Հայ երգիչ-երգչուհիներն ու ազգագրական երգի-պարի համույթները երեկ համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ: Նրանք մասնակցել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած բարեգործական համերգին, որի ողջ հասույթը տրամադրվելու է զինծառայողների առողջության վերականգնման կենտրոնի նորոգմանն ու վերազինմանը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության եւ Քառօրյա պատերազմի մասնակիցների «Դիրքապահ» միավորման նախաձեռնությամբ: Վերջինիս ղեկավար կազմում ընդգրկված են հայրենիքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորում ստացած տղաներ, որոնց մեծ մասն իրենց ծնողների հետ երեկ ներկա էին համերգին: Երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրրոն, ով նաեւ Մշակույթի նախարարի խորհրդականն է եւ ծրագրի համահեղինակներից մեկը, BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման գլխավոր նպատակը նախեւառաջ երախտագիտություն հայտնելն է մեր զինվորներին, ովքեր այսօրվա մեր ֆիզիկական գոյության երաշխավորն են:
«Շնորհակալություն, հայ զինվոր» խորագրով համերգին
«Ծրագրին աջակցելով՝ յուրաքանչյուրս մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս մեր զինվորի նկատմամբ: Միջոցառման հասույթը տրամադրվելու է զինհաշմանդամների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին, որպեսզի տղաները կարողանան ժամանակակից տեխնոլոգիաներով բուժում ստանալ եւ արագ ապաքինվել»,- ասաց նա:
«Շնորհակալություն, հայ զինվոր» խորագրով համերգին մասնակցում էին Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկ Կարապետյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ այլ կատարողներ, ինչպես նաեւ «Սասնա ծռեր», «Մարաթուկ», «Տարոնցիներ», «Մասունք» եւ պարային այլ համույթներ: Ամեն ինչ արված էր երեկոյի բարձր տրամադրությունն ապահովելու համար, հանդիսատեսն էլ իր ուրախ ծափողջույններով միանում էր բեմում պարող խմբերին ու ծանոթ-անծանոթ երգերին: Չէ՞ որ իրենք էլ ծրագրի մասնակիցներից էին, ովքեր ներդրում էին ունենալու նախաձեռնության իրականացման գործում:
Շուշան Պետրոսյանը
Հայ արտիստներն էլ խնամքով ընտրել էին այն երգերը, որ կատարելու էին համերգին. բոլորն էլ նվիրված էին հայ զինվորին ու հայրենիքի պաշտպանության գործին: Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ չի եղել նման որեւէ նախագիծ, որին չմասնակցի: Համաձայնում է՝ նույնիսկ առանց քննարկելու: Բացառություն կարող են լինել միայն այն դեպքերը, երբ ինքն Արցախում է կամ գործուղման որեւէ երկրում. «Թող Աստված ուժ տա մեր երեխեքին, որ նրանք չթուլանան եւ չհուսահատվեն: Միայն այդպես կարող են հաղթահարել դժվարությունները: Երբ սիրտդ բաբախում է եւ ունես ոգի, ամեն ինչ հաղթահարելի է»,- նկատեց երգչուհին:
Զարուհի Բաբայանն էլ նշեց՝ բարեգործություն կատարելուց առաջ կա մի շատ ավելի կարեւոր գաղափար՝ կանգնել այն տղաների կողքին, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն մեր խաղաղության, հանուն մեր կյանքի ու ապագայի.«Այս ծրագրով մենք ուզում ենք ցույց տալ, որ անչափ կարեւորում ենք նրանց կյանքը եւ պարզապես ցանկանում ենք լինել նրանց կողքին: Ամենահետաքրքիրն այն է, որ երբ մենք նրանց այցելեցինք վերականգնողական կենտրոնում, շատ դրական էին տրամադրված՝ անկախ իրենց վնասվածքներից, անկախ շատ այլ խնդիրներից: Նրանք մեզ ասացին, որ կարող ենք այցելել իրենց ցանկացած օր, երբ ցանկանանք շփվել, խոսել, տեսնել իրենց, որովհետեւ երեկոներն իրենց մոտ շատ ուրախ են անցնում: Ես էլ խոստացել եմ, որ մի օր անպայման անակնկալ եմ անելու եւ պատահաբար այցելելու եմ կենտրոն, որ նրանց հետ երեկո անցկացնեմ (ժպտում է,- հեղ.)»:
Արսեն Գրիգորյանը՝ Մրրոն
Հավելենք, որ դուք նույնպես կարող եք միանալ ծրագրին եւ նվիրատվություն կատարել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորմանը` փոխանցում կատարելով հետեւյալ հաշվեհամարներին`
Ամերիաբանկ
AMD 15700 27028900100
USD 15700 27028900101
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
5,629







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: