×


“Խաչատրյան տրիո”-ն սեր է խոստովանել Երեւանին :)

Դասական երաժշտության սիրահարները երեկ` հուլիսի 1-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վայելել են “Խաչատրյան տրիո”-ի կատարումները: Ճարտարապետության միջազգային օրվա առիթով կազմակերպված գեղեցիկ համերգը նվիրված էր մեր մայրաքաղաքին, եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչյունների ներքո բեմում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել են հին Երեւանի լուսանկարները:

"Խաչատրյան տրիո"-ն


Երեկոյի ընթացքում հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի “Երեւանյան Էտյուդները”, Ալեքսանդր Հարությունյանի “Վեց տրամադրությունը” եւ Տիգրան Մանսուրյանի “Տրիոն”: Ի դեպ, մաեստրոն եւս ներկա էր համերգին:

“Խաչատրյան տրիո”-ի երաժիշտների` դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի,  ջութակահար Կարեն Շահգալդյանի եւ թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ ելույթ են ունեցել նաեւ ջութակահարուհի Քրիստինե Անտոնյանն ու ալտահարուհի Յանա Դարյանը:

Տիգրան Մանսուրյանը


Համերգի բացման խոսքով է հանդես եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` հայերենով բարեւելով հյուրերին ու նշելով, որ մեր երկրների ճարտարապետություններն ամուր կապ ունեն.“Այսօր հնչող ստեղծագործությունների հայ հեղինակները եւս ամուր կապեր են ունեցել Ֆրանսիայի հետ”:

Կարեն Շահգալդյանը BRAVO.am-ին ասել է, որ իրենց ելույթների ժամանակ հին Երեւանի լուսանկարներն օգտագործել են` ոգեշնչված Մեդիամաքսի  “Երեւան. XX դար” գրքից: Հիշեցնենք, գրքում ներառվել է 15 պատմություն այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն մեր մայրաքաղաքի համար:

Երեւանին նվիրված համերգին


“Մենք ընկերություն ենք անում Մեդիամաքսի, նաեւ “ԱրմենՏել” ընկերության հետ, ունենք այդ գիրքը, ոգեշնչված ենք ու  որոշեցինք “էկրանավորել”: Զգացել ենք, որ երաժշտությունն ու մեր քաղաքի ճարտարապետությունը փոխկապակցված են”,-նշել է ջութակահարը:

Երաժիշտը նաեւ խոստովանել է, որ իրեն ավելի հոգեհարազատ է 50-ականների Երեւանը.“Բայց ուզում եմ անպայման նշել, որ յուրաքանչյուր ժամանակահատված իր գեղեցկությունն ունի: Ես ծննդով երեւանցի չեմ, բայց կարծում եմ` երեւանցին նա է, ով սիրում ու հոգ է տանում իր մայրաքաղաքի մասին”:

Ջութակահար Կարեն Շահգալդյանը


Երեկոյի ավարտին “Խաչատրյան տրիո”-ի երաժիշտները նշել են, որ համերգը սիրո խոստովանություն էր Երեւանին ու խոստացել շարունակել համերգային ակտիվ գործունեությունը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW