×


Դանիել Դեքերը եւ Նարինե Բաբայանը

Դանիել Դեքերի հայուհի ընտրյալն ու ամերիկյան հարսանիքը

Հայերի եւ Հայաստանի հետ ամուր թելերով կապված պուերտոռիկացի- ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի ընտրյալը, ինչպես եւ կանխատեսելի էր, հայուհի է: Երաժիշտն ու քանոնահարուհի Նարինե Բաբայանը վերջերս են ամուսնացել՝ հարսանիքի լուսանկարներն ու իրենց սիրո պատմության հետաքրքիր մանրամասները վստահելով BRAVO.am-ին:

Դանիելն ու Նարինեն հանդիպել են 2015 թվականին՝ Մանկավարժական համալսարանում կազմակերպված համերգի ժամանակ, որը նվիրված էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին.«Ես մասնակցում էի որպես քանոնոհարուհի, իսկ հատուկ հյուրն էր Դանիելը: Համերգից հետո մասնակիցներով մոտեցանք եւ խնդրեցինք լուսանկարվել իր հետ, եւ այդպես ծանոթացանք»,-պատմել է Նարինեն եւ ավելացրել, որ առաջին հանդիպումից հետո երգիչը հաճախ է համալսարան այցելել, քանի որ ընկերացել էր բոլորի հետ.«Մենք շփվում էին որպես լավ ընկերներ, եւ այն ժամանակ մտքովս անգամ չէր էլ անցնում, որ մի օր նրա կինը կդառնամ:)»:

Նարինե Բաբայանը եւ Դանիել Դեքերը


Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո էլ Դեքերը շարունակել է շփվել Նարինեի հետ, մի օր էլ խոստովանել է, որ կարոտում է.«Հասկացա՝ դա ուրիշ կարոտ է: Իհարկե, շատ հաճելի էր նման խոսքեր լսել մի մարդուց, ում հետ ժամանակին լուսանկարվելը նույնիսկ մեծ ուրախություն էր»,-նշել է Նարինեն:

Թե ինչպես է գրավել երաժշտի սիրտը, իրեն էլ շատ է հետաքրքրել.«Միշտ հարցնում եմ՝ ինչու հենց ես, եւ նա միշտ պատասխանում է՝ «Որովհետեւ դու բարի սիրտ ունես»: Իսկ ես կարծում եմ, որ Աստված այսպես կամեցավ»:

Զույգն ամուսնացել է ԱՄՆ-ում՝ օվկիանոսին մոտ գտնվող գեղեցիկ բացօթյա տարածքում.«Ներկա են եղել մեր հարազատներն ու ընկերները: Հարսանիքն ամերիկյան ոճով էր. մենք ոչ թե եկեղեցում ենք պսակադրվել, այլ քահանան է եկել եւ օրհնել մեզ»:

Նարինե Բաբայանը եւ Դանիել Դեքերը


Նարինեից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք հեշտ է որոշում կայացրել այլազգիի հետ ամուսնանալ, եւ որքանով է հարմարվել ամերիկյան միջավայրին.«Իհարկե, սկզբում երկմտանք կար, բայց ժամանակի ընթացքում ճանաչելով նրան՝ ավելի ու ավելի համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Դժվար է ապրել հայրենիքից հեռու, սակայն ամուսինս անում է ամեն ինչ, որ չզգամ այդ հեռավորությունը: Գաղտնիք չէ, որ նա սիրում է Հայաստանն ու հայերին, այնպես որ մենք հաճախ կլինենք այդտեղ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին