×


Սոֆի Մխեյանը եւ Քրիստինե Պեպելյանը

Ինչպես Քրիստինեն հուզեց հանդիսատեսին եւ ինչու նախապես հայտարարված չէր Սոֆիի ելույթը

«Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով բարեգործական համերգը երեկ իր շուրջն էր համախմբել հայ երգիչ-երգչուհիներին ու երաժշտական խմբերին: «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառման ողջ հասույթը փոխանցվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցելու նպատակով: «Արամ Խաչատրյան» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում հավաքված մարդիկ նույնպես եկել էին իրենց լուման ներդնելու բարի գործում:

Համերգին մասնակցում էին Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, «Նեմրա», «Գողթ», «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ», «Կարինա Առուստամյան եւ The Band» խմբերը։ Երեկոն վարում էին Լուսինե Բադալյանը եւ Սուրեն Առուստամյանը: Ի դեպ, Սոֆի Մխեյանի անունն ի սկզբանե նշված չէր ելույթ ունեցող արտիստների ցանկում, եւ երգչուհին իր խոսքում նշեց, որ առաջարկը ստանալու պահին հստակ չի իմացել՝ կկարողանա ներկա գտնվել, թե ոչ.«Երբ Ելենան ինձ զանգահարեց, մեկ վայրկյան անգամ չվարանեցի ու ասացի՝ իհարկե, իրենց կողքին եմ: Պարզապես չգիտեի՝ շրջագայությունս ինչքան կտեւի. քաղաքում կլինեմ, թե ոչ: Դրա համար ճիշտ կլիներ՝ նկարս չհայտնվեր պաստառին, որ հետո հուսախաբ չլինեին այն մարդիկ, ովքեր գուցե գալու էին իմ երգերը լսելու: Բայց այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին, եւ ուզում եմ ասել՝ առողջ եղեք»:

Սուրեն Առուստամյանը, Լուսինե Բադալյանը եւ Արամ MP3-ն


«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Բուլղադարյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ բոլոր արտիստներն էլ պատրաստակամ են եղել մասնակցել համերգին ու սիրով ընդունել են իրենց հրավերը.«Նույնիսկ մի քանի խումբ այսօր այլ ելույթներ ունեին, բայց մի կողմ դրեցին, որ մասնակցեն մեր բարեգործական համերգին: Այնպես որ, անչափ շնորհակալ եմ բոլորին: Նման համերգներ նախկինում շատ ենք ունեցել, բայց սա ամենամեծն է եղածների թվում»:

«Նեմրա» ռոք-խումբը


Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգի կատարումն էր: Երգչուհին, դիմելով դահլիճին, ասաց` ովքեր ուզում են իր հետ երգել, կարող են գալ բեմ կամ թեկուզ տեղից ձայնակցել: Բայց մանուկները սիրով միացան նրան բեմում եւ նույնիսկ երգից հատվածներ կատարեցին Քրիստինեի հետ.«Իմ այս երգն արդեն 14 տարեկան է, եւ ես չէի կարող այսօր չկատարել այն: Մեզ համար մեծ ուրախություն է լինել հիշված ու սպասված: Բայց գիտեք, բոլոր համերգները չեն, որ ունենում են նույն հույզերը. ամեն համերգ իր ասելիքն ունի, իր նպատակը, ու արտիստն էլ այդ ժամանակ մի առանձնահատուկ առաքելություն ունի կատարելու: Այսօրվա համերգը յուրահատուկ է, եւ ես շնորհակալ եմ հրավերի համար»,- նշեց Քրիստինեն:

«Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի նախաձեռնած միջոցառմանը


«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է դեռեւս 2011 թվականից, ֆինանսական եւ բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերում անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաեւ աջակցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Այս 7 տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 50 առողջական խնդիրներ ունեցող երեխաների եւ 400 անապահով ընտանիքների՝ կազմակերպելով 80-ից ավել բարեգործական միջոցառումներ։ Եթե դուք նույնպես ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ երեխաների բուժման գործում, ապա կարող եք փոխանցում կատարել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետեւյալ հաշվեհամարներին`

15700 13385300100 (AMD)
15700 13385300101 (USD)
15700 13385300146 (EUR)
15700 13385300158 (RUR)

Եվ հիշեք`բարությունը հիմա է, այստեղ :):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին