Ուղիղ 20 տարի առաջ հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել “Ամարաս”-ի առաջին դասը։ Աշոտ Մարտիրոսյանի հիմնած պարային ստուդիան տարիներ շարունակ ղեկավարում է նրա դուստրը՝ Վիկա Մարտիրոսյանը, որի նախաձեռնությամբ էլ երեկ կայացել է խմբի հոբելյանական համերգը։
Վիկա Մարտիրոսյանը` դստեր հետ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում “Ամարասի” պարողներն էին եւ նրանց ընկերները։ 20 տարի եւ 20 պարային բեմադրություն. հայկական, վրացական, իսպանական, հիփ-հոփ ու այլ ոճերի պարեր ներկայացնող խումբն առանց դադարի ու առանց հաղորդավարական խոսքի ներկայացրել է պարային շոու։
Համերգին ոչ միայն երգել, այլեւ պարել են խմբի հետ տարբեր տարիներին համագործակցած երգիչները՝ Էրիկը, Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Հռիփսինե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, նաեւ Վիկայի դուստրը՝ Նանուլը, իսկ դհոլահար Էֆոյի, երաժիշտներ Կարենի ու Սեւակի նվագակցությամբ համարներն ուղեկցվել են պարային նոր բեմադրություններով, ելույթ են ունեցել նաեւ “Մուշ” պարային համույթի սաները:
Արամեն` "Ամարաս"-ի հոբելյանական համերգին
Գեւորգ Մարտիրոսյանը կատարել է Բրունո Մարսի երգերից, պարել Մայքլ Ջեքսոնի ոճով ու վերջում ամփոփել իր երգացանկի “Հալալ ա” երգով։ Քրիստինե Պեպելյանը կատարել է “Չէ, չէ, չէ” երգը, որի տեսահոլովակը հայտնի է ամարասցիների պարային շարժումներով, նաեւ միակն է, ով շնորհավորել է բեմից.“Մեր ընկերությունն արդեն երկար տարիների պատմություն ունի, եւ ուրախ եմ, որ որեւէ բան չխոչընդոտեց մեզ միասին առաջ շարժվել: Եթե մարդ այսքան տարի կարողանում է ներկայանալ հանդիսատեսին, արդեն իսկ մեծ բախտավորություն է, եւ ասելիքն ուղղակի մեծ է”։
Գլխավոր “ամարասցին”՝ Վիկան, համերգի ավարտին բոլոր սաների հետ ներկայացրել է եզրափակիչ համարն ու նշել իր կողքին գտնվող մարդկանց անունները.“Շնորհակալ եմ ողջ անձնակազմին, ծանր ու դժվար էր, մանավանդ որ աշխատում էինք 4 տարեկան բալիկների հետ, ովքեր առաջին անգամ էին բեմ բարձրանում”, -ասել է պարուհին եւ բեմ հրավիրել իր ծնողներին.“Շնորհակալ եմ, որ ինձ կանգնեցրել եք ճիշտ ուղու վրա, որ կարողանամ շարունակել ձեր արվեստը։ Շնորհակալ եմ իմ ամուսնուն, համերգի ռեժիսոր Արթուր Մանուկյանին, պարուհիներին, պարուսույցներին՝ Մանեին, Սեդային, Լիային, եւ բոլորին”։
Քրիստինե Պեպելյանը` "Ամարաս"-ի հոբելյանական համերգին
Վարագույրները փակվելուն պես ետնաբեմում աշխույժ իրարանցում էր. փոքրիկ պարուհիները միաձայն բղավում էին` “Ամարաս”, լուսանկարվում էին գեղարվեստական ղեկավարի հետ ու միմյանց շնորհավորում, Վիկա Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում պատմել է, որ երեք ամիս շարունակ անհանգիստ լինելուց հետո այժմ կարող է շունչ քաշել.“Մեր կողքին նաեւ պետք է լինեին “Ամարաս”-ի առաջին սերնդի պարողները, բայց, ցավոք, այս օրերին արտերկրում հյուրախաղերի են։ Մեզ հետ էին տղա պարողներ, որոնք մեր խմբից չեն, բայց միասին աշխատում ենք։ Առաջին մարդը, ում հայտնել եմ այս համերգի մասին, Քրիստինե Պեպելյանն էր, քանի որ վստահում եմ եւ կարեւորում նրա կարծիքը։ Հենց նրա խորհրդով է, որ չկար հաղորդավարական խոսք. նա շատ մանրուքներում է օգնել”։
Վիկա Մարտիրոսյանի խոսքով` դադար չի ունենա, քանի որ առաջիկայում նախատեսված են ամանորյա նկարահանումները.“Բայց հիմա ավելի շատ կլինեմ ընտանիքիս կողքին։ Պետք է խոստովանեմ, որ լարված փորձերի ընթացքում տանը գրեթե չեմ եղել: Շնորհակալ եմ ամուսնուս, որ ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին։ Նրան ասել եմ, որ արդեն շատ ժամանակ կտրամադրեմ եւ արդեն կմտածենք երկրորդ երեխան ունենալու մասին”։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: