«Երեկ վերջին անգամ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ավարտին ասացի՝ «Շնորհակալություն ուշադրության համար: Բարի գիշեր»»` նախօրեին նման գրառում էր կատարել հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը: BRAVO.am-ը նրանից փորձել է ճշտել, թե որն է եղել աշխատանքը թողնելու պատճառը: Պարզվեց` Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունն այսուհետ նորովի է ներկայանալու: «Լուրեր»-ի չորս մեկնաբաններին` Մամիկոն Սիմոնյանին, Մերի Ներսիսյանին, Էսթեր Մեսրոպյանին եւ Դավիթ Գրիգորյանին փոխարինելու են նոր հաղորդավարներ:
«Որոշումը «Լուրեր»-ի նորանշանակ ղեկավարինն է: Նրա որոշմամբ՝ այսուհետ լրատվական ծրագրի մեկնաբանը պետք է պարտադիր լինի նաեւ լրագրող: Հաստիքներում նույնիսկ փոփոխվում է այդ կետը: Երկուշաբթի օրվանից նրանց կտեսնեք եթերում: Վստահ եմ, որ կսիրեք ու կգնահատեք»,- մեր զրույցում նշեց Մամիկոնը:
Մամիկոն Սիմոնյանը
Հաղորդավարն ասաց՝ դեռ չգիտի, թե ինչ նախագծում կներկայանա. նոր առաջարկ չի ստացել: Բայց նշեց, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում այդ հարցը նույնպես կորոշվի, գուցե կրկին վերադառնա առավոտյան ծրագրում իր աշխատանքին: Մամիկոնը նաեւ խոստովանեց, որ առավոտյան ծրագրի ձեւաչափն իրեն ավելի հոգեհարազատ է, քանի որ լրատվականում չկան այն ազատությունն ու էմոցիան, որ կան հաղորդումների այլ ձեւաչափերի դեպքում:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նոր տնօրեն է նշանակվել Պետրոս Ղազարյանը: Նրա կատարած փոփոխությունների համաձայն` Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն այսուհետ հեռուստադիտողին կներկայացնեն Լիլիթ Աղբալյանը, Տաթեւ Դանիելյանը, Մերի Ներսիսյանը, Լիլիթ Դանիելյանը, Սոնա Աղբալյանը եւ «Լուրեր»-ի թիմը:
Մամիկոն Սիմոնյանը, Մերի Ներսիսյանը, Էսթեր Մեսրոպյանը եւ Դավիթ Գրիգորյանը
Այս առիթով Մերի Ներսիսյանը նույնպես իր «ֆեյսբուքյան» էջում գրառում է կատարել.«Մեր քառյակին վաղվանից «Լուրեր»-ում չեք տեսնի: Ուրախ եմ, որ հանդիպեցինք, աշխատեցինք առանց կոնֆլիկտի ու դարձանք լավ ընկերներ: Դեռ երիտասարդ ենք, վստահ եմ՝ միասին աշխատելու շատ առիթներ ենք ունենալու: Ընդամենը 4 ամսում սիրահարվեցի լրատվական ոլորտին, ինքս ինձ շատ բան ապացուցեցի ու վերջապես հասկացա, թե մի քանի տարուց ուր եմ հասնելու:
Ես կշարունակեմ աշխատել «Լուրերի» թիմում՝ որպես միջազգային լուրերի մեկնաբան: Նոր գործընկերներիս էլ հաջողություն եմ մաղթում»,- նշել է նա:
Դավիթ Գրիգորյանն էլ գրել էր, որ ավարտել է աշխատանքը Հանրայինի լրատվականում եւ այժմ բաց է աշխատանքային առաջարկների համար:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: