն դեռ չի թողարկվել, իմ պատասխանը կարա շատ կտրուկ լինի ու ինքնաքննադատությունս փոխանցվի ֆանատներիս կամ լսողներիս: Հիմա եթե ասեմ, որ տարբերությունը շատ մեծ ա, դա ինքնագովազդի նման մի բան կլինի, բայց ես ոչ թե իքս եմ ասում, այլ իմ ամենանեղ ու ամենահարազատ շրջապատի խոսքերից եմ ասում ու դատում: Նախկինում սենց ռեակցիա ալբոմիս չի եղել նույնիսկ ընկերներիս շրջապատում: Misho - Դե պատմիր թվով երրորդ ձայնասկավառակիդ մասին: - Ալբոմը կոչվում ա «Զրո» ու բաղկացած ա 2 CD-ից: Ալբոմի դիզայնի հեղինակն է Վահան Ստեփանյանը եւ հետաքրքիր բան ենք մտածել, փայտի տուփերի մեջ ա լինելու: Առաջին CD-ի երաժշտական մասը եւ պրոդյուսինգը ապահովել է DJ Սերժոն, իսկ մյուս մասը` New People–ը, դա Նարեկն ա`A Chilla-ն ու Արտյոմ Մանուկյանը: 2 ալբոմներում էլ շատ համագործակցություններ կան: Համագործակցել ենք Վահագն Հայրապետյանի հետ, շատ հետաքրքիր բան ա ստացվել, “Կատուներ”-ից նաեւ շեփորահար Տիգրանի հետ: Սերժոյի ալբոմում համագործակցել ենք Էմմիի հետ: Ունեմ դուետներ Գարիկի, Աստղիկ Սաֆարյանի, մեր Սաշի, Apeh Jan-ի հետ: Նաեւ ունեմ դուետներ երաժիշտների, ոչ թե երգիչների հետ: Դուետները շատ են, որովհետեւ երգերն էլ են շատ: Առանձին երգեր էլ շատ կան: Կան ռոմանտիկ երգեր, որ սաղ գիտեն` Սերժոյի մոտ ինչքան լավ ա ստացվում, ու New People–ն էլ իրա «բարխատ»-ը ունի երաժշտության մեջ: 2 ալբոմներն էլ արդեն պատրաստ են, բայց ես ինքս չեմ կարա ասեմ` երաժշտական տեսանկյունից որն ա մյուսին հաղթում, լրիվ հավասար են ստացվել: Իրանք շատ են սյուրվել երաժշտության մեջ, ու էտ սյուրվելը իրանց մոտ էնքան լավ ա ստացվում, որ մեկը մեկին անցնում ա: Ապրիլի 30-ին տեղի կունենա ալբոմիս շնորհանդեսը: Ուզում եմ, որ կիսահամերգային լինի ու «live band»-ով, հենց “Կատուներ”-ի տղերքի հետ` հիփ-հոփ, կլասիկ ոճում: Misho Արդեն նկարահանում եմ էս ալբոմի երգերից առաջին տեսահոլովակս` երգի անունը հենց “Զրո” ա: Ալբոմից ամենակոմերցիոն երգը հենց էդ էր, որը կներկայացներ ալբոմը: Տեսահոլովակի ռեժիսորն է Գոգա Խաչատրյանը: Ու երեւի ապրիլի 1-ից արդեն եթեր կմտնի: Մինչեւ ապրիլի 30-ը ընդհանրապես մերժում եմ մասնակցել հեռուստահաղորդումների, համերգների: Արդեն մի քանիսը մերժել եմ: Միայն “3 պատ” հաղորդմանն եմ մասնակցել, որովհետեւ իմ ընկերներն են, չէի կարա մերժեի: Էս նոր երգերը, որ արդեն կան, հիմա էլ չեմ պատկերացնում հին երգեր երգելը: Իսկ հետո արդեն կսկսեմ երեւալ հեռուստահաղորդումներում: Էս տարի ուզում եմ շրջագայություն անեմ Մոսկվայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Պիտերում ու վերջում Երեւանում: Էս տարին բուռն ա:) : - Այսքան տարբեր երաժիշտների, արվեստագետների հետ ես աշխատում, ո՞ր համագործակցությունն էր ամենահետաքրքիրը եւ յուրահատուկը, եւ ո՞րն էր ամենից անհետաքրքիրն ու ձանձրալին: - Ունեմ ժամանակին ձայնագրած դուետներ, որ այդ կատարողների հետ հիմա էլ չեմ համագործակցի, որովհետեւ նրանց հետ մի անգամ էր պետք երգել ու էդ տիպի մեջ: Կա մարդ, ում հետ մի քանի անգամ եմ համագործակցել, օրինակ, համարյա թե ամեն ալբոմում կա դուետ Տիկոյի հետ, ով բավականին ճանաչված ա: Մարդիկ կան, ում ձայնը անընդհատ հնարավոր ա օգտագործել, նենց, ոնց ուզում եմ: Արդեն ասացի, որ նոր ալբոմումս Էմմիի հետ դուետ ունեմ, ում հետ «Հայ Տղեք»-ում մենք էլի դուետ ունեցել ենք: Իրա ոճը ու ձայնային տվյալները էնքանով համապատասխան են, որ շատ բան դեռ կարելի ա անել, ու հաստատ էս դեռ մեր վերջին համագործակցությունը չի: Իսկ ամենաանհետաքրքիր համագործակցությունը նշանակում ա, որ ես ուրեմն փոշմանել եմ հետո, եթե խոսքը Սյուզիի մասին ա, տենց չի: Անհետաքրքիր համագործակցություն, կարելի ա ասել, չեմ ունեցել: Misho - Բոլոր երգերումդ էլ մաքսիմալ ազնիվ ես: Քո տրամադրության վերելքներն ու անկումները ակնհայտ են: Մութ անկյունդ մեզ բացիր, «եթե դաժե անձնական ա»:) : - Անձնականս լրիվ լուսավոր ա, ու ոչ մի բան հեչ էլ մութ չի: Էս ալբոմումս անձնականը չափից շատ ա, իսկ էն, ինչ չկա, հաստատ մի օր տեղ կգտնի իմ երգերում: Մութ անկյունը, որ ես որոշել եմ իմ երգում չլինի, երեւի ինչ-որ շատ ամոթ բան ա: Մութ անկյուն հիմա չունեմ: - Ասում են` ավելի լավ է զղջալ արածի, քան չարածի համար: Ինչի՞ համար ես զղջում դու: - Եթե մի բանը ինձ խանգարած լիներ հասնել այնտեղ, որտեղ ես հիմա եմ, հիմա մենք դրա մասին կխոսայինք: Օրինակ, էն, որ “Հայ տղեք” խումբը հիմա չկա, կարայի ասեի, որ “Հայ տղեք” խումբը չպետք ա ցրվեր, բայց կարող ա հենց դա էր պետք, որ ես դառնամ էնպիսին, ինչպիսին հիմա եմ: Դրա համար պետք չի զղջալ մի բանի համար, որ չի ստացվել, նույնիսկ ամենավատ բաները, որ եղել են, պետք ա լինեին: Մեր «Հայ թիմ» շատ մարդիկ են մտել ու դուրս եկել, թեկուզ կարճ ժամանակով, ու դրա համար էլ չեմ զղջում: Իսկ անձնականից չեմ ուզում խոսամ, էդ արդեն թող մնա անձնական: - Կարելի է ասել` գտնվեց մութ անկյունդ :) : - Էդ անցյալ մութ անկյուններն են: - Իսկ «Հայ Թմի” կազմում նորություններ կա՞ն: - Էս տարի շատ լուրջ նպատակ կա ավելացնել “Հայ Թմի” արտիստների քանակը, կարող ա նույնիսկ երկու հոգով: Աչքի տակ մարդիկ կան, բայց հլը քիչ են, որ վստահ ասեմ` “այ իրան հաստատ կվերցնենք”: Ուզում եմ, որ շատ լուրջ քաստինգ արվի ու լրիվ նոր դեմքեր մտնեն “Հայ Թիմ”: Ամեն ինչ կարա լինի, ու դրա համար ավելի ճիշտ ընտրություն ա պետք անել: Բայց սխալ ա ֆիքսվել ու վախենալ, որ կարող ա հետո էդ մարդը դուրս գա թմից: Հիմնականում պրոբլեմներ լինում են նրանցից, ով դուրս ա գալիս: - Ինչպե՞ս ես հասկանում, որ սահմաններից անցել ես, եւ ինչպե՞ս ես կանգ առնում: - Սահմանում եմ նենց, ոնց կլսեի, եթե լինեի ուղղակի հանդիսատես, ու մեկը աներ էն, ինչ ես եմ հիմա անում: Նախ դա պետք ա, որ դու կարողանաս ունենալ էդ կոնտակտը, կապը լսողի հետ, ու պետք ա պատկերացնես, որ ինքդ կարաիր էդ ամենը լսեիր: Ու պետք ա անել նենց, որ լսողը հասկանա, թե ինչ ես ասում, եթե պետք ա` վիրավորվի: Երգերում խոսքերս չեմ տարանջատում: Իմ համար հանդիսատեսը մի հոգի ա, ստեղծագործելուս չափանիշը, բնականաբար, իմ մակարդակն ա, բայց փորձում եմ ստեղծագործել այնպես, որ բոլորին հասանելի լինի, քանի որ տարբեր մակարդակի լսողներ ունեմ: Ես միշտ պատկերացնում եմ, որ խոսում եմ իմ հանդիսատեսի հետ: Առօրյա կյանքում սահմանները մի քիչ ավելի ուրիշ են, բայց ես սահմաններ ունեմ ու ճանաչում եմ դրանք: - Քո ձայնասկավառակները ունեն բաց եւ փակ տարբերակներ: Քո առօրյա խոսելաոճում գերակշռում է բա՞ց, թե՞ փակ տարբերակը: - Ընկերներիս հետ խոսում եմ բաց տարբերակով, մամայիս հետ` փակ: Ի դեպ, մամաս իմ թիվ մեկ ֆանատն ա: Կախված ա, թե ես որտեղ եմ ու ում հետ: - Ոչ երաժշտական հերոսներ ունե՞ս, եւ ովքե՞ր են նրանք: - Սպորտի ոլորտում ունեմ հերոսներ: Ինքս սպորտի մեծ երկրպագու եմ: Սիրում եմ իրանց գործի մեջ հերոս մարդկանց: Իմ համար հերոս ա Քոբի Բրայանթը: Ինձ թվում ա, մենք անցյալ կյանքում ընկերներ ենք եղել: Պոեզիա եմ սիրում: Համաշխարհային մասշտաբով թիվ մեկ հերոսը իմ համար միշտ Սեւակն ա եղել: Իրականում, ամեն ասպարեզում էլ հերոսներ կան, ու նրանք շատ են: - Քո երկրպագուների համար ինքդ էլ հերոս ես: Ի՞նչ ես անում, որ չհիասթափեցնես տարբեր մակարդակներ ու մտածելակերպ ունեցող երկրպագուներիդ ու շարունակես միշտ հերոս մնալ նրանց աչքերում: - Ընդհանրապես, ամեն հարցում փորձում եմ անել մաքսիմալ լավը,  դա  լինի տեսահոլովակ, ձայնագրման կամ երգերի որակ, որեւիցե պրոեկտ, որ մենք ենք անում: Հենց դա կարա լինի գրավականը, որ մարդիկ քեզ հերոս համարեն, ոչ թե դու ընտրես քեզ որպես ոչ հերոս ու էդ ոճի վրա աշխատես: - Երգումդ նշում ես «ամեն ինչ կանեմ ես, համ իմը ըլնելու համար, համ երբ որ իմը  ըլնես»... «գիտեմ ինչ ա պետք անել քո համար»... Իսկ ո՞վ եւ ինչպիսի՞ն պետք է լինի «աղջիկ, որ կլինես ինձ կին»... - Հիմա պետք ա ասեմ էն, ինչ չեմ ասել երգերումս. աղջիկ, որ կլինի ինձ կին, պետք ա լինի ինձ ընկեր: - «Ներելը չի ստացվում» երգը մեծ աղմուկ բարձրացրեց, եւ աղմուկը կարծես լսվեց նաեւ ԱՄՆ-ում, ու երեկ կոնգրեսականները ընդունեցին ցեղասպանության բանաձեւը: Թեման քո երգացանկում շարունակություն կունենա՞: Misho - Թեմաներ կան, որոնց կանդրադառնամ, եթե կուտակվի մարդկանց անհանգստությունը, կամ եթե մարդկանց էնքան հետաքրքրի իմ կարծիքը էդ հարցի շուրջ, ու ես զգամ դա: Դեռ չեմ համարում, որ պետք ա էլի երգ գրեմ էդ թեմայով, չեմ ուզում, որ այն կոմերցիոն բնույթ կրի, որովհետեւ մարդիկ կարող ա տենց հասկանան: Շատ երգիչ-երգչուհիներ կարան թեկուզ դժբախտությունը կոմերցիոն դաշտ բերեն: Էդ դեպքում գիտեմ, որ երգը էլի հաջողություն կունենա, բայց հարկավոր ա զգալ, որ դա պետք ա, ոչ թե դա լավ կգնա, այլ դա պետք ա: - Bravo.am-ը շնորհավորում է քեզ: Վերջապես բացվեց քո պաշտոնական կայքը: Դե պատմի մանրամասները: - Կայքիս բացվելը շատ երկար տեւեց, թե չէ հիմնականում շատ վաղուց էր պատրաստ: Դեռ աշխատելու տեղ ունի, շատ նյութեր դեռ պետք է ավելացվեն, բայց սկզբի համար էլ քիչ չեն: Երբ բացվում ա կայքը, էկրանին հաշվիչ ա հայտնվում ու զրո: Էտ կապված ա իմ նոր ալբոմի հետ: Դիզայնով եւ ծրագրավորմամբ զբաղվել ա “SiteMax” ստուդիան, “Հայ տղեք” խմբի մեր առաջին կայքը դեռ էն ժամանակ էլի իրանք էին արել: Շուտով կայք կբացի Սերժոն, “Հայ Թիմ”-ն էլ կունենա կայք: Կայքում կա նաեւ բլոգ ու արդեն լրացրած ա: - Եթե ինքդ քեզանից հարցազրույց վերցնեիր, ի՞նչ հարց կուղղեիր քեզ: - Կհարցնեի` «Հավատում ե՞ս, որ 10 տարուց գոնե 5 հատ թույն ռեփեր կլինի Հայաստանում»: Ու ես չգիտեմ, հավատում եմ, թե չէ: Էնքան ա լինում, որ ես ուզում եմ հայկական ուրիշ ռեփ լսեմ, ինձ դուր գա, ու ես ասեմ` «նայի` ստեղ ինչ թույն արեց էս վիճակը, բառերը ոնց ա գտնում»: Ուզում եմ լինի նենց ռեփեր, որ ամեն ինչ իրա ոճի մեջ իդեալական լինի, ոչ թե ոնց ես եմ ուզում, այլ ոնց ինքն ա ուզել, որ իրա մոտ իդեալական լինի: Մարդ պետք ա իրա երգի համար գժվի: Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW