×


Հայկոն եւ Դալիթան մասնակցում են Մալթայի երաժշտական փառատոնին

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի Հայկական օրերի շրջանակում երեկ Վալետայի հայտնի Օպերային թագավորական թատրոնի (Pjazza Teatru Rjal) տարածքում տեղի է ունեցել Հայաստանը եւ Մալթան տարբեր տարիներին «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրած արտիստների բացօթյա համերգը:  

«Հայկական կողմից» հանդես են եկել Հայկոն եւ Դալիթան: Հիշեցնենք, որ Հայկոն «Եվրատեսիլ»-ում մեր պատվիրակն էր 2007 թվականին՝ «Any Time You Need» երգով:

Հայկոն


«Առաջին անգամ եմ Մալթայում ու շատ ուրախ եմ, որ այստեղ անց են կացվում Հայաստանի մշակույթի օրեր եւ ամեն օր խոսվում է հայ արվեստի, մեր մեծերի մասին: Հաճելի է նաեւ, որ ես նույնպես մի փոքր լումա ունեմ այս գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ: Շնորհակալ եմ նաեւ Իտալիայում եւ Վալետայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին՝ Հռոմից ժամանելու եւ մեր կողքին լինելու համար»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Հայկոն:

Հայկոն մեզ հետ կիսվել է նաեւ առաջիկա ծրագրերով.«Երեւան վերադառնալուն պես կշարունակեմ աշխատել ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք  թիկունքում» թատերական բեմադրության երաժշտության վրա: Մեծ ոգեւորությամբ եմ այդ գործն անում, գրեթե ավարտել եմ: Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի վերջին՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում»:  

Դալիթան


Դալիթան, ով 2011-ին «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակիցն էր, արդեն երրորդ անգամ է Մալթայում:  

«Միշտ հաճույքով եմ ժամանում այստեղ: Արդեն մտերմացել ենք փառատոնի կազմակերպիչների եւ որոշ երգիչների հետ: Այս անգամ «Եվրատեսիլ»-ի մասնակիցներով ելույթ ունեցանք, չորս երգ էի ընտրել՝ «Welcome to Armenia»-ն, «Երեւան»-ը,Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» եւ Առնո Բաբաջանյանի «Ազգ իմ փառապանծ»-ը: Սիրում եմ բեմ դուրս գալ, ինձ համար հաճույք է, ինչպես եւ այս համերգն էր»,- BRAVO.am-ի հետ կիսվել է երգչուհին:

Քրիստաբել Բորգը


Մալթայի կողմից համերգին ելույթ են ունեցել 2015 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող Դեստինի Չուկուներեն եւ 2018թ.-ին «Եվրատեսիլ»-ում Մալթան ներկայացնող Քրիստաբել Բորգը:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դալիթայի արխիվից








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին