“Կռունկ”. այսպես է կոչվում Ալին Գոյանի, Lazzaro-ի եւ Այդին Դավուդիի համատեղ աշխատանքը, որի տեսահոլովակը կարող եք դիտել BRAVO.am-ի Videos բաժնում: Այն նկարահանել են ռեժիսոր Սերժ Գաբյանը, օպերատորներ Արտյոմ Աբովյանն ու Արսեն Մաթեւոսյան, իսկ աքսեսուարները պատրաստել են Նուռը եւ Սարգիս Մնացականյանը:
Ալին Գոյանը` “Կռունկ”-ի նկարահանումներին
Ալին Գոյանը մեզ հետ զրույցում մեկնաբանել է տեսահոլովակի այլաբանական իմաստը.“Այժմ մարդիկ իրար հանդեպ ագրեսիվ են ու անհանդուրժող, հեռանում են հոգեւոր արժեքներից` մխրճվելով նյութականի պայքարի մեջ, դառնում թշնամիներ, իսկ կռունկը` ազատության խորհրդանիշը, պարզապես կխեղդվի այս միջավայրում: Սյուժեի գաղափարը, կարծես, բոլորիս սրտից էր. հերոսը պայքարում է չարության, թշնամանքի ու ատելության դեմ իր բարությամբ: Կարծում եմ` Վարդան Մնացականյանը կարողացել է հրաշալիորեն մարմնավորել հերոսի հավաքական կերպարը: Ցանկանում էինք մեր գաղափարը հասանելի դարձնել, նաեւ պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած քննադատություն”:
“Կռունկ” տեսահոլովակի հերոսին մարմնավորած Վարդան Մնացականյանը
Ժողովրդական երգեր կատարող երգչուհու փոխանցմամբ` “Կռունկ”-ի ստեղծման եւ գործիքավորման վրա երկար են աշխատել, այդ պատճառով տեսահոլովակի պրեմիերան հետաձգվել է.“Այդինը պատասխանատու է օրկեստրովկայի, իսկ Լազարոն` էլեկտրոնային ռիթմերի համար: Ըստ էության` նրանք փորձել են համադրել դասականն ու էլեկտրոնայինը: Երգի մեղեդին վերցրել ենք Կոմիտասի մշակումից, բայց գործիքավորումը բոլորովին այլ է. այդ պատճառով չենք նշում Կոմիտասի անունը, որ թյուրիմացություն չլինի”:
Տեսահոլովակի մասին նաեւ զրուցել ենք ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ, որը պատմել է` սյուժեն առաջացել է նկարահանելու առաջարկը ստանալուց հետո, եւ ի սկզբանե այն պատկերացրել է սեւ-սպիտակ.“Երբ գաղափարս ներկայացրի թիմին, ընդունեցին, այնուհետեւ որոշ տարրեր միասին ավելացրինք: Կռվի տեսարանները բեմադրված են, օգտագործել ենք նաեւ վավերագրական մի քանի կադր, որոնք կապ չունեն մեր երկրի հետ, բայց այդ ցույցերի դրվագները գեղարվեստորեն համապատասխանում են սյուժեին”:
Ալին Գոյանը` “Կռունկ”-ի նկարահանումներին
Սերժ Գաբյանը հայտնել է, որ տեսահոլովակում խորհրդանիշներից մեկը եգիպտական Անուբիս աստվածն է` բորենու գլխով եւ մարդու մարմնով, որն ուղեկցում է մարդկանց ստորգետնյա աշխարհ.“Հաղորդագրությունները մի քանիսն են՝ կրոնը, իշխանությունն ու հասարակությունն իրարից շատ են հեռացել, ինչից տուժում է հենց հասարակությունը: Մինչեւ մարդն իր մեջ եղած Անուբիսին` ներքին չարությանը, չհաղթի, ոչնչի եւ ոչ ոքի չի հաղթի: Չարն ու բարին աշխարհում իրենց տեղն ունեն, ոչնչացման ենթակա չեն, եւ պետք է ճիշտ կիրառում գտնել. չարին չարությամբ չես հաղթի, որովհետեւ քեզ վրա ուժ գործադրողը պրոֆեսիոնալ է այդ հարցում: Ամեն մեկս պետք է իր հաղթանակի ուրույն ձեւը գտնի: Մեր հերոսը կանգնում է մահվան աստծո դիմաց ու սկսում շոյել գլուխը, Անուբիսն էլ դառնում է իր շունը: Այնպես ենք մոնտաժել, որ ամեն մեկն իր ձեւով ընկալի”:
Ռեժիսոր Սերժ Գաբյանը
Հավելենք, որ Ալին Գոյանը նախատեսում է թողարկել իր առաջին ձայնասկավառակը, որում դասական գործիքավորմամբ կներկայացնի ժողովրդական, քնարական, գեղջկական, քաղաքային երգեր. “Ալբոմը երգչի երկարատեւ գործունեության արդյունքն է: Երբ երգերի վրա աշխատում ես, ցանկալի է վերջում համախմբել մեկ սկավառակում եւ ներկայացնել լսարանին”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Ալին Գոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: