×


Իննա Խոջամիրյանի ելույթն «անկանխատեսելի» հանդիսատեսի առջեւ:)

Իննա Խոջամիրյանն օրերս առիթ է ունեցել հեքիաթ կարդալ փոքրիկների համար: Դերասանուհին մասնակցել է «Հեքիաթից ծնված տիկնիկը» նախագծին, որի մասին պատմել ենք: Միջոցառումից հետո նրա հետ խոսել ենք տպավորությունների մասին, եւ ոչ միայն:

«Սա փոքրիկ ներկայացման առաջարկ էր եւ իմ առաջին  քայլը հանդիսատեսի հետ աշխատելու, այն էլ՝ չափազանց կամակոր ու անկանխատեսելի. երեխաները շատ ավելի պահանջկոտ ու խիստ ունկնդիր են, քան մեծահասակները»,-նշել է Իննան:


Դերասանուհին հավաքված փոքրիկների համար կարդացել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը.«Առաջարկը սիրով ընդունեցի, բայց մինչեւ վերջին վայրկյանը մեծ մտավախություններ ունեի։ Ողջունելի գաղափար է նաեւ նրա համար, որ անց է կացվում Գրականության եւ արվեստի թանգարանում, որի մասին, ցավով պիտի նշեմ, մեծերի ու փոքրերի ճնշող մեծամասնությունը ինչ-ինչ պատճառներով նույնիսկ չգիտի, չի այցելել երբեւէ՝ չնայած բացառիկ ցուցանմուշներին ու արխիվային բազմազանությանը: Հեքիաթն ինձ համար արդեն ընտրված էր։ Մի կողմից հրաշալի ընտրություն էր, որովհետեւ անկախ ինձնից՝ ընտրվել էր իմ ամենասիրելի հեքիաթներից մեկը, մյուս կողմից բավական բարդ, որովհետեւ հեքիաթը երկար է, եւ նույնիսկ սեղմ տարբերակով հատում է 8-9 էջի սահմանը։ Երեխայի ուշադրությունը պարզապես ընդունակ չէ այդքան կենտրոնացած մնալ:): Պետք է անընդհատ շեղվել -վերադառնալ բուն թեմային եւ կարողանալ այնպես անել, որ շեղվելուց թեմատիկ գիծը չկտրվի»:


Իննան պատմել է, որ օրվան փորձել է մանրակրկիտ կերպով պատրաստվել.«Մոտ 20 անգամ վերընթերցեցի հեքիաթը, կերպարային վերլուծություններ արեցի, Աղայանի հեքիաթի պատմական իրողություններն ու փաստերը հավաքագրեցի: Հենց մտա դահլիճ, կուտակված ամբողջ լարվածությունը թոթափվեց։ Իմ անասելի ջերմ հանդիսատեսն ինձ մեծ սպասումով ընդունեց, ոմանք նույնիսկ նվերներ էին բերել, որոնք վերջում նվիրեցին, ու այժմ մեր տանը համապատասխան պահարանում իրենց տեղն ունեն։ Սահուն ավարտեցինք հեքիաթը, Վաչագան թագավորի տիկնիկը պատրաստեցինք, զրուցեցինք։ Անչափ ուրախ եմ, որ որեւէ չնչին քայլով կարողանում ես այդքան ժպիտներ տեսնել ու ուրախացնել մարդկանց:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իննա Խոջամիրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին