#saveմիլիոն՝ այսպես է կոչվում Մկրտիչ Արզումանյանի, Լեւոն Հարությունյանի, Էվա Խաչատրյանի, Սերգեյ Գրիգորյանի, Վիկտորյա Սահակյանի մասնակցությամբ նոր կատակերգությունը, որի ռեժիսորը Նորա Գրիգորյանն է: Թե ինչ ներկայացում է սպասվում հանդիսատեսին, ինչպես է համագործակցել դերասանական խմբի հետ, եւ այլ մանրամասներ բեմադրիչը պատմել է BRAVO.am-ին:
«Իրավիճակային կատակերգություն է, որը լի է անսպասելի իրադարձություններով: Սցենարը գրել է Արմեն Վարդանյանը: Երկար եւ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ստացանք այն, ինչ ուզում էինք: #saveմիլիոն կատակերգության հիմքում զվարճալի, բայց միեւնույն ժամանակ, շատ խճճված պատմություն է՝ մարզպետի, նրա օգնականի ու, իհարկե, հյուրանոցային համարում շատ պատահական հայտնված աղջկա մասին։ Համոզված եմ՝ դուր կգա հանդիսատեսին»,-նշել է Նորան:
Նորա Գրիգորյանը
2 գործողությամբ ներկայացման մտահղացման հեղինակներն Արման Միտոյանը, Էրվին Ամիրյանը, Սերգեյ Գրիգորյանը եւ Գոռ Շահսուվարյանն են.«Նրանք են նաեւ պրոդյուսերները: Մեծ սիրով եմ ընդունել առաջարկը, թեեւ այս շրջանում ծանրաբեռնվածությունս շատ է: Միասնական ուժերով սկսել ենք աշխատել այս նախագծի վրա, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 25-ին եւ 26-ին, ներկայացումներ կունենանք նաեւ հոկտեմբերի 29-ին եւ 30-ին»:
Ներկայացման գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է: «Ի սկզբանե, երբ հարցրին, թե ով պետք է խաղա գլխավոր դերում, ասացի` միանշանակ Մկոն: Նրա հետ առաջին անգամ եմ աշխատում եւ հույս ունեմ՝ ոչ վերջին: Շատ քիչ դերասանների գիտեմ, ովքեր համ տաղանդավոր են, համ աշխատասեր, եւ երբեք ստացված արդյունքից չբավարարվող: Մկրտիչը հենց այդպիսին է, ունի աշխատելու անսպառ էներգիա, լցված է էնտուզիազմով եւ միայն դրական լիցքերով, ինտելեկտուալ է, կարդացած եւ հետաքրքիր, ինչը քիչ բան չէ դերասանի համար: Առհասարակ, այնքան լավ մթնոլորտ է, եւ իսկապես տաղանդավոր մարդիկ են դերասանական խմբում:
Հաճելի է աշխատել նաեւ տաղանդաշատ դերասան Լեւոն Հարությունյանի հետ. անդադար զարմանում եմ նաեւ նրա տաղանդի եւ մասնագիտության հանդեպ մեծ սիրո վրա: Ռեժիսորի համար իրոք հեշտ դերասան է աշխատելու առումով, իր գործի գիտակն է, մեծ փորձ ունի եւ, կարծում եմ, մինչեւ կյանքի վերջ կմնա սիրահարված իր գործին, մասնագիտությանը:
#save միլիոն ներկայացման փորձերին
Աշխատում եմ նաեւ իմ սիրելի Սերգեյ Գրիգորյանի հետ: Միասին շատ ենք աշխատել: Իր հետ հեշտ է, որովհետեւ արդեն ծանոթ է իմ աշխատանքի ոճին, գիտի՝ ինչ եմ ուզում, կես բառից ինձ հասկանում է: Այս անգամ Սերգեյը կներկայանա վառ կերպարով, որը դեռ երկար կհիշվի, այդպիսին հանդիսատեսը դեռ չի տեսել նրան»,-շեշտել է Նորան:
#save միլիոն ներկայացման փորձերին
Խոսելով դերասանուհիների մասին՝ նա ասել է, որ Էվա Խաչատրյանի հետ առհասարակ ծանոթ չի եղել.«Այնքան հետաքրքիր դերասանուհի է՝ տաղանդավոր, անսպառ էմոցիոնալ, հավաքված, միշտ պատրաստ, աշխատասեր: Վայրի, ոչ հասարակ արտաքինով՝ նա հետաքրքիր է թե՛ դրամատիկ, թե՛ կատակերգական տեսարաններում: Հաճելիորեն զարմացած եմ երիտասարդ, բայց շատ եւ շատ հետաքրքիր դերասանուհի Վիկտորյա Սահակյանով. երիտասարդ, բայց խենթի պես սիրահարված թատրոնին, իր բեմում ապրելու օրենքներով, հետաքրքիր հոգեբանությամբ եւ, իհարկե, յուրահատուկ արտաքինով»:
Նշենք, որ ներկայացման պոստերի հեղինակը Արվին Քոչարյանն է, բեմանկարիչը՝ Լուսին Կարապետյանը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նորայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: