Հայկական դետեկտիվի պրեմիերան այսօր է Կասկածյալներ կան, որ կարող են մեղավոր ճանաչվել: Ոստիկանները կգտնեն հանցագործներին: Դետեկտիվ ժանրում հայկական առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան այսօր է: Հունիսի մեկին “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվի “Սպիտակ գայլերի որսը”: Դետեկտիվի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը Ժիրայր Հակոբյանն է, ռեժիսորը` Արմեն Միրզոյանը: Ֆիլմը բարձրացնում է օրենքի գերակայության եւ ոստիկանի դերի հարցը հասարակության մեջ: Պրեմիերային հրավիրված են երկրի ուժային կառույցների ղեկավարները: “Սպիտակ գայլերի որսը” ֆրանսիական ոճի դետեկտիվ է. անգլիական անհատ խուզարկուի փոխարեն հենց ոստիկանն է փնտրում հանցագործին: Օրինախախտներն էլ հանցագործ ճանապարհով հարստացած երեք տղամարդիկ են: Եռյակից մեկը սպանվում է, մյուսները փորձում են գտնել ու վերացնել իրենց թշնամուն ու... Դետեկտիվը սկսվում է: ): Դիտողի վրա արյուն չի շփվելու “Ֆիլմում բոլոր գործողությունները Հայաստանի օրենքի սահմաններում են: Կյանքի դաժանությունն ենք ներկայացնում, բայց ոչ ոք դիտողի վրա արյուն չի շփելու: Երկու սպանություն ենք ներկայացնում եւ մեկ սպանության հասնելու դեպք: Դաժան տեսարաններ չկան. ոտք, լեզու կտրել-ուտելու տեսարան չկա”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Սպիտակ գայլերի որս” դետեկտիվի պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ Ժիրայր Հակոբյանը: Ոստիկանական համակարգում տասը տարի /որից հինգը` Մոսկվայում/ աշխատած Ժիրայր Հակոբյանը Bravo.am-ին ասաց, որ ֆիլմի գլխավոր հերոսը` ավագ քննիչը, հենց ինքն է երիտասարդ ժամանակ: Կերպարը մարմնավորում է դերասան Մուրադ Նադիրյանը: “Դետեկտիվում Մուրադի զոքանչը ինչ-որ տեղ իմ չկայացած զոքանչն է, որովհետեւ իմ ներկայիս զոքանչին ահավոր շատ եմ սիրում: Ու ֆիլմում աղջիկն էլ էն աղջիկն է, որին սիրում էի, բայց չամուսնացա: Ամեն ինչին գեղարվեստական տեսք է տրված: Դեպքերը տեղի են ունենում այսօր ու Երեւանում: Ճիշտ է, հիմա երիտասարդները, մի գաղտնիք բացեմ, պատուհանից կախված, իրենց ընկերուհու հետ չեն համբուրվում, բայց էս ֆիլմում դա կա: Թող մի քիչ էլ ռոմանտիզմ արթնացնենք երիտասարդների մեջ:)”,- նշեց “Սպիտակ գայլերի որս” դետեկտիվի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը: Որսորդին որսացող էլ կա Ռեժիսոր Արմեն Միրզոյանն էլ հայկական դետեկտիվի անվանման իմաստը պարզաբանեց: “Կա որս եւ որսորդ: Գայլը նապաստակին է ուտում, որ ապրի, բայց մոռանում է` իր որսորդն էլ կա: Եթե պլանավորվում է հանցագործություն, ու պլանավորողը հենց որսորդն է, այդ հանցագործը մոռանում է, որ իր որսորդներն էլ կան` ոստիկանները: Ուղղակի բարդ էֆեկտներով ֆիլմ չի: Սցենարը այնպես է կառուցված, որ ուշադիր հանդիսատեսը քննիչից մի քանի րոպե շուտ կարող է գլխի ընկնել` ով է իրական հանցագործը”,- նշեց Արմեն Միրզոյանը: Աննա Փանոսյանը “Սպիտակ գայլերի որս” դետեկտիվում մարմնավորում է ֆիլմի ամենաբարդ եւ դրամատիկ կերպարներից մեկին. թմրամոլ աղջկա դերում է. “Գլխավոր հերոսները տղաներն են: Թմրամոլների հետ չեմ շփվել, բայց կերպարին վերաբերող շատ նյութեր եմ ուսումնասիրել, փորձել հասկանալ` ինչի են պատրաստ նրանք հանուն թմրադեղերի”: “Սպիտակ գայլերի որս”-ի հեղինակները նշում են, որ անպատժելիություն քարոզել չի կարելի: “Հանցագործը անպայման կպատժվի: Կարեւոր է ճիշտ ներկայացնել մեր սերնդին օրենքի մարդու կերպարը: Սպանել չի կարելի, թալանել, նսեմացնել չի կարելի, եթե օրենքն այսօր չպատժեց, վաղը կպատժի, եթե օրենքն էլ չկարողանա, Աստված հաստատ կպատժի: Ֆիլմում կտեսնեք նաեւ` որքան թերություններ ունեն մեր օրենքի մարդիկ: Այս դետեկտիվում կա մեկ մարդկային տրագեդիա, մեկ` անձնական, կան սպանություններ, որոնք էլի ողբերգություն են. մեր թաքնված առօրյան է ու մեր քաղաքին չի սազում”,- ասաց Ժիրայր Հակոբյանը: “Սպիտակ գայլերի որս” դետեկտիվը “Օրենքի դաշտում” նախագծի ֆիլմերից է, արտադրել է “Գեդրիք փրոդաքշն”-ը: Նախագծի շրջանակներում կնկարահանվի այս ժանրի եւս 4 ֆիլմ: Ի դեպ, “Սպիտակ գայլերի որս”-ը 2010-ի ապրիլին արժանացել է Մոսկվայի հեղինակավոր “Դետեկտիվ ֆեստ” միջազգային փառատոնի հատուկ մրցանակի: Դետեկտիվը “Մոսկվա” կինոթատրոնի էկրանին կլինի մինչեւ հունիսի 10-ը: Իսկ թե ինչու են գայլերը սպիտակ, կիմանաք ֆիլմը դիտելիս: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: