«Շիկահեր ու կարճատես», «Ելակ» եւ այլ երգերով հայտնի Էմմա Ասատրյանը երաժշտական երկար դադարից հետո երեկ երկրպագուներին ներկայացավ մենահամերգով, որն առաջինն էր իր կարիերայում: Երգի պետական թատրոնի մեներգչուհին որոշել էր ելույթ ունենալ հարազատ հարկի ներքո:
«Շատ էի ցանկանում, որ իմ առաջին մենահամերգը հենց Երգի թատրոնում լիներ, բացի այդ էլ կարծում եմ՝ ջազային ստեղծագործությունները պիտի ավելի փոքր դահլիճներում հնչեն: Աստված տա` ավելի մեծ դահլիճներում էլ ելույթ ունենամ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Էմմա Ասատրյանի մենահամերգին
Մոտ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հնչեցին հին ու նոր երգեր, զուգերգեր, հեղինակային գործեր ու ջազ ստեղծագործություններ` նոր մատուցմամբ: Համերգն ընթանում էր երաժիշտների նվագակցությամբ եւ պարային բեմադրություններով: Որպես հատուկ հյուր՝ երեկոյին հանդես եկավ Միքայել Ոսկանյանը, ում հետ երգչուհին ներկայացավ պրեմիերայով. «Կեսկատակ-կեսլուրջ երգ է, կոչվում է՝ «Խելառ-խելապակաս»: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն ինքս եմ: Զուգերգով պետք է ներկայանայի նաեւ Ֆորշի հետ, բայց նա, ցավոք, փոքր-ինչ վատառողջ է եւ չկարողացավ գալ, թեեւ փորձերին ներկա է եղել: Խոստացել է մյուս համերգին անպայման ներկա լինել»,- նշեց Էմման:
Բացի Միքայել Ոսկանյանի հետ զուգերգը, համերգի ընթացքում տեղի ունեցավ եւս երկու երգի պրեմիերա` «Մեղավորը ես եմ» եւ «Նա-նի-նա»: Վերջինն օրորոցային է եւ նվիրված է երգչուհու փոքր եղբորն ու որդուն: Էմման խոստովանեց՝ երկու տարի է` չի կողմնորոշվում որ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ասաց` որոշել է համերգի ավարտին խորհրդակցել հանդիսատեսի հետ եւ նրանց կարծիքը լսել: Դրանից հետո միայն վերջնական որոշում կկայացնի:
Վարդան Բադալյանի ընտանիքը
Երաժշտական երկար դադարը երգչուհին երկու հանգամանքով է բացատրում: Նախ` իր մի տեսահոլովակից մյուսը սովորաբար երկար դադար է ունենում, հետո էլ` 2015-ին ամուսնացավ, մեկ տարի անց էլ ծնվեց առաջնեկը: Իհարկե, այդ ընթացքում չի դադարել ստեղծագործել, դասավանդել, բայց համերգներով հանդես չի եկել. «Որդիս` Անրին, արդեն մանկապարտեզ է հաճախում, չնայած՝ դեռ երկու տարին չի լրացել: Դասավանդել սկսել եմ վաղուց, թեեւ ավելի քիչ ժամաքանակով: Նախկինում դասավանդում էի նաեւ Երգի թատրոնում, բայց հիմա արդեն չեմ հասցնում երեք տեղ. աշխատում եմ միայն Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում»:
Առաջիկա ծրագրերի մասին Էմման առայժմ չի ցանկանում խոսել, բայց ամենամեծ ցանկությունը տեսահոլովակ նկարահանելն է: Նախորդ ձայնասկավառակն էլ դեռ թարմ է համարում, քանի որ երգեր կան՝ ճանաչված չեն, թեեւ կարող են հոլովակի միջոցով հայտնի դառնալ: Այնպես որ, երգչուհու պլաններում նոր ձայնասկավառակ առայժմ չկա.«Ինձ թվում է՝ եթե ունենամ նոր սկավառակ, այն կլինի լրիվ ուրիշ ոճի, եւ ես այլ կերպ հանդես կգամ»:
Ռուսլան Էլյազյանը եւ Անիտա Հախվերդյանը
Թեեւ համերգից առաջ երգչուհին խոստովանեց, որ շատ հուզված է, բայց բավական էր` դուրս գար բեմ, անհանգստությունը կորավ, սկսվեց «Շիկահեր ու կարճատես»-ը, եւ շուտով հանդիսատեսը սկսեց ձայնակցել նրան: Մնում է հուսալ, որ հաջորդ դադարն էլ երկար չի տեւի, եւ Էմմա Ասատրյանն իր երկրպագուներին կներկայանա նաեւ տեսահոլովակներով, նոր երգերով ու համերգներով:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: