‹‹Մանկական Եվրատեսիլ›› միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար այս տարի պայքարում է նաեւ Երեւանի Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի, 10-ամյա երգչուհի Սաթին: ‹‹Դեպի մանկական Եվրատեսիլ›› նախագծին մասնակցության եւ սպասվող նոր երգերի մասին պատմում է պրոդյուսերը: Նշենք, որ Սաթիի պրոդյուսերը հենց իր մայրն է՝ Գոհար Պողոսյանը:
-Մինչ խոսենք այս տարի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ‹‹Դեպի մանկական Եվրատեսիլ›› մրցույթին հայտ ներկայացնելու Ձեր որոշման մասին, ներկայացրեք Ձեր դստեր անցած ճանապարհը:
-Ես միշտ նշել եմ իմ բոլոր հարցազրույցներում, որ Սաթին գրեթե 4 տարի զբաղվել է պարով (‹‹Փոքրիկ Նանեներ››, ‹‹Ամարաս››): Երբ հասկացա, որ նա ունի նաեւ վոկալային տվյալներ, պարը մնաց երկրորդական պլանում: Սկսեց հաճախել սկզբում ‹‹Piano Forte›› (նախկին ‹‹Խենթություն››) համույթ, ապա ‹‹Swag Art School›› ստուդիա (եւ մինչեւ օրս), բայց այդ ընթացքում արդեն ձեւավորված էր նրա անհատական ուղին: Մասնակցել է մանկական համերգային տարբեր միջոցառումների՝ կազմակերպված Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ ոչ միայն: Իսկ արդեն առաջին՝ ‹‹Տոնդ շնորհավոր›› տեսահոլովակի շնորհանդեսից հետո միանգամից հասկացա, որ բեմը նրա տարերքն է: Ի դեպ, Սաթին մի քանի ամիս այս ամենին զուգահեռ հանդես է եկել որպես հաղորդավարուհի. վարել է մանկական հաղորդման էջ: Նրա առաջին տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում հաջողություն գրանցեց, դարձավ շատ մանուկների տոնական առիթների սիրված երգը: Սաթին սովորում է նաեւ Մ. Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի վոկալի եւ դաշնամուրային բաժինների 2-րդ դասարանում: Անցնող ուսումնական տարում երաժշտական դպրոցի կողմից մասնակցել է հանրապետական, ինչպես նաեւ ‹‹Վերածնունդ›› միջազգային ամենամյա մրցույթ փառատոնին: Մասնակցել է Մշակույթի նախարարության նախաձեռնած ‹‹Տենոր›› ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթին:
Սաթին
-Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել ‹‹Դեպի մանկական Եվրատեսիլ›› նախագծին:
-Սկզբից մենք պարզապես նախապատրաստում էինք Սաթիի հերթական երգը: Երգի երաժշտության, խոսքերի, գործիքավորման հեղինակը Նիկ Էգիբյանն է: Հենց նա էլ մեզ միտք տվեց մասնակցել նախագծին: Պլանները փոխվեցին, երգի համար տեսահոլովակ նկարահանելու փոխարեն մենք հայտ ներկայացրինք ու սկսեցինք պատրաստվել ‹‹Դեպի մանկական եվրատեսիլ›› նախագծին, ինչի համար շնորհակալ ենք Նիկին եւ Հանրային Հեռուստատեսության ստեղծագործական թիմին: Երգի թեմայի մասին դեռ չեմ խոսի, թող այն մնա գաղտնիք, միայն կասեմ, որ ակտիվ է, խաղարկային, պարային: Երգի վոկալային մասով Սաթիի հետ աշխատում է Լիլիթ Բադալյանը: Բեմադրության հեղինակն Արթուր Մանուկյանն է, որ չնայած իր զբաղվածությանը, հանձն առավ կատարել այդ աշխատանքը: Բեմադրության պարային հատվածը վստահված է ‹‹Ամարաս›› պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանին: Հագուստի մոդելավորման աշխատանքը ոճաբան, դիզայներ Արմեն Գալյանինն է, իսկ էկրանի ձեւավորման աշխատանքը՝ Էդուարդ Մաթենցյանինը: Մի խոսքով, հավաքված է պրոֆեսիոնալ ստեղծագործական թիմ, որի շնորհիվ վստահ եմ, որ Սաթին կունենա տպավորիչ ելույթ: Ես ոչ միայն Սաթիին, այլ բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող ելույթ, եւ թող հաղթի իսկապես լավագույնը:
-Բացի ‹‹Դեպի մանկական Եվրատեսիլ›› նախագծի մասնակցությունը, ի՞նչ նոր ծրագրեր կան ապագայում:
-Սեպտեմբերը մեզ համար սպասված ամիս է: Պլանավորում ենք տեսահոլովակի պրեմիերա մի երգի, որը նվիրված է վերածնված, սիրո երկիր Հայաստանին: Երգն իրականում գրվեց հեղափոխության ընթացքում, բայց մենք որոշեցինք լսարանին ներկայացնել սեպտեմբերին՝ Անկախության օրվան ընդառաջ: Երգի երաժշտությունը գրել է Լիլի Գրիգորյանը, տեքստը՝ Արմինե Բոյաջյանը: Նա արդեն թվով երրորդ երգի տեքստն է գրում Սաթիի համար: Տեսահոլովակի հեղինակն է Գրիգոր Դավթյանը: Երգի գործիքավորումը Դավիթ Ջավադյանինն է: Աշխատանքում ներգրավված են նաեւ երաժիշտներ Սիրակ Մկրտչյանը եւ Ավագ Մարգարյանը:
Սաթին
-Բացի էստրադային ժանրը, ո՞ր ժանրերում եք ապագայում պատկերացնում Սաթիին:
-Նպատակ կա ապագայում նրա երգացանկում ներառել ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգեր:
-Ունե՞ք երաժշտական խորհրդատու:
-Խորհուրդներով միշտ իմ կողքին են երաժիշտ-երգահան Արսեն Ղազարյանը եւ արձակագիր Արմինե Բոյաջյանը՝ անկախ այն բանից՝ նրանք կապ ունեն տվյալ նախագծի հետ, թե ոչ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մհեր Սարգսյանի
Սաթիի նորություններին կարող եք հետեւել այստեղ
Սաթիի պրոդյուսերին ձեր հարցերը կարող եք հղել այստեղ
Սաթիին Ինստագրամում կարող եք հետեւել այստեղ


×
16,185







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: