×


Շվեյցարական էթնո-ջազ բենդը Երեւանում հայկական ֆոլկլոր է հնչեցրել

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 15-ին ելույթ է ունեցել շվեյցարական “Authentic Light Orchestra” էթնո-ջազ բենդը: Համերգը, որի ընթացքում դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ խմբին նվագակցել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը, կայացել է “Օրկեստր պլյուս” նախագծի շրջանակում:

“Authentic Light Orchestra”-ի երեւանյան համերգին


Համերգի ընթացքում առաջին անգամ Շվեյցարիայից Հայաստան ժամանած բենդն իր մեկնաբանությամբ ներկայացրել է հայկական ֆոլկլոր: Հնչել են Կոմիտասի “Երկինքն ամպել է”, “Հով արեք” եւ այլ ստեղծագործություններ, որոնց ընթացքում բենդին ու նվագախմբին են միացել երաժիշտներ Միքայել Ոսկանյանը, Արմեն Հյուսնունցը, Վահան Արծրունին եւ այլք: 

Ուշագրավ է, որ նշված բոլոր երգերը հնչել են բենդի շվեյցարացի վոկալիստ Վերոնիկա Ստալդերի շուրթերից, որն, ի դեպ, չի տիրապետում հայերենին: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոստովանել, որ հայկական ժողովրդական երաժշտություն առաջին անգամ լսել է “Authentic Light Orchestra”-ի կազմավորման կապակցությամբ.“Մի քանի տարի առաջ մեր գեղարվեստական ղեկավար հայազգի Վալերի Տոլստովը, ում հետ ծանոթ չէի, զանգահարեց ու առաջարկեց դառնալ իր նորաստեղծ բենդի անդամ: Ես էլ խնդրեցի, որ ինձ որոշ սեղծագործություններ ուղարկի, որպեսզի պատկերացում կազմեմ` ինչով ենք զբաղվելու: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ հայկական ֆոլկլոր լսեցի. այն գեղեցիկ էր ու ինձ այնքան հուզեց, որ անմիջապես համաձայնեցի այս ամենի մի մասնիկը դառնալ”:

Վերոնիկա Ստալդերը


Վերոնիկայի փոխանցմամբ` հայկական երաժշտության իր իմացությունը բարելավելու նպատակով մեկնել է Միացյալ Նահանգներ` ծանոթանալու հայազգի հայտնի ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ.“Երեք շաբաթ ինտենսիվ պարապունքներ ենք ունեցել: Տաթեւիկն ինձ բացատրում էր յուրաքանչյուր երգի նշանակությունը, աշխատում իմ արտասանության ու առոգանության վրա: Ջանք չեմ խնայում հայերեն բառերը հնարավորինս ճիշտ արտաբերել, չնայած` երեւի նկատում եք, որ արտասանությունս այնքան էլ մաքուր չէ:)”:

Հայազգի ֆլեյտահար Վալերի Տոլստովը


Բենդի գեղարվեստական ղեկավար,  ֆլեյտահար, էթնիկ գործիքներ նվագող Վալերի Տոլստովը նշել է, որ “Authentic Light Orchestra”-ն հիմնելու շարժառիթը հայրենիքի նկատմամբ կարոտն է եղել.“Երկար տարիներ է` Հայաստանում չեմ բնակվում ու վաղուց էի երազում նման բենդ ունենալու մասին, որն իրականություն դարձավ 2009 թվականին: Մեր գործունեության այս 4 տարվա ընթացքում սա մեր առաջին այցն է Հայաստան, այդ պատճառով էլ շատ կարեւոր է մեզ համար”:

Նշենք, որ համերգի ողջ ընթացքը տեսաձայնագրել է "TUMO Design Studio"-ն եւ առաջիկայում DVD կթողարկի:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի / BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի / BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW