Իննա Խոջամիրյանը ամառային հանգստի համար այս տարի ընտրել է Փարիզը: Ճամփորդության մանրամասները դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել լուսանկարներ:
Իննա Խոջամիրյանի ամառային հանգստը Փարիզում
«Տեւական ժամանակ էր, ինչ մտադրություն ունեի Փարիզ մեկնել: Լուրջ հանգամանքների բերումով հանգիստս ամեն անգամ հետաձգվում էր: Միայն այս տարի հաջողվեց, որ կրթական, աշխատանքային ու ստեղծագործական դադարներս համընկնեն: Մեկնումը սպոնտան ստացվեց, չնայած դեռ ամիսներ առաջ ամեն բան պլանավորված էր: Այս ճանապարհորդությունն ինձ համար մեծագույն նշանակություն ուներ ու կարեւոր էր»,- նշել է նա եւ ավելացրել, որ սեփական աչքերով առաջին անգամ տեսնելով այդ քաղաքը՝ ոչինչ չի զարմացրել եւ չի էլ հիասթափեցրել իրեն. «Չզարմացրեց, որովհետեւ ես արդեն իսկ տրամադրված էի ու գիտեի՝ ուր եմ գնում. Փարիզն անգամ իմ պատկերացումներում էր էպիկ ու հրաշալի»:
Դերասանուհին նշել է, որ վերադարձից հետո չի կարողանում պատասխանել հարազատների «ինչպես անցավ» եւ «Փարիզի տպավորություններից պատմիր» հարցերին. «Առհասարակ, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կարողանում են հույզերը փայլուն վերբալիզացնել ու նկարագրել, պատմել, խոսել նման բաների շուրջ: Ես ինչքան հուզված ու տպավորված եմ, այնքան փակվում եմ ինքս իմ մեջ ու չեմ կարողանում խոսքի միջոցով որեւէ բան փոխանցել: Կան բաներ, որ պետք է զգալ միայն, դրանք նկարներ, խոսք ու լեզու չեն դառնում»:
Իննա Խոջամիրյանի ամառային հանգստը Փարիզում
Իննայի համար Փարիզը զարմանահրաշ քաղաք է: 8-օրյա ճամփորդությունը լի է եղել բացահայտումներով եւ նոր հույզերով: «Անցկացրած օրերս բոլորը հագեցած էին բառի բուն իմաստով: Ինչպես Մոնտենն է գրել՝ «Փարիզը Ֆրանսիայի փառքն է ու աշխարհի զարդերից մեկը»: Շատ մեծ հոգեւոր ու մշակութային պաշար կուտակեցի. Լուվրը, Պիկասսոյի թանգարանը, Օրսեյի թանգարանը(Վան Գոգ, Պոլ Սեզանն, Կլոդ Մոնե, Ռեմբրանտ), Աստվածամոր տաճարը, Լատինական թաղամասը, Հաղթական կամարը, Մոնմարտրն ու Փարիզի պարծանքը` Էյֆելյան աշտարակը, Ռոդենի թանգարանը, թագավորական այգին եւ, իհարկե, չքնաղ Սեննան: Բոլորը ֆանտաստիկ ու բոլորը մեկ քաղաքում. պահեր են լինում նույնիսկ, երբ երջանկությունից դժվարանում ես շնչել»,- պատմել է նա եւ հավելել,- «Հետաքրքիր փոքրիկ բացահայտում ունեցա: Շատ էի ուզում Ռոդենի քանդակները տեսնել: Թանգարանում մի քանի ցուցանմուշ «Մտածողը» կար: Գիդին խնդրեցի ուղղորդել բնօրինակի մոտ, նա էլ ասաց՝ «որի վրա Ռոդենի ստորագրությունը տեսնեք` բնօրինակն է»: Ապշած էի․ բոլորի վրա Ռոդենի ստորագրությունը կար, չգիտեի, որ «Մտածող»-ին նա բազմիցս է քանդակել»:
Իննա Խոջամիրյանի ամառային հանգստը Փարիզում
Ճամփորդության միջոցով Իննան իրագործել է երազանքներից մեկը. «Անիրականանալի մի երազանք եմ միշտ ունեցել` թեկուզ մի քանի րոպեով հայտնվել 17-18-րդ դարերում, երբ Փարիզում Լյուդովիկոսյան ժամանակաշրջան էր` միապետներ, դուքս-դքսուհիներ, թագավորական պալատ, ու հանրությունն ուշ միջնադարյան ֆրանսիական հագուստով` այդ թվում եւ ես: Երազանքս կատարված եմ համարում, պատմական վայրեր այցելելիս 2017-ի գերժամանակակից իրականությունը կարողացա լցնել իմ միջնադարյան պատրանքներով ու մի պահ կարողացա որսալ Լյուդովիկոսների ու Նապոլեոնի պատմական շունչը: Ճանապարհորդության առաջին իսկ օրն ինձ համար շատ մեծ արժեք ունեցող ու հարազատ մի մարդ ասաց․ «Պիտի կարողանաս զգալ ու վայելել Փարիզը, երբ արագ տեղից տեղ ես անցնում տեսնելու, նկարվելու, ներկա ստանալու համար, դու էդպես էլ չես կարողանում տեսնել իրական Փարիզը. չնայած Փարիզը տեսնելը քիչ է, այն պետք է զգալ»: Չգիտեմ ինչքանով հասցրեցի Փարիզը տեսնել ու ինչ բացթողումներ եղան, բայց ես զգացի այն: Զգացի բառացիորեն ու նոր ուժով սկսեցի սիրել Փարիզը, եւ ոչ միայն:)»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: