×


“Գեներալի աղջկան” ապրիլի 4-ից փոխարինելու կգա “Քույրը” սերիալը

“Գեներալի աղջիկը” սերիալի անձնակազմը նկարահանում է նոր` “Քույրը” կոչվող սերիալ, որը Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի ապրիլի 4-ից: Ռեժիսորը կրկին Ելենա Արշակյանն է, սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը:

Աննա Հարությունյանը եւ Ելենա Արշակյանը


Ելենա Արշակյանը BRAVO.am-ին հայտնել է, որ “Քույրը” կրկին ընտանեկան պատմություն է, բայց. “Այն կտարբերվի իմ նախորդ աշխատանքներից: Մեր առջեւ դրված է խնդիր` նկարել ավելի լավ սերիալ, քան նկարել ենք նախկինում: Ըստ սցենարի` գիտենք ընթացքը եւ թե ուր ենք տանում գործողությունները”:

Ի դեպ, Հ1-ի նախորդ սերիալներից հայտնի դեմքերին այս անգամ կփոխարինեն նոր դերասաններ, որոնց անունները դեռ չեն հրապարակում.“Չնայած` շատ սիրում եմ ինձ հետ աշխատած դերասաններին` Արմինե Պողոսյանին, Աննա Հարությունյանին ու մյուսներին, այս անգամ նկարվելու են ուրիշներ: Դերասաններին ընտրել ենք քասթինգի միջոցով, որոնց շարքում կան Թատերականի ուսանողներ ու վաստակավոր դերասաններ”:

Անի Երանյանը եւ Ելենա Արշակյանն ամուսնու հետ


Մեր այն հարցին, թե քանի սերիա է նկարահանվելու, ռեժիսորը դժվարացել է հստակ թիվ նշել. “Այս պահին դեռ չգիտենք` քանի մաս կլինի` 100, թե` 150: Սերիաների թիվը կախված է սցենարիստից, թե երբ կլինի սերիալի տրամաբանական ավարտը”:

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանն էլ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ “Քույրը” սերիալի պատմության որոշ մաս հիմնված է հայկական իրականությունից վերցված դեպքերի վրա.“Սյուժեն ծավալվում է սոցիալական տարբեր խավերի բախման ու պայքարի շուրջ: Երիտասարդ աղջիկը պայքարում է ապրելու, կյանքում իր տեղը գտնելու համար, մանավանդ, որ լավ պայմաններից հետո հայտնվել է ներքեւում եւ ստիպված է հարմարվել նոր պայմաններին”:

"Գեներալի աղջիկը" սերիալի անձնակազմը


Սերիալի հեղինակների փոխանցմամբ` մեկ ամիս առաջ արդեն նկարահանվել է առաջին հինգ սերիան: “Մինչեւ “Գեներալի աղջիկը” սերիալի ավարտը, ես արդեն աշխատում էի նոր սցենարի վրա, ժամանակ ունեի մտածելու եւ նորովի գրելու, բայց սերիալի դեպքում գործողությունները չեն կարող շատ արագ զարգանալ, որ ամեն սերիան դինամիկ լինի: Այստեղ նաեւ հնարավոր չէ սցենարն ամբողջությամբ գրված ունենալ, բայց այս պահին գիտեմ, որ, օրինակ, 50-րդ սերիայում հայտնվելու է նոր կերպար. ինքնանպատակ նոր դերասաններ չեն հայտնվում”,-նշել է սցենարիստը:

Անահիտ Մխիթարյանը “Քույրը” սերիալի մեկնարկից հետո սպասում է հեռուստադիտողի կարծիքներին.“Քննադատությունից չեմ խուսափում ու չեմ հարձակվում այն մարդկանց վրա, որոնք քննադատում են. ես դրանցից ինչ-որ բան սովորում ու շտկում եմ: Միայն դեմ եմ բացասական այն գրառումներին, որոնց հեղինակները քննադատելուց հաճույք են ստանում ու միայն վատն են տեսնում”:

BRAVO.am
Լուսանկարները` Bravo.am-ի եւ Ելենա Արշակյանի արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW