×


Ռումինական “Mahala Rai Banda”-ն սեր է խոստովանել հայերին :)

Երեւանում եւ Գյումրիում հանգստյան օրերին նշել են ամենաեվրոպական տոնը:): Եվրոպայի օրվա առիթով մեր երկու քաղաքներում տեղի են ունեցել տոնական տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է ներկայացնել Եվրոպական Միության -Հայաստանի համագործակցությունն ու եվրոպական մշակույթի բազմազանությունը:

Եվրոպայի օրը Հյուսիսային պողոտայում


Միջոցառումների կիզակետը մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում էր, որը բազմամարդ էր, տիրող մթնոլորտն էլ` ուրախ: Մայիսի 24-ին “Լույս գիշեր” ներկայացման ընթացքում վեց նկարիչ` Վրեժ Քասունին, Արարատ Մինասյանը, Լյուսի Աբդալյանը, Մերի Մունը, Սարգիս Հովհաննիսյանն ու Վահագն Վարդումյանը, կտավների վրա պատկերել են եվրոպական արժեքների մասին իրենց ընկալումները:

“Այս անգամ երգիծանկար չեմ ստեղծի, իսկ այս ոճում ինձ դեռեւս չեն տեսել: Ողջունում եմ նման նախաձեռնությունները, ուղղակի բարդ է, որովհետեւ արվեստագետը անհատականություն է ու հանրության առջեւ աշխատելը փոքր-ինչ ռիսկային է. հենց նկարելու պահին կարող է քննադատություն հնչել”,-BRAVO.am-ին ասել է Վրեժ Քասունին:

Վրեժ Քասունին


Զրուցել ենք նաեւ մասնակիցներից Մերի Մունի հետ, ով նշել է. “Թեման ընդհանուր է, բայց յուրաքանչյուրս անհատական մոտեցում ենք ցուցաբերում: Մի փոքր անսովոր է նկարել մարդկանց աչքի առջեւ, բայց ցուցահանդեսների ընթացքում ավելի վախենալու է:)”:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան եւս ծանոթացել է նկարիչների ու նրանց աշխատանքների հետ: BRAVO.am-ին նա ասել է, որ գերադասում է վառ ու պայծառ գույները եւ, իհարկե, կարեւորում է նկարի միջոցով փոխանցվող գաղափաները. ““Լույս գիշեր”-ն ինքնաարտահայտվելու հիասքանչ հնարավորություն է տալիս”:

Ռումինական "Mahala Rai Banda”-ն


Խոսելով եվրոպացի եւ հայ երիտասարդության մասին` Տրայան Հրիսթեան նշել է. “Անկեղծորեն որեւէ տարբերություն չեմ տեսնում: Նրանք ունեն միեւնույն էներգիան, ձգտումը դեպի պայծառ ապագա”:

Եվրոպայի օրվա բացօթյա միջոցառումների թվում են եղել նաեւ տեղեկատվական ցուցահանդեսը, անգլիական թեյախմությունը, վենետիկյան դիմակների պատրաստումը, ռումինական գրքերի ցուցադրությունը, անդալուսյան գասպաչոյի պատրաստման գաղտնիքների բացահայտումը եւ այլն:):

Եվրոպայի օրը Հյուսիսային պողոտայում


Եզրափակիչ համերգի ընթացքում էլ ելույթ են ունեցել “Ալեքսանդրապոլ” սկա-բենդը Հայաստանից,  “Mahala Rai Banda”-ն Ռումինիայից,  Dj Ipek-ն ու VJ Karajan-ը Գերմանիայից: “Mahala Rai Banda”-ի գնչուական մոտիվներով երգերը ապահովել են հավաքվածների բարձր տրամադրությունը: Անհնար է չպարել տարբեր ժանրեր ներկայացնող հայտնի խմբի հնչեցրած երաժշտության ներքո:

Խմբի ջութակահար Աուրելը BRAVO.am-ի հետ զրույցում իր հիացմունքն է հայտնել երեւանցիների ընդունելության վերաբերյալ. “Ճիշտն ասած` չգիտեի, թե ուր եմ գալիս, կարծում էի` մուսուլմանական երկիր է: Շատ սիրեցի Երեւանն ու հայերին: Հանդիսատեսից այնքան դրական էներգիա է գալիս բեմ, որ մենք եւս լիցքավորվում ենք”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի եւ Manna Litta-ի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին