Առնո Բաբաջանյանի մոգական երաժշտության հետ երեւանյան հանդիպումները դարձել են բարի ավանդույթ: Անվանի կոմպոզիտորի հիշատակի միջազգային հիմնադրամի շնորհիվ, որի հիմնադիրն ու ղեկավարն է նրա որդին՝ Արա Բաբաջանյանը, Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ամեն տարի անց են կացվում բաբաջանյանական համերգներ, մրցույթներ ու փառատոններ:
Եվ ահա, փետրվարի 22-ին՝ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, երեւանցիներին «Ազգ իմ փառապանծ» խորագրի ներքո սպասում է նոր հանդիպում Առնո Բաբաջանյանի երաժշտության հետ, որն այս անգամ կազմակերպվում է ի աջակցություն «Իմ քայլը» հիմնադրամի, որի հիմնադիրն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը: Հասույթը կփոխանցվի հիմնադրամի հաշվին՝ որպես օգնություն Հայաստանի երեխաներին:
Համերգին կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հայտնի երիտասարդ կատարողներ, որոնց թվում են՝ Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Աղաջանովը, Արսեն Ստեփանյանը, Սիլվա Հակոբյանը, Նիկոլայ Ռյաբուխանը, Կարեն Մովսեսյանը, Գագիկ Եզակյանը, Կարինե Ասիրյանը, Գեւորգ Հարությունյանը, Արմեն Ավջանը եւ ուրիշներ: Ելույթ կունենան նաեւ Երեւանի Դավիթ Զալյանի անվան մանկական ձայնի պահպանման հատուկ դպրոցի երգչախումբը եւ «Երկնքի ափը» մանկական վոկալ խումբը:
Ողջ երեկո Օպերային թատրոնի բեմից իր բաբաջանյանական մեկնաբանությունները կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:


×
3,206






