×


Էվան ու Սոնան գերմանական դղյակից դատարկաձեռն չեն վերադարձել :)

Օպերային երգչուհի Սոնա Վարպետյանը եւ ռոք-երգչուհի Էվա Ոսկանյանը վերջերս մասնակցել են “Կոմիտաս” միջազգային երաժշտական փառատոնին, որը կայացել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Պրյոթցել ավանի դղյակում: 

“Eva RockBand” խմբի վոկալիստ Էվան


Երկրորդ անգամ տեղի ունեցող փառատոնը հովանավորվում է Արամ եւ Վահրամ Եկավյան եղբայրների  կողմից եւ նպատակ ունի Եվրոպայում ավելի ճանաչելի դարձնել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը:

Մրցել են դաշնակահարներն ու վոկալիստները: Դաշնամուրի անվանակարգում հաղթել է Ճապոնիան ներկայացնող Տակահիրո Ակիբան, վոկալի անվանակարգում` Ռուսաստանից Մարիա Կալեսիդիսը, դաշնամուրի երկրորդ տեղը կիսել են Ավստրիայից Լեւոն Ավագյանն ու Գերմանիայից Մարիա Անաստասիա Հոփֆերը, իսկ վոկալի երկրորդ տեղը բաժին է ընկել ԱՄՆ-ից Ռոբերտ Էլիբայ Հարթոգին:

“Eva RockBand” խմբի վոկալիստ Էվան


“Eva RockBand” խմբի վոկալիստ Էվան միջազգային մրցույթ-փառատոնին նախորդ անգամ պարզապես երգել է, իսկ այս անգամ  Կոմիտասի լավագույն կատարման համար ստացել է “Հանդիսատեսի համակրանք” մրցանակը եւ դաշնակահարների մրցույթում գրավել 3-րդ հորիզոնականը.“Դասական մրցույթին մասնակցելը շատ մեծ պատասխանատվություն էր,  հատկապես, որ ուրիշ ոճում եմ երգում: Միակն էի, որ մասնակցեցի մրցութային երկու բաժնում, մի քիչ էլ ծիծաղելի էր, որ ռոք կատարողը մասնակցում ու մրցանակ է ստանում:)”,-BRAVO.am-ին հայտնել է նա:

Էվայի խոսքով` մրցույթը ծառայում է իր նպատակին, քանի որ Եվրոպայում եւս մեկ անգամ խոսվում է Կոմիտասի մասին.“Շատ ուրախալի էր, որ մյուս երկրների մասնակիցները տեղեկացված էին Կոմիտասի երաժշտությունից, օրինակ` դաշնակահար ճապոնացի տղան ֆանտաստիկ ձեւով Կոմիտաս էր նվագում, հետո պարզեցինք, որ հայկական երաժշտության վերաբերյալ սեմինարներ է կազմակերպում”:

Օպերային երգչուհի Սոնա Վարպետյանը


24-ամյա Սոնա Վարպետյանը եւս նախորդ անգամ մասնակցել է միայն փառատոնային հատվածին, իսկ այս անգամ կատարել է Կոմիտասի “Կռունկ”, “Լորիկ”, ինչպես նաեւ Մոցարտի, Պուչինիի, Սանդովալի ստեղծագործությունները, որոնցից “Կռունկ”-ը երգել է ակապելլա` արժանանալով 3-րդ մրցանակին:

BRAVO.am-ի հետ զրույցում օպերային երգչուհին պատմել է, որ ժյուրիի քվեարկությամբ ամերիկացի մասնակցի հետ ունեցել են հավասար միավորներ եւ պայքարել երկրորդ մրցանակի համար, բայց հավելյալ քվեարկություն անցկացնելու արդյունքում 2-րդ տեղում հայտնվել է իր մրցակիցը.“Ինձ համար հիմա այնքան էական չէ մրցանակը, որքան շփումն ու փորձի փոխանակումը պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Հատկապես հաճելի էր պրոֆեսոր, դիրիժոր Բուխոլցի կողմից լսել գովեստի խոսքեր, որը մեծ ուրախությամբ արձագանքեց իմ ելույթին, նույնիսկ իր քվեարկությամբ ես առաջատարն էի: Նա  մրցույթից հետո ինձ ասաց, որ երաժշտի համար ամենակարեւորը հոգով երգելն է եւ միայն իմ դեպքում էր դա նկատել: Նաեւ ուսումս Գերմանիայում շարունակելու առաջարկ արեց”:

Օպերային երգչուհի Սոնա Վարպետյանը


Սոնա Վարպետյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներից է, այժմ նաեւ ուսանում է Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Այս ամռան ընթացքում նա պատրաստվում է մեկնել Ռումինիա, որտեղ վոկալի մասնագիտական կատարելագործման համար կմասնակցի վարպետության դասընթացների:

Հավելենք, որ “Կոմիտաս” միջազգային  փառատոնի ժյուրիի կազմում եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, միջազգային հանձնաժողովը ղեկավարել է Հայաստանի վաստակավոր արտիստուհի, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանը, որն Էվայի մայրն է:

BRAVO.am
Լուսանկարները` Էվա Ոսկանյանի եւ Սոնա Վարպետյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW