“Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Խմբի 6 մասնակցից երեքն արդեն հայտնի են` Եսայի Ալթունյան (Եվրոպա), Թամար Կապրելյան (Ամերիկա), Վահե Թիլբյան (Աֆրիկա): BRAVO-ն զրուցել է Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանի հետ, ով պատմել է մրցույթից իր սպասելիքների, անցած ուղու եւ, իհարկե, արմատների մասին:
Թամար Կապրելյանը
-Պատմեք Ձեր ընտանիքի մասին. Որտեղի՞ց եք արմատներով:
-Ծնվել եմ Միացյալ Նահանգներում, որտեղ ընտանիքս բնակություն էր հաստատել: Իմ պապիկը` Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Մուսելում: Իսկ հայրական կողմի պապս` Ջորջ Մարտիրոսյանը, ամուսնացել է ազգությամբ հրեա տատիկիս հետ:
-Ե՞րբ է եղել Ձեր առաջին ծանոթությունը հայրենիքի հետ:
-Իմ ծնողները միշտ պատմել են հայկական արմատներիս, մշակույթի մասին: Մենք տանը խոսել ենք հայերեն. մինչեւ 5 տարեկանն անգլերեն չեմ իմացել: Մինչեւ այժմ այդպես է. մենք տանը հնարավորինս փորձում ենք խոսել հայերեն, իհարկե` ներառելով անգլերեն որոշ բառեր:
Թամար Կապրելյանը
-Նախկինում եղե՞լ եք Հայաստանում:
-Այո, Հայաստանում էի նախորդ ամռանը: Տասն օրվա ընթացքում այցելել եմ հայկական եկեղեցիներ, պատմական վայրեր… Մենք առավոտյան 8-ին դուրս էինք գալիս, երեկոյան շատ ուշ վերադառնում. փորձում էինք շատ բան տեսնել, իմանալ:
-Քանի՞ տարի է` բեմում եք:
-Իմ ծնողներն ինձ պատմել են, որ ես ավելի շուտ սկսել եմ երգել, քան խոսել: Դա, կարծես, ինձ համար շատ բնական էր, ինչպես ուրիշների համար խոսելը: Իսկ երաժշտության ասպարեզ մտել եմ, երբ 15-16 տարեկան էի: Հետո սկսեցի ինքնուրույն դաշնամուր նվագել սովորել, երգեր հեղինակել: Այժմ էլ, բացի երգելուց, ստեղծագործում եմ:
-Հայաստանյան հանդիսատեսի հետ Ձեր առաջին շփումը, կարելի է ասել, “Եվրատեսիլ”-ի շնորհիվ է: Հնարավո՞ր է` ապագայում համերգով հանդես գաք Հայաստանում:
-Ինչու ոչ, դա կլինի կատարյալ տարբերակ: Ես մեծ սիրով կուզեի ելույթ ունենալ Հայաստանում:
Թամար Կապրելյանը եւ Եսայի Ալթունյանը
-Ունեք “Sinner or a Saint” անվանմամբ դեբյուտային ալբոմ, որը հաջողություն է գրանցել: Ե՞րբ եք պատրաստվում հաջորդը թողարկել:
-Այս տարի նախատեսում եմ նոր ալբոմ թողարկել: Այն էապես կտարբերվի նախորդից: Իմ նոր ձայնասկավառակը կլինի օրգանական ոճում, ինչը նշանակում է` երգերը կձայնագրվեն մեկ փորձից` ինչպես կենդանի կատարումներ: Հույս ունեմ` նրանք շատ բնական կհնչեն:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք “Եվրատեսիլ 2015”-ից: Ինչպիսի՞ ն են զգացողությունները, քանի որ երկիր ներկայացնելը մեծ պատասխանատվություն է:
-Շատ մեծ սպասելիքներ չունեմ, ցանկանում եմ, որ իսկապես լավ ներկայանանք. դա է գլխավորը: “Եվրատեսիլ”-ին միշտ եմ հետեւել, իսկ այս տարի այն ինձ համար դարձել է հայրենիքի հետ կապ հաստատելու եւս մեկ միջոց: “Genealogy” խմբի անդամ լինելը կօգնի նաեւ ներկայացնելու հայերին: Ինձ համար մեծ պատիվ է լինել խմբի մի մասնիկը:
Թամար Կապրելյանը
-Այս տարի Հայաստանը ներկայանալու է անմոռուկի խորհրդով եւ առաջին անգամ 6 մասնակցով: Ձեզ դո՞ւր է գալիս այս գաղափարը:
-Գաղափարն, իհարկե, շատ յուրօրինակ է: Այն միավորում է մարդկանց, դառնում կապող կամուրջ, որի շնորհիվ էլ մենք կմիավորենք հայկական սփյուռքը:
-Մեր պատվիրակներից երեքն արդեն հայտնի են, ի՞նչ կարծիք ունեք մյուս մասնակիցների մասին:
-Նախկինում առիթ չէր եղել ծանոթանալու, իսկ այժմ բոլորին գիտեմ եւ ուրախ եմ:
Զրուցեց Քրիստինա Բոյաջյանը/Bravo.am/
Լուսանկարները` Թամար Կապրելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: