2006 թվականի Երեւան-Սոչի ողբերգական չվերթի զոհերի հիշատակին նվիրված “Անավարտ թռիչք” գեղարվեստական ֆիլմը փետրվարի 20-ին բարձրացել է մեծ էկրան: Ֆիլմի սցենարի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաեւ այդ օրը հանգամանքների բերումով ինքնաթիռում չհայտնված իրական հերոսուհին, որի համաձայնությամբ էկրանավորվել է անավարտ սիրո պատմությունը:
Տիգրան Մակարյանը եւ Տաթեւ Հովակիմյանը
Իրական փաստերի հիման վրա ստեղծված մելոդրամայում նկարահանվել են Տաթեւ Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Սերժ Ավեդիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Գայանե Ասլամազյանը, Արման Ղազարյանը, Վարդան Հովսեփյանը, Արեւիկ Սանթրոսյանը, Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանը եւ այլք: Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում, Սեւանում, Սոչիում, Գյումրիում եւ Ծաղկաձորում:
“Սինեմա սթար” կինոթատրոնում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված փակ ցուցադրությունից հետո ֆիլմի անձնակազմը պատմել է մի շարք մանրամասներ:
Ռեժիսոր Ելենա Արշակյանը
Ռեժիսոր Ելենա Արշակյան. Փետրվարի 14-ին մեր անձնակազմի համար կազմակերպել էինք փակ դիտում, որին ներկա էր նաեւ ֆիլմի հերոսուհին: Նրա հետ կարճ խոսեցի. զգացմունքները խեղդում էին, միայն կարող եմ ասել, որ ֆիլմը հավանել էր: Առաջին արձագանքները դրական են, բոլորը նշում են` այս ֆիլմն ու այս երգն իրենցն է: Մենք փորձել ենք այնպես նկարել, որ զոհերի հարազատներին չցավեցնենք: Նրանցից մի քանիսն արդեն դիտել են եւ միայն շնորհակալության խոսքեր հայտնել, բայց մենք չէ, որ պետք է հիշեցնենք այդ դեպքի մասին. նրանք իրենց սրտում սգում են ողբերգությունը:
Սցենարիստ Անահիտ Մխիթարյան. Զույգի պատմությունը գրելիս չեմ փոփոխել, միայն գեղարվեստական լուծումներ եմ տվել: Փորձել եմ չանցնել հույզերի սահմանը, որովհետեւ պատմությունն ավելի քան զգացմունքային է, իսկ դեպքը` թարմ: Լինելով մի սիրո պատմության ֆիլմ` այն ինձ համար ֆիլմ է վաղվա մասին, այն վաղվա, որ հաճախ չի գալիս: Ուզում եմ` այս ֆիլմը դիտող մարդիկ մտածեն, որ միգուցե վաղը չգա. այսօր պետք է մեր սիրելի մարդկանց ասենք կարեւոր խոսքերը: Երեկ ինձ զանգահարել էր Իդա անունով մի աղջիկ, որը նոր է ավարտել Բժշկական համալսարանը: Նա ասաց, որ ֆիլմն իրենն է համարում, որովհետեւ իր ծնողներն էլ այդ ինքնաթիռում են գտնվել… Նա ցանկանում էր մասնակցել պրեմիերային, ծանոթանալ հարազատներ կորցրած մյուս մարդկանց եւ զրուցել նրանց հետ:
Տաթեւ Հովակիմյանը
Գլխավոր հերոսուհի Արեւիկի դերակատար Տաթեւ Հովակիմյան. Երբ հանդիպեցի իրական հերոսուհուն, ով պատմեց իր ապրումների մասին, դժվարացավ նրան մարմնավորելը, որովհետեւ իր ցավի հետ մեկտեղ շատ զուսպ է: Ֆիլմում զույգի խորհրդանիշը զատիկն է, երբ Սոչիում նկարահանվում էի խաչքարի մոտ, այդ պահին իսկական զատիկ նստեց իմ ձեռքին, հետո` խաչքարին… Այդ նախանշանը վերագրեցի ինձ: Բոլորի կարծիքներն են ինձ հետաքրքիր, բայց ամենամեծ քննադատն ինձ համար իրական հերոսուհին է:
Գլխավոր հերոս Սեւակի դերակատար Տիգրան Մակարյան. Իրականում պարտավորեցնող ու դժվար էր մարմնավորել իրական մարդու` իր բնավորությամբ ու տեսակով: Սեւակը մարզիկ է եղել, ես էլ զբաղվել եմ սպորտով, բայց պրոֆեսիոնալ չեմ: Ֆիլմը դիտելիս նայում էի ոչ միայն իմ խաղին, այլ հետեւում էի որպես հանդիսատես ու չկարողացա չհուզվել:
Սաունդթրեքի համահեղինակ եւ կատարող Քրիստինե Պեպելյան. Ուրախ եմ, որ իմ երգով այս ֆիլմի մի փոքր մասն եմ դարձել, բայց ցավում եմ, որ այս պատմությունը կա մեր իրականության մեջ: Ինչեւէ ունենք այն, ինչ ունենք: Շնորհակալ եմ, որ ֆիլմը ստեղծողները հավանել են երգս ու երգի վերնագիրը դարձրել ֆիլմի վերնագիր:
Քրիստինե Պեպելյանը
Պրոդյուսեր Կարեն Ղազարյան. Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 300 հազար դոլար: Որպես պրոդյուսեր եւ մարդ, ինձ համար մշակութային ցանկացած գործ հաջողված է, եթե կան հույզեր: Ֆիլմի ավարտից հետո մարդկանց մեծամասնության աչքերին արցունքներ տեսա, դրանից մեծ գնահատական չի կարող լինել: Երբ ռեժիսորն ու սցենարիստը մեզ` “Շարմ” ընկերությանն, առաջարկեցին զբաղվել ֆիլմի պրոդյուսերությամբ, մենք կոմերցիոն մեծ ակնկալիք չունեինք, ուղղակի որոշեցինք ստեղծել ֆիլմ` ի հիշատակ չվերթի զոհերի:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյան. Այս ֆիլմը նկարվել է հայերի համար, կգա այդ օրը, որ կստեղծենք ֆիլմեր միջազգային փառատոններին ներկայացնելու նպատակով: Մեզ հաճախ ասում են, որ մեր ազգը դրամաներ չի սիրում, կինոթատրոն է գալիս երիտասարդական կատակերգություններ դիտելու, բայց ես բոլորովին համաձայն չեմ: Կարծում եմ` կարողացել ենք բարդ թեմային բավական նուրբ մոտենալ: Դերասանների աշխատանքից գոհ եմ, նրանք երջանիկ սիրահարների դերում էին հոկտեմբեր ամսին` Սեւանում, երբ ջրի ջերմաստիճանը ցածր էր, ցուրտ էր, բայց կարողացել են փոխանցել զույգի հույզերը:
Ի դեպ, Երեւանի կինոթատրոններից բացի, “Անավարտ թռիչք” ֆիլմի ցուցադրություններ տեղի կունենան նաեւ Գյումրիում, Էջմիածնում, Ստեփանակերտում եւ Մարտակերտում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: