×


Գարի Քյոսայանի համերգի պրեմիերաները՝ նվիրված դստերը եւ հայ զինվորներին

Դասական ջազ երաժշտությունը` համեմված հայկական էթնիկ տարրերով եւ նոր լուծումներով, Գարի Քյոսայանի եւ նրա երաժիշտ ընկերների կատարմամբ երեկ հնչում էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը


Երկու մասից բաղկացած համերգային ծրագրում ջազմենն իր հեղինակային ստեղծագործություններից բացի ընդգրկել էր Լուի Արմսթրոնգի, Ռեյ Չարլզի եւ իր սիրելի այլ երաժիշտների գործերը։ BRAVO.am-ի հետ զրույցում Գարի Քյոսայանը պատմեց, որ յուրաքանչյուր համերգին խնամքով կազմում է երգացանկը.«Ընտրում եմ իմ նախընտրած կոմպոզիտորների այն գործերը, որոնք ոճով մոտ են ինձ։ Ուրախ եմ, որ հանդիսատեսը գնահատում է, համերգից ստացած էներգիան հրաշալի է»։

Իսկ նրա կնոջ՝ դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանի խոսքով՝ հաճելի ու պատասխանատու է երաժշտասեր հանրության առջեւ երգել.«Նկատեցի, որ Գարիի նոր գործերը լավ են ընդունում։ Երբ հանդիսատեսն իսկապես վայելում է ջազի մեղեդայնությունն ու ներդաշնակությունը, բեմից զգում ես մարդկանց ժպիտները, ռիթմն ու ճոճքը։ Երկար տարիներ խաղում եմ թատրոնում, թատրոնի ու համերգային բեմի հուզմունքը միաժամանակ նման է, բայց նաեւ շատ տարբեր. ելույթից առաջ միշտ հուզվում եմ, բայց հետո չեմ ուզում բեմից գնալ:)»։

Գարի Քյոսայանը


Համերգին հնչեցին պրեմիերաներ` «Վալս Մարիայի համար» ստեղծագործությունը նվիրված երաժիշտ-ամուսինների 2,5 տարեկան դստերը, նաեւ հայ զինծառայողներին նվիրված «Հերոսական բալլադը», որը կոմպոզիտորը գրել է Արցախի ապրիլյան պատերազմի օրերին։

Այս համերգին հրավիրված էր ռուս սաքսոֆոնահար Վլադիմիր Կոլյուժնին, ով անսպասելի հիվանդության պատճառով չէր կարողացել Երեւան ժամանել, եւ նրան փոխարինեց սաքսոֆոնահար Կախի Ջագաշվիլին։ Երաժշտին նաեւ նվագակցում էին Արմեն Հովակիմյանը/բաս/, Արմեն Մովսիսյանը/հարվածային գործիքներ/ եւ ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, ով արդեն մի քանի տարի համագործակցում է Գարի Քյոսայանի հետ.«Նա յուրահատուկ ոճ ունի, լսելիս կարող ես հասկանալ, որ հեղինակը նա է։ Փորձերին խստապահանջ է, բայց փորձում ենք մեզ պրոֆեսիոնալ դրսեւորել եւ միմյանց հեշտ հասկանալ»,- նշեց Նելլին։

Նելլի Մանուկյանը, Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը


Ավելի քան քսան տարի Միացյալ Նահանգներում բնակված ջազ դաշնակահար, բենդի ղեկավար Գարի Քյոսայանն, այժմ ապրելով Երեւանում, խոստանում է կրկին համերգներ ունենալ մայրաքաղաքում, նաեւ առաջիկայում «Ծիր Կաթին» խորագիրը կրող նոր սկավառակ թողարկել։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW