×


Մանկությունից առ այսօր. Լիա Զախարյանի սպիներն ու մայրիկի մոտ տանող ճանապարհը

BRAVO.am-ը սկսում է նոր խորագիր, որի շրջանակում հայտնիները վերհիշելու են իրենց մանկությունը եւ մեր ընթերցողների համար բացահայտելու, թե ինչ իրեր են պահում այդ տարիներից առ այսօր: Մեր խորագրի առաջին հյուրը դերասանուհի Լիա Զախարյանն է: Նրա հուշերը շատերի ժպիտը կառաջացնի:

Պարզվում է՝ Լիան արկածախնդիր պատմությունների ու տարօրինակ դեպքերի էպիկենտրոնում է դեռ մանկուց (օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին կարդացեք այստեղ, -հեղ.): Այսօրվա պես է հիշում իրեն 3 տարեկանից.«Իմ մանկությունը զվարճալի դեպքերի մի մեծ շղթա է եղել: Երբ փոքր էի, մայրս առավոտից երեկո աշխատում էր, իսկ ես ամբողջ օրն անցկացնում էի մայրիկիս մորաքրոջ հետ: Մորս շատ էի կարոտում: Տանը ստեցի, որ գնում եմ բակում խաղալու, հագնվեցի ու ճանապարհ ընկա մայրիկիս մոտ: Վախենում էի, որովհետեւ ինձ ասել էին ՝ երբ փոքր երեխաներին փողոցում մենակ են տեսնում, տանում են օճառ ու երշիկ պատրաստում: Փորձություններ հաղթահարելով՝ վերջապես հասա մայրիկիս մոտ: Նա զարմացած էր, թե ինչպես եմ հայտնվել այնտեղ»:

Լիա Զախարյանը


Դերասանուհին հիշում է, որ նոր զգեստ ունենալու դեպքում շրջում էր անծանոթների տներով եւ ցույց տալիս այն: Լիան ասում է՝ շատ ակտիվ է եղել, իսկ խոսել սկսել է վաղ հասակից.«4 տարեկանում դպրոց եմ գնացել տատիկիս գյուղում: Ամեն առավոտ մեծ ոգեւորությամբ էի հաճախում՝ չնայած որ մեծիկների ասածների մեծ մասը չէի հասկանում: Դասի կեսից հանում էի իմ խնձորը եւ ուտում: Ու այդպես մի օր էլ տատիկս ասաց, որ այլեւս չեմ կարող գնալ, քանի որ կծանրաբեռնվեմ: Դա ինձ համար մեծ ողբերգություն էր: Երկար ժամանակ շոկից չէի կարողանում դուրս գալ»:

Լիա Զախարյանը


Խոսելով մանկուց պահած իրերից՝ Լիան ասել է, որ պահել է գրեթե ամեն ինչ՝ տետրեր, զգեստներ, տիկնիկներ, արջուկներ, սակայն յուրահատուկ վերաբերմունք դեռ մանկուց ունեցել է խորանարդների հանդեպ.«Հիմա չեմ էլ հիշում, թե ով էր նվիրել, բայց ես դրանցով միշտ խաղացել եմ: Խորանարդների վրա ռուսերենի այբուբենն է եւ յուրաքանչյուր տառին համապատասխան կենդանին: Ամենազարմանալին այն է, որ ես դրանցով ոչ թե տառերն էի սովորում, այլ մեծ աշտարակ էի կառուցում: Ամրոցի դիմաց էլ պահակներ էի դնում, որ այն պաշտպանեն»:

Լիա Զախարյանը


Միայն պահած իրերը չեն, որ հիշեցնում են Լիային իր մանկության մասին: Նրա արկածախնդրության վառ ապացույցը սպիներն են, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի.«Ծնկիս վրա սպի ունեմ. ընկերներիս հետ խաղում էինք, վազեցի ու ընկա ցանցի վրա: Ճակատիս էլ ունեմ: Դա էլ «վերմակ-դոշակ» խաղից եմ ժառանգել: Այդ սպին խորացավ, երբ երկրորդ հարկից ցած ընկա: Բայց ես սիրում եմ իմ սպիները, չէ՞ որ, ինչպես ասում են, ով սպիեր չունի, ուրեմն՝ ուրախ մանկություն չի ունեցել»:

Դերասանուհին վստահեցնում է՝ մանկությունը երբեք չի ավարտվում: Հիմա էլ կան իրավիճակներ, երբ իր մեջ արթնանում է փոքրիկ աղջնակը. «Երբեմն նա զգում, խոսում ու արտահայտում է իրեն: Նույնիսկ երբ սեփական երեխաս ունենամ, միեւնույն է՝ իմ մեջ գտնվող երեխան կապրի»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW