Հասմիկ Կարապետյանն անհամբեր սպասում է 2013 թվականին:): Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է անցնող տարվա իր ձեռքբերումների, աշխատանքի եւ տոնածառ չզարդարելու պատճառների մասին:
Հասմիկ Կարապետյանը
Հասմիկ Կարապետյանն ու 2012 թվականը. Այս տարին ինձ համար լի էր դրական լիցքերով, աշխատանքային առումով էլ կան ձեռքբերումներ` երկու տեսահոլովակ, զուգերգ ԴերՀովայի հետ, որը “Դար 21”-ի մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույնը: 2012-ը բուռն էր հետաքրքիր իրադարձություններով, բացի այդ ունեցել եմ հոգեւոր ձեռքբերումներ` ինքնակրթմամբ եմ զբաղվել, սովորել եմ ապրել այսօրվա օրով եւ եթե ինչ-որ բանի վրա վստահ չեմ, չեմ բարձրաձայնում: Շնորհակալ եմ տարվա խորհրդանիշ վիշապին, որ կորուստների տարի չեղավ:
Քանի որ 2013-ը օձի տարի է` իմ տարին, շատ մեծ սպասելիքներ ունեմ ու մեծ փոփոխություն եմ սպասում. չգիտեմ ինչու` ինձ թվում է` ամեն մարդու իր կենդանակերպի տարվա ընթացքում մի լավ անակնկալ է սպասվում: Թեեւ լիովին չեմ հավատում հորոսկոպներին, բայց ինձ դուր է գալիս, որ ամեն տարին իր խորհրդանիշ կենդանին ունի: Ես հավատքով ու սպասումով լի եմ գործնական ու անձնական փոփոխություններին:
Նոր տարին սիրում եմ, հոգուս հեքիաթը չեմ կորցրել, բայց տարիների ընթացքում տոնածառ զարդարելը, գունեղ խաղալիքներն ու աքսեսուարները մի քիչ անհետաքրքիր են դարձել: Մեր տանը տոնածառը զարդարում են քույրս ու մայրս: Երբ իմ ընտանիքն ու ստեղծած մթնոլորտն ունենամ, գուցե չեմ ալարի եւ մեծ հաճույքով կզարդարեմ :):
Հասմիկ Կարապետյանը
Նոր ձայնասկավառակ եւ մենահամերգ` 2013-ին. Հաջորդ տարի ուզում եմ թողարկել 5-րդ ձայնասկավառակս, որում կլինեն իմ հեղինակային երգերը, նաեւ այլ երաժիշտների ստեղծագործություններ: Այժմ երգերի գործիքավորման, ձայնագրման փուլում եմ: Մի քանիսն արդեն պատրաստ են` իմ ու ԴերՀովայի զուգերգը, Նիկ Էգիբյանի հետ համագործակցությունը, որը կոչվում է “Սիրտս կտամ”, նաեւ “Որ կգամ” ռոքային երգը, որի երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է “Դորիանս” խմբի ստեղնահար Արման Փահլեւանյանը:
2013 թվականի փետրվար կամ մարտ ամսվա ընթացքում Երգի պետական թատրոնում տեղի կունենան իմ մենահամերգ-հանդիպումները` կենդանի նվագակցությամբ:
Առաջին անգամ այս տարի “Շանթ” հեռուստաընկերության եթերում ներկայացա որպես հաղորդավար ու Գարիկ Պապոյանի հետ սկսեցի վարել առավոտյան ծրագիր: Տարիներ առաջ միասին երգում էինք “Երկու աստղ” նախագծում, հիմա էլ հեռուստադիտողներին բարի լույս ենք ասում:
Հասմիկ Կարապետյանը եւ ԴերՀովան "Դար 21"-ի մրցանակաբաշխությանը
Այս տարի նաեւ սկսեցի երգել ակումբում` շաբաթական երեք օր: Ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք գալիս են լսելու Հասմիկ Կարապետյանի երգացանկի երգերը: Ըստ իս` երգիչը “ֆորմայի” մեջ լինելու համար պետք է երգի ժամանցի վայրերում: Իհարկե, տանն էլ երգում ու դաշնամուր եմ նվագում, բայց քեզ բեմն ու հանդիսատեսի ներկայությունը սթափ է պահում: Ակումբային աշխատանքիս մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում ու չեմ զլանում գեղեցիկ ներկայանալ, որովհետեւ հարգում եմ բեմը, կապ չունի մեծ համերգասրահում ես երգում, թե` ակումբում, պետք է կոկիկ ու բեմական լինես:
Գումարի խնդիր միշտ էլ կա, որքան մարդ աշխատի, միշտ թվում է`ավելին պետք է վաստակի, որովհետեւ կյանքի այս կամ այն բարիքներից դեռ չի կարողանում օգտվել: Ես փողն ինքնանպատակ չեմ դարձրել, բայց հնարավորության սահմաններում իմ երգելով եմ գումար աշխատել:
Հասմիկ Կարապետյանը
Ռեստորանային երգեր չեմ կատարում. հեղինակ-կատարող եմ, երգում եմ իմ հոգուց բխած երգերը… Ի ուրախություն ինձ` ունեմ իմ լսարանը, որն առ այսօր նվիրված է: Սակայն մեր երկրում, ցավոք, լսարանի մեծամասնությունը նախընտրում է պարային, մի քիչ ռաբիս ոճի եւ արաբական ռիթմերով լի երաժշտություն եւ, բնականաբար, ծնունդ-կնունք-հարսանիքներին Հասմիկ Կարապետյանի երգերը պահանջված չեն. չնայած եղել են հրավերքներ, երբ հարսը կամ փեսան եղել են իմ երկրպագուներից, նույնիսկ իմ երգերի անուններով պատվիրել են` որոնք են ուզում լսել:
Չեմ թաքցնի, որ գումար աշխատելու համար եմ դիմել հեռուստահաղորդավարի կարիերային: Նախ, ինձ համար հաճելի է եթերում մարդկանց հետ անմիջական շփումը, հետո էլ ունեմ համապատասխան փորձ եւ լավ գործընկերներ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի, Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
14,576





