BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւորել նորերը:
Այս անգամ զրուցել ենք SMM մասնագետ, մարքեթոլոգ Տարոն Պապիկյանի հետ:
- Ովքե՞ր են, ինչպես ընդունված է ասել, «SMM-շիկները», ինչո՞վ են զբաղվում:
- Իրականում հարցը բավական շատ է քննարկվում թվային մարքեթինգի համայնքում, որովհետեւ չկա հստակ սահմանում եւ աշխատանքի նկարագրի հստակ սահմաններ: Պատճառն այն է, որ այս մասնագիտությունը պարունակում է տարրեր, գիտելիքներ շատ այլ մասնագիտություններից, իսկ պատասխանատվության սահմանները փոփոխվում են ըստ նախագծերի:
Մյուս կողմից ոլորտը զարգանում եւ փոփոխվում է ամեն օր, ինչը ենթադրում է պատասխանատվության փոփոխություններ, նոր գիտելիքների ձեռքբերում եւ այլն:
Եթե խոսենք հասարակության ընկալումների մասին, ապա կարող եմ ասել, որ երիտասարդները գիտեն, թե ինչ է SMM-ը, գոնե մոտավոր պատկերացնում են, շատերի խոսքով` «Ֆեյսբուք ես անում կամ Ինստագրամ». գիտեն, որ SMM մասնագետը սոցիալական ցանցերում է աշխատանք վարում: Խորքային պատկերացում չունեն, երբեմն ասում են՝ «Ֆեյսբուքում գովազդ ես, հա՞, անում»` մտածելով, թե այդ աշխատանքը միայն դրա հետ է կապված, այնինչ SMM-ը շատ տարողունակ աշխատանք է: Իսկ հասարակության լայն շերտերը չգիտեն, թե դա ինչ է:
Եթե դիտարկենք տարատեսակ նախագծերում SMM մասնագետի դերը, ապա կարող ենք առանձացնել մի քանի կետեր, որոնք անկախ ամեն ինչից գտնվում են նրա պատասխանատվության տակ, ինչն էլ կարող ենք համարել պատասխանատվության կորիզը`
•SMM իրականացնելու համար կատարվում է հետազոտություն եւ վերլուծություն
•Կատարված աշխատանքի հիման վրա ստեղծում է SMM ռազմավարություն
•Կատարվում է բյուջետավորում
•Բնականաբար, այս եւ հետագա աշխատանքները կատարելու համար կոմունիկացիա է վարվում ներքին եւ արտաքին շահագրգիռ անձանց եւ SMM թիմի հետ
•Պլանավորվում եւ իրականացվում է մարքեթինգային արշավները
•Հենց նա է այն մարդը, ով, շարժվելով մշակված ռազմավարությաբ եւ աշխատելով համապատասխան մասնագետների հետ, ստեղծում է բովանդակություն, իրացնում է դա, կազմակերպում եւ կատարում է մարքեթինգային արշավներ, առաջմղումներ, չափում է դրա արդյունքները, վերլուծում եւ պատրաստում հաշվետություններ կատարված աշխատանքի համար:
Տարոն Պապիկյանը
- Տատիկ-պապիկներին ինչպե՞ս եք բացատրում՝ ով է SMM մասնագետը:
- Նայած դեպք:): Նախ փորձում եմ պարզ օրինակների վրա բացատրել, թե ինչ եմ անում, եթե չի ստացվում, ընտրում եմ առավել հեշտ եղանակ: Բոլորը գիտեն՝ ինտերնետն ինչ է: Ասում եմ՝ ինտերնետում գովազդ եմ անում: Այս պատասխանը «փրկություն» է ինձ համար, խնայում եմ իմ ժամանակը, իրենց նյարդերը:
- Բոլորը ձգտում են ներկայացված լինել սոցիալական ցանցերում` սկսած ավտոլվացման կետերից, մինչեւ խոշոր ընկերություններ: Ինչո՞ւ:
- Մի քանի տարի առաջ ոլորտով հետաքրքրվում էին հիմնականում շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Իմ հաճախորդները երգիչ-երգչուհիներ, դերասաններ էին, որոնց, հենց նրանց խորհրդով, հաջորդեցին ակումբները, ռեստորանները, սրճարանները: Աստիճանաբար SMM-ով սկսեցին զբաղվել ալկոհոլային ընկերությունները, հեռախոսային օպերատորները եւ այլն: Հիմա իրավիճակն այլ է, Ֆեյսբուքում ու Ինստագրամում էջեր ունեն բոլորը՝ հյուրանոցները, ռեստորանները նույնսիկ ավտոտեխսպասարկման կենտրոնները: Վերջերս տեսել եմ անգամ ավտոանվադողերի պահեստավորման կետի ֆեյսբուքյան էջը, որը բավական կրեատիվ արշավ է վարում:
Եթե նախկինում SMM-ը սկսվել էր Երեւանից, հիմա արդեն մարզերն էլ ներկայացված են: Մոտակա 1-2 տարվա ընթացքում բիզնեսի առաջմղումն առանց սոցիալական ցանցերի անհնար կլինի պատկերացնել: Վերջերս ինձ դիմել էին անգամ ոսկու շուկայից: Անհատ ձեռնարկատեր դիմել էր, որ իր ապրանքները սոցիալական ցանցերում ներկայացնենք: Մարդիկ սկսում են վարակվել սրանով, հասկանում են, որ սա արդյունավետ ու միաժամանակ համեմատաբար մատչելի միջոց է ապրանքը, բրենդը ներկայացնելու ու հաճախորդ գտնելու համար:
- Օրական մի քանի գրառում կատարող, լուսանկար տեղադրող ու իր գրառումները գովազդող օգտատերը «SMM-շի՞կ» է:
- Ինչ-որ իմաստով` այո:): Եթե մարդն իր ամբողջ օրը տրամադրում է հետաքրքիր գրառումներ ու լուսանկարներ տեղադրելուն, կրեատիվ կոնտենտ ստեղծելուն, արշավներ իրականացնելուն, ուրեմն SMM մասնագետ է: Ես գիտեմ մարդկանց, ովքեր startup են ստեղծել, սկսել են զբաղվել առաջմղմամբ, կարդացել են բազում հոդվածներ, գրքեր, որպեսզի արդյունավետ իրականացնեն, ու դարձել են մասնագետ:
Անկախ ամեն ինչից, SMM մասնագետը պետք է ունենա հետեւյալ հմտությունները եւ ունակությունները՝
•Ստեղծարարություն
•Տեքստային բովանդակություն մշակելու ունակություն
•Դիզայներական տարրական ունակություններ
•Տեսալուսանկարահանման տարրական ունակություններ
•Կազմակերպելու եւ օպերացիոն կառավարում իրականացնելու ունակություն
•Հարաբերությունների ստեղծման ունակություններ
•Համայանքային (լսարանային) կառավարման ունակություններ
•Վերլուծական ունակություններ:
Տարոն Պապիկյանը
- Ի՞նչ են «լայքում» հայաստանցիները:
- :) Ուտելիքներ, ուտելիքներ ու քաղաքական գրառումներ: Մի զարմացեք, այո, հայաստանցի օգտատերերը հիմնականում հավանում եւ քննարկում են 2 խմբի փոստեր: Առաջին խումբը քաղաքական ու հասարակական բնույթի գրառումներն են. oրինակ` System Of A Down-ի համերգի մասին, Հայոց ցեղասպանության ճանաչման, քաղաքական անցուդարձի: Երկրորդ խումբը ուտել-խմելու մասին գրառումներն են, դրա համար ռեստորանների, սրճարանների էջերը բավական ակտիվ են: Մենք սիրում ենք համեղ ուտեստների էջեր «լայքել»:
- Իսկ պանդաներն ու փիսիկնե՞րը:
- Եթե խոսեմ մոտավոր թվերով, ապա կարող եմ ասել, որ հայաստանցիների կողմից հավանումների եւ քննարկումների արժանացած գրառումները ունեն հետեւյալ պատկերը՝
•20 տոկոսն է «լայքում» կամ տարածում նման բովանդակության փոստեր: Շունիկների ձագուկները, փիսիկները կամ պանդաները մեզ համար լավն են, բայց ուտելիքները հաղթում են
•40 տոկոսը քաղաքական ու հասարակական բնույթի գրառումներն է «լայքում»
•30 և դրանից ավել տոկոսը ուտելիքների նկարներ ու տեսանյութեր են հավանում:
- Ո՞նց անեմ, որ էջս շատ «լայքեն»:
- Սա ամենատարածված հարցն է:): Նման հարցեր եմ ստանում թե՛ օգտատերերից, թե՛ խոշոր ընկերություններից: Պարբերաբար խորհուրդներ են հարցնում: Ժամանակին «լայքերը» գնվում էին, որովհետեւ ֆեյսբուքյան ալգորիթմը փոստերը տեսանելի էր դարձնում նրանց համար, ովքեր հավանել են քո էջը: Բայց հիմա ալգորիթմը փոխվել է: Կարեւոր է դարձել ոչ թե քանակը, այլ՝ որակը: Եվ մարդիկ այս փոփոխությունից հետո չեն պատկերացնում, թե ինչ անեն, որ իրենց «լայքեն», դրա համար հարցնում են մասնագետներին:
- SMM մասնագետը կարո՞ղ է աշխատել հեռակա կարգով. ծովի ափից փոստեր անել ու մեծ գումարներ աշխատել:
- Շատ տարածված միֆ է:): Հնարավոր է հեռահար աշխատել, բայց հաճախորդը սիրում է մարքեթինգի բաժնի հետ ամեն օր շփվել, որովհետեւ քեզ են վստահում մի ամբողջ ընկերության ճակատագիր: Մարդիկ մտածում են, թե կարող ես համակարգիչդ վերցնել, նստել ծովի ափին ու փողեր աշխատել, բայց դա այդքան էլ այդպես չէ: SMM մասնագետի պատասխանատվության շրջանակներում է հաճախորդի հետ աշխատանքը: Դու պետք է հասկանաս, թե ինչ է ուզում հաճախորդը, ինչ բրենդ է, ինչպես այն ներկայացնել: Իսկ առանց շփումների դա հնարավոր չէ: Ամեն մեկը մի «կապրիզ» ունի, մի պատկերացում, շատերը չեն հասկանում՝ ինչ է SMM-ը, ինչը պետք է բացատրել:
Տարոն Պապիկյանը
Բացի այդ, պետք է համակարգել ֆոտո, վիդեո եւ այլ թիմերը, նրանց հետ աշխատել, բացատրել, թե, օրինակ, ինչպիսի նկարներ ու տեսանյութեր ես դու ուզում: Սա մեծ աշխատանք է: Այնինչ, մտածում են, թե սա շատ հեշտ գործ է, Google-ում որոնում ես, մի նկար ես գտնում, տեղադրում էջում, մի երկու տող գրում, ու վերջ: Մտածում են, թե ամեն փոստի վրա 10 րոպե ես աշխատում: Ամեն փոստ անելուց առաջ մեծ վերլուծություն է արվում. պետք է հասկանանք, թե ինչ ընկերության, ինչ հաճախորդների հետ գործ ունենք, ինչ սպասելիքներ ունեն նրանք, շփման ինչ տոնայնություն են նախընտրում եւ այլն: Մշակվում է ռազմավարություն, դրան համապատասխան բովանդակություն, որը քննարկվում է ղեկավարության հետ, համաձայնեցվում է, կատարվում են փոփոխություններ, ինչից հետո բովանդակությունը տեղադրվում է սոցիալական ցանցերում:
- Որտե՞ղ սովորել SMM մասնագետ դառնալու համար:
- Ինքս չգիտեմ մի բուհ, որտեղ լինի SMM մասնագետներ պատրաստելու առանձին ֆակուլտետ: Կան մարքեթինգի, PR-ի ֆակուլտետներ, որտեղ մի քանի դասի շրջանակներում ներկայացվում է, թե ինչ է SMM-ը: Կան մասնավոր թրեյնինգներ, դասընթացներ, որոնք սովորեցնում են թվային մարքեթինգ: Բայց Հայաստանում քիչ են լավ մասնագետները, որոնք սովորեցնում են թվային մարքեթինգ:
Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: