Սիրուշոն այսօր “Facebook”-ի իր էջում պատմել է օրերս ներկայացրած “ՊռեԳոմեշ” երգի մասին` նշելով, թե այս աշխատանքի ստեղծման ողջ ընթացքը մեծ ճանապարհորդության նման է եղել, որի մանրամասները, իր զգացողությունները եւ թե ինչ է ցանկացել փոխանցել հանդիսատեսին, փորձել է գրի առնել.
Սիրուշոն
Սիրուշոն պատմում է “ՊռեԳոմեշ”-ի ստեղծման մասին
“Կյանքը մեզ ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը: Երբ փոքր էի, շատ չէի լսում ժողովրդական երաժշտություն, իսկ ժողովրդական երգերին ծանոթ էի մորս եւ նրա կոլեգաների կատարումներից: Երբ հորս խորհրդով սկսեցի ձայնագրել Շերամի երգերը, ինքս ինձ համար բացահայտեցի, թե որքան իմն է այն: Քանի որ փոքր տարիքից ստեղծագործում էի ժամանակակից ոճում, որոշեցի ինձ երկու հարազատ ժանրերը համատեղել: Վերջերս, երբ Կոմիտաս էի լսում, “Լոռվա գութաներգ”-ի մեջ ինձ մի հատված այնքան ոգեշնչեց, որ մի ակնթարթում մտովի լսեցի իմ նոր երգը եւ պատկերացրեցի տեսահոլովակը:
Սիրուշոն
Պետք էր այս ամենը հերթականությամբ իրականացնել, իսկ ինձ մոտ այդ հերթականությունը չի սահմանափակվում գործիքավորում, խոսքեր եւ ձայնագրում պրոցեսով: Սկսեցի ուսումնասիրել “Լոռվա գութաներգ”-ի հետ կապված գրեթե բոլոր նյութերը, ընթերցեցի Կոմիտասի գրած վերլուծությունը այս երգի շուրջ, հանդիպեցի մարդկանց, ովքեր քաջածանոթ են վարպետի ստեղծագործություններին եւ դրանց ծագմանը, մասնագետների, ովքեր առհասարակ դեմ են Կոմիտասի երաժշտության ժամանակակից ներկայացմանը եւ փորձեցի հասկանալ` ինչու: Չնայած նրան, որ չէի պատրաստվում նորովի ներկայացնել Կոմիտասի աշխատանքը, այլ այն ուղղակի իմ ոգեշնչման աղբյուրն էր հանդիսացել, ամեն դեպքում ինձ համար շատ կարեւոր էին բոլոր ուսումնասիրություններս:
Սիրուշոն
Երգիս երաժշտությունը եւ ռիթմը աշխարհի այսօրվա զարկերակի եւ ներվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս, չեմ ուզում անտեսել այն ժամանակը եւ իրականությունը, որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային, պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի, հիմնված լինի հայկական հիմքերի վրա եւ ասելիք ունենա:
Սիրուշոն
Խոսքս տեղ հասցնելու համար ինձ պետք է օգներ երգիս հերոսը՝ գոմեշը: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ եւ համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ եւ գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջեւ ու իր քայլերի մեջ, ով ինչպես երգիս հերոսը, լուռ եւ պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է…”:
BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: