Ֆրանսահայ երիտասարդները որոշել են Հայոց ցեղասպանությունը հիշել եւ միջազգային հանրությանը հիշեցնել ոչ թե սգալով, այլ` պայքարելով։ Նրանց համար պայքարի միջոց կարող է լինել ցանկացած բնագավառ` քաղաքական, տնտեսական, թե մշակութային։ Այն, որ մշակույթն ու արվեստը կարող են դառնալ լավագույն միջոց, վկայում է ֆրանսահայ երիտասարդական կազմակերպությունների կողմից իրականացվող ամենամյա միջոցառումը։ Դեռեւս 1998 թվականից ամեն տարի ապրիլի ապրիլի 24-ի նախօրեին երիտասարդները բացօթյա համերգ են կազմակերպում Փարիզի հանրահայտ որեւէ վայրում։ Այս տարի միջոցառումը Պանթեոնի շենքի դիմաց էր, որն էլ Սորբոնի համալսարանի հարակից տարածքում է։
Ֆրանսահայ երիտասարդները Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում են կազմակերպել Փարիզի Պանթեոնի դիմաց
Ելույթ են ունեցել ոչ միայն հայ, այլեւ ֆրանսիացի երաժիշտներ, որոնց համախմբել էր արդարության գաղափարը։ Ֆրանսահայ հեղինակ-կատարող Հակոբն իր ելույթի վերջին երգը նվիրեց Մեծ եղեռնի զոհերին ու նշեց, որ այժմ միայն պայքարի եւ առաջընթացի ժամանակն է։ BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ավելի մեծ ճանաչում ունենալու դեպքում կփորձի աշխարհով մեկ տարածել այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանությունն անկարելի է մոռանալ եւ այն դատապարտել է պետք։
Ֆրանսահայ հեղինակ-կատարող Հակոբը
"Անհնար է մոռանալ այն, ինչ եղել է, բայց ես չեմ ուզում տատիկիս պես լաց լինել։ Ես, իհարկե, նրան հասկանում եմ, իր փոխարեն ես էլ գուցե այդպես անեի, բայց երիտասարդ սերունդն ուղղակի պարտավոր է ուժեղ լինել եւ իր առաջընթացով պայքարել արդարության համար",-հավելել է նա։
Ներկաներին իր ելույթով հիացրել է նաեւ "Erevan Tusk"-ը: Այս հինգ հոգանոց փոփ-ռոք խմբի յուրահատկությունն այն է, որ երկու մենակատար ունեն, որոնցից մեկն էլ` Ջիմը, մեզ հետ զրույցում նշել է` բացի գեղեցիկ հնչող Երեւան բառից, իրենց խմբում ուրիշ ոչինչ հայկական չէ."Համերգին մասնակցում ենք, որպեսզի մեր երաժշտությամբ ասենք` այդ ոճիրն աններելի է։ Կարծում եմ` Հայոց ցեղասպանության հարցին լրատվամիջոցների անդրադարձը քիչ է, այսօր էլ այստեղ հիմնականում հայեր են, որոնք արդեն քաջատեղյակ են։ Ավելի շատ պետք է խոսվի այս մասին. ինքս էլ այստեղ գալուց առաջ հետաքրքվել ու կարդացել եմ որոշ բաներ, քանի որ լավ տեղյակ չէի": Ֆրանսիացի հեղինակ-կատարողի խոսքով` չափազանց ուրախ կլինի, եթե Հայաստանում հանդես գալու առիթ եւս ընձեռվի։
"Erevan Tusk" խմբի անդամները
Համերգային հատուկ ծրագրից բացի, Պանթեոնի տարածքում ճանաչողական տարբեր պաստառներ էին փակցված, որոնց վրա տեղեկություններ էին թե´ Հայոց ցեղասպանության, թե´ այլ ցեղասպանությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի տեսարժան վայրերի նկարներ եւ տեղեկատվություն։ Մի քանի պաստառներ հենց տեղում գրաֆիտիով էին պատրաստվում։
Ֆրանսահայ երիտասարդները Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում են կազմակերպել Փարիզի Պանթեոնի դիմաց
Ֆրանսահայկական ինը կազմակերպության կողմից իրագործված այս միջոցառումն ավարտվեց "Papiers d’Arméniens"-ի ելույթով: Այս խումբը միակն էր, որ հայկական երաժշտություն հնչեցրեց։ Նրանց կատարումները զուգորդվեցին մոմավառությամբ։
Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Ղուկասյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Ֆրանսիայում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: