×


Հրանտ Թոխատյանը եւ դուստրը կխաղան հոր եւ աղջկա կերպարներում

Դերասան Հրանտ Թոխատյանը եւ նրա դուստրը՝ Լիլիթը, շուտով հանդես կգան նույն նախագծում՝ խաղալով հոր եւ աղջկա կերպարներում: Պիեսը, որի հիման վրա էլ իրականացվելու են նկարահանումները, այս օրերին գրում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Այս մասին ռուսական «Ատմոսֆերա» ամսագրին տված հարցազրույցում ասել է Հրանտ Թոխատյանը: Նա նշել է, որ իր աղջիկը շատ պայծառ եւ արտիստիկ է, եւ իր կարծիքով` հրաշալի դերասանուհի կդառնա.«Ես դա շատ եմ ուզում: Երազում եմ բեմ բարձրանալ Լիլիթի հետ»:

Լրագրողի հարցին, թե ինչպես է դուստրը վերաբերվում այդ գաղափարին, Հրանտ Թոխատյանը պատասխանել է.«Լիլիթը շատ ուրախ է, սրտատրոփ սպասում է այն օրվան, երբ պետք է սկսվեն նկարահանումները, արդեն ինքնուրույն զանգահարում է Մհերին: Աղջիկս շատ փոքր տարիքից է սկսել մանկական հաղորդումներ վարել, բայց հավատացեք` իմ եւ Լուիզայի միջնորդությունն այդ հարցում չի եղել: Նրան մեծ հաճույքով հրավիրում են:

Շուտով մեր դուստրը կդառնա 13 տարեկան. արդեն երեխա չէ, բայց դեռ մեծ էլ չէ: Այդ տարիքում երեխաներն ավելի քիչ հետաքրքիր են դառնում մեդիայի համար: Եվ որպեսզի նա էլ չունենա այն երեխաների ճակատագիրը, որոնք շատ վաղ տարիքում հեռուստաաստղ են դարձել, իսկ հետո պարզվել է՝ այլեւս պետք չեն, ես հենց դրա համար էլ մտածեցի այս ներկայացման մասին:

Հրանտ Թոխատյանը՝ դստեր հետ


Լիլիթը հրաշալի խոսում է ոչ միայն հայերեն, այլեւս ռուսերեն, անգլերեն, այժմ էլ սովորում է կորեերեն. նա սիրահարված է կորեական ինչ-որ ռոք-խմբի: Մեր թաղամասում հիմնականում ապրում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ իսկ պատճառով նա գրեթե ողջ օրն անցկացնում է հյուպատոսների եւ դեսպանատների քարտուղարների երեխաների հետ: Նրա ամենամոտ ընկերուհիները Ղազախստանի Հանրապետության հյուպատոսի դուստրերն են, որոնք խոսում են ռուսերեն, եւ ամերիկյան հյուպատոսի դուստրը»:

Թեմայի շուրջ առավել մանրամասն փորձեցինք զրուցել ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց ավելին ասել` նշելով, որ ավելի լավ է՝ մյուս նորություններն առայժմ գաղտնի մնան.«Ավելին, քան ասել է Հրանտ Թոխատյանը, ես այս պահին ասել չեմ կարող»,- հավելեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Bravo.am-ի եւ Հրանտ Թոխատյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին