Ջութակահարներ Արամ Ասատրյանը, Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը եւ թավջութակահար Վահան Գրիգորյանն այն տաղանդաշատ երաժիշտներն են, որոնք միավորվել են մեկ գաղափարի շուրջ եւ ստեղծել հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակ:
Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը
Ապրիլի 7-ին Երեւանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել լարային քառյակի հիմնադրմանը նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ու քառյակին իրենց բարեմաղթանքներն են հղել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Լեւոն Չաուշյանը եւ Վաչե Շարաֆյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Արշակ եւ Ելենա Միրզոյաններն ու այլք:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը
Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի կազմում ընդգրկված Սոնա Ազարյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ շնորհանդեսի վայրը խորհրդանշական է. “Երեւանի կենտրոնում` նման արվեստային միջավայրում շատ ավելի տրամադրող եւ հաճելի է անցկացնել շնորհանդեսը: Մեր նվագացանկում տեղ կգտնեն ամենատարբեր կոմպոզիտորների` ինչպես հայ, այնպես էլ այլազգի անվանի երաժիշտների գործերը”, - ասել է ջութակահարուհին` ավելացնելով, որ հաջորդ համերգը նախատեսված է մայիսի 12-ին` Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը:
Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ջութակահարներ Արամ Ասատրյանը եւ Սոնա Ազարյանը
Կոմպոզիտոր Էդուարդ Թոփչյանը, կարեւորելով քառյակի ստեղծումը, նշել է, որ երաժիշտներին մանկուց է ճանաչում եւ միասին են սկսել իրենց երաժշտական գործունեությունը.“Վստահ եմ, որ Էդվարդ Միրզոյանը ուրախ կլիներ ձեր հաջողություններով: Նա մեր համերգներին այժմ, ցավոք, ֆիզիկապես ներկա չէ, բայց ինձ համար նա միշտ ունկնդրում է մեզ: Այնքան երջանիկ ենք, որ ոչ միայն նրա նման լեգենդի ժամանակակիցն ենք, այլեւ անձամբ շփվել ենք նրա հետ”:
Միջոցառման համերգային հատվածում լարային քառյակի երաժիշտները նվագել են Ֆրանց Շուբերտի, Էդվարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններից:
Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները “Սերենադ” կամերային նվագախմբի կազմում մասնակցել են բազմաթիվ փառատոների Հունաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, շահել են մրցանակներ ու պարգեւներ միջազգային մրցույթներում: Նրանցից յուրաքանչյուրը, որպես մենակատար, մեծ թվով մրցանակներ ունի եւ հաճախ Հայաստանը ներկայացնում է համաշխարհային բեմերում:
Նշենք, որ Էդվարդ Միրզոյանի անունը դասվում է 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտորների շարքին: Նրա երաժշտությունը կատարվում է ամբողջ աշխարհում` լավագույն մենակատարների ու նվագախմբերի կողմից: Կոմպոզիտորը մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 5-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/, Թոփ լուսանկարը` Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: