Համերգ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին The Beautified Project-ի երգացանկում Հայոց ցեղասպանության թեմայով երգեր կան: Ռոք-խումբը Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի հաջորդ օրը` ապրիլի 25-ին, The Club-ում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես եկավ: Ակուստիկ համերգին ռոք-խումբը երգեր կատարեց, որոնք շատ քիչ է հնչեցնում, նաեւ այնպիսիները, որ շատ է կատարում, հաջորդ ալբոմից էլ պրեմիերաներ եղան: The Beautified Project-ի հիմնադիրը, վոկալիստն ու կիթառահարը Անդրե Սիմոնյանն է, Արմեն Շավերդյանը եւս հանդես է գալիս որպես վոկալիստ եւ կիթառահար, ռոյալի մոտ վերջինի եղբայրն էր` Արլեն Շավերդյանը, ջութակը նվագում էր Կորյուն Բոբիկյանը: “The Beautified Project”-ը շատ ստեղծագործություններ ներկայացրեց, ակումբի հյուրերը հնչած երգերի թվից շատ – շատ էին, The Club-ում շարժվելու տեղ չկար: “Ինձ շատ մենակ էի զգում, բառեր ծնվեցին, մարդ չկար` հետը փորձ անեի… Բայց նոր ալբոմում այս երգը չի լինելու, չգնաք իզուր տեղը փողերը ծախսեք, եթե էս երգն եք սիրում:)”,- “Save me” երգի պատմությունը ներկայացրեց ու երգեց Անդրե Սիմոնյանը: “Եթե մի բան սիրում ես, պետք է այդ մասին գոռաս աշխարհին” Ակուստիկ հնչողությամբ համերգին ելույթ ունեցան նաեւ “հայսուպերսթարցիներ” Լուսինե Աղաբեկյանն ու Իվետա Մուկուչյանը` Iva Լa Diva-ն: Լուսինե Աղաբեկյանն արդեն երեք ամիս է` համագործակցում է The Beautified Project-ի հետ, ռոք-խմբի համերգներին է մասնակցում: “Շատ եմ սիրում նրանց հետ համերգ ունենալ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է միշտ վառ պահել, հենց այդ թեմայով երգերի ժամանակ շատ հուզվեցի”,- նշեց Լուսինե Աղաբեկյանը: Մայիսի 18-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա ռոք-խմբի նոր CD-ի` “Beyond the Butterfly”-ի շնորհանդես-համերգը: Իվետա Մուկուչյանը մինչեւ CD-ի շնորհանդեսի օրը խորհրդանիշ թիթեռի տեսքով մատանին ձեռքից չի հանելու. գովազդ է անում: “Ես իրենց երգերի ֆանատն եմ ու հպարտ եմ, որ թույլ են տալիս հետները երգեմ: Իսկ եթե մի բան սիրում ես, պետք է այդ մասին գոռաս աշխարհին: Այս թիթեռից աշխարհում մի հատ կա, իմն է, դիզայներն էլ հայ է: Իրենք հոգով են մոտենում երաժշտությանը ու կարեւոր չի, որ մեծ բեմերի վրա լինեն, կարեւորը հոգու այդ երաժշտությունը դուրս բերելն է”,- Bravo.am-ին ասաց Իվետան: Iva La Diva-ն Մեծ եղեռնի թեմայով երգ չունի.“Հայրենիքիս կարոտի մասին երգեր ունեմ: Այս ապրիլի 24-ին առաջին անգամ էր, որ Ծիծեռնակաբերդ այցելեցի, Գերմանիայում հեռուստատեսությամբ միշտ նայում էի ու ասում. “Էռնակ մի օր էլ այդ օրը ես լինեմ Ծիծեռնակաբերդում”: Երեկ The Beautified Project-ի հետ գնացի հարգանքի տուրք մատուցելու, հուսով եմ` այնպիսի խոսքեր կգան իմ մտքին, որ այդ թեմայով երգ գրեմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: