«Ռուսաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի ֆինալիստ, արմատներով Ջավախքից, Կրասնոդարում ծնված, մոսկվաբնակ հայ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նորություններ ունի, որոնց մասին պատմել է BRAVO.am-ին։
Նա վերջերս հաճախ է լինում Հայաստանում, սիրելի վայրերն են՝ Սեւանը, Կասկադը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակը։ Այցերի առիթներից մեկը համագործակցությունն է ընկերուհու՝ նկարիչ-մոդելավորող Անուշ Սահակյանի հետ։ Մարգարիտայի փոխանցմամբ՝ համատեղ հավաքածու են ստեղծում, որով իրականացնում է իր պատանեկության տարիների երազանքը.«Հավաքածուում իմ ճաշակն ու գաղափարներն եմ ներդնում, այդ գործընթացն ինձ շատ է դուր գալիս։ Ինքս ինձ դիզայներ չեմ համարում, բայց առաջին քայլերս եմ անում։ Անուշի հետ հեշտությամբ լեզու ենք գտնում, մեզ կապում է սերը նորաձեւության հանդեպ»։
Մարգարիտա Պոզոյանը
Նորաձեւությունն ու դիզայնը նրա նախասիրություններից մեկն է, 14 տարեկանից նկարում է կանանց հագուստի էսքիզներ.«Այդ նկարները դարձել են մի մեծ հավաքածու, որոնցից որոշները դերձակները կարել են ինձ համար։ Նաեւ քույրերիս ու մտերիմներիս զգեստապահարաններում կան հագուստներ, որոնց էսքիզներն ինքս եմ արել։ Մտածեցի՝ ինչու չփորձեմ ինքս ինձ բացահայտել։ Բայց նշեմ, որ երգն առաջին տեղում է. երաժշտությունն իմ կենսակերպն ու բնությունն է, որը չեմ թողնի»։
Իր երգերից որոշների հեղինակն ինքն է, նորերն այժմ ձայնագրում է եւ ալբոմ կթողարկի: Մարգարիտան զուգերգեր ունի ինչպես հայ երգիչների՝ Մարտ Բաբայանի, Արծվիկի, այնպես էլ Դիմա Բիլանի, Ալեքսանդր Պանայոտեւի եւ ուրիշներ հետ.«Դեռեւս նոր դուետներ չունեմ, բայց չեմ բացառում, որ հայ երգիչների հետ կրկին կձայնագրեմ։ Օրեր առաջ Պերմում ելույթ ունեի, որին մասնակցում էր նաեւ Ռազմիկ Ամյանը, հնարավոր է՝ նրա հետ նոր զուգերգ կատարենք, կարծում եմ՝ հրաշալի կստացվի, որովհետեւ մեր վոկալները համապատասխանում են։ Գուցե նաեւ Զառայի հետ երգեմ, նա հրաշալի մարդ է, ինչը պակաս կարեւոր չէ շոու-բիզնեսում։ Սրանք դեռեւս իմ գաղտնի մտքերն են, որոնց մասին բարձրաձայնեցի։ Հենց այնպես չեմ ուզում դուետներ ունենալ, նախորդները կարեւոր դեր են խաղացել իմ կյանքում, պետք է ճաշակով ու տեղին լինեն»։
Մարգարիտա Պոզոյանը՝ մայրիկի հետ
Զրույցի ավարտին Մարգարիտան խոստացավ, որ հաջորդ այցի ժամանակ Երեւանում համերգով հանդես կգա։
BRAVO.am
Լուսանկարները՝ Մարգարիտա Պոզոյանի արխիվից


×
4,115







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: