×


Սեքսուալ էվոլյուցիա. Մ.թ.ա.-ից մինչեւ մեր օրեր

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սեքսում  բոլոր սցենարները վաղուց հայտնի են, բայց, այնուամենայնիվ, այն նույնպես զարգացումներ է ապրել` պարզունակից մինչեւ այլասերվա... ավելի ճիշտ` պարզից մինչեւ բարդը: Իհարկե, սեքսով զբաղվելը շատ ավելի հաճելի է, քան սեքսի էվոլյուցիային հետեւելը, բայց վստահեցնում եմ` վերջինս էլ շատ հետաքրքիր է:

Միլիոնավոր տարիներ մ.թ.ա. Սեքսը՝ որպես սերնդի շարունակություն

Հոգեբան Մեթ Ռիդլին իր «Սեքսն ու մարդկային բնույթի էվոլյուցիան» գրքում պնդում է, որ բացարձակապես  ամեն ինչի շարժառիթը սեքսն է` քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ… Ես որ համամիտ եմ նրա հետ: Կարդալ-գրել չիմացող հնադարյան արարածն ուներ միայն մեկ խնդիր` սերունդ թողնել: Իսկ դրա միակ տարբերակը, պարզ է, սեքսն էր: Այս շրջանում կենսատու կինը պաշտամունքի էակ էր, ում հարգանքի մեծագույն տուրք էր մատուցվում:

Իսկ ընտանիք հասկացության ձեւավորմանը զուգընթաց տարածում գտավ հայրիշխանությունը. արուն կարող էր իրեն մի քանի կին թույլ տալ, սեփական գենետիկ նյութ թողնելու, հակաբեղմնավորիչներ կիրառելու խնդիր չկար. որքան շատ երեխա, այնքան ուժեղ հասարակություն: Եթե տղամարդն ուժեղ, խորամանկ եւ արագաշարժ էր, բնականաբար, նա սեքսի ու սերնդի խնդիր չուներ: Երեխա մեծացնելն էլ շատ բարդ չէր. վերջիններս չէին նվնվում iPad համար եւ ուսման մեծ ամբիցիաներ չունեին:

Մ.թ.ա. 2-րդ դար. Սեքսը` որպես ապրելու մշակույթ

Նախնադարյան հասարակությունն աննկատ անցում կատարեց  դեպի սեքսուալ բաց կայսրությունների` բաբելոնյան, եգիպտական, հունական: Ըստ Ֆրոյդի` մարդկությունը ոտք դրեց զարգացման «ֆալոսային» փուլ: Սեքսն այլեւս չէր ասոցացվում միայն ծնելիության հետ, այն պաշտամունքի առարկա էր: Հին աստվածներն օր ու գիշեր սեքսով էին զբաղվում: Մարդիկ այս փաստով հիացած` հետեւում էին նրանց օրինակին: Եգիպտական աստված Քաոսն անվերջ ինքնաբավարարվում էր` ծնելով նորանոր աստվածների, իսկ մարդիկ պաշտում էին նրան: Զարմանալի չէ, որ կինն առանց ֆալոսի էլ ավելի կորցրեց իր արժեքը: Բանը հասավ նրան, որ Հին Հունաստանում կնոջը սիրահարվելը հիվանդագին երեւույթ էր համարվում, իսկ սերը տղամարդու նկատմամբ ընկալվում էր որպես վեհապանծ ու հիասքանչ մի բան:

Մ.թ.ա. 2-րդ դարից մինչեւ 11-րդ դար. Սեքսը` որպես արվեստ

Եթե Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում կանանց սեքսուալ ճակատագրին կարելի էր միայն ցավակցել, նույնը հնարավոր չէ ասել Հին Արեւելքի կանանց մասին: Բազում տարիներ առաջ Չինաստանում ծնվեց դաոսի ուսմունքը, իսկ Հնդկաստանում` տանտրան: Ի վերջո միավորվեցին հոգեւորն ու ֆիզիկականը: Դաոսի հետեւորդներն առաջին անգամ խոսեցին կնոջ օրգազմի մասին. տղամարդը պարտավոր էր կնոջը մի քանի անգամ հասցնել հաճույքի ամպերին, նախքան բուն ակտին անցնելը: Տանտրայի զինվորներն էլ ավելի ապշեցրին` ստեղծելով «սիրո յոգա» հասկացությունը, որը նրանց տեղափոխում էր սեքսի՝ տասնյակ ժամեր տեւող աշխարհը: Մոտավորապես 3-6-րդ դդ. գրվեց Կամասուտրան, որը մարդկության սեքսուալ քրոնիկայի, երեւի թե, ամենավառ միջադեպն է: Մթագնիչ փաստ էր միայն այն, որ Կամասուտրան հասանելի էր հնդիկների էլիտար կաստաներին. «սովորական մահկանացուները» չէին էլ կասկածում դրա գոյության մասին:

11-19-րդ դարեր. Սեքսը` որպես տաբու

Այս ժամանակաշրջանում սեքսը հայտնվեց մեկ այլ ծայրահեղության` համընդհանուր ժուժկալության ճանկերում: Սեքսի քննարկումն արգելվեց, իսկ կանանց հավատարմության գոտի հագցրին (բանալու եզակի օրինակով երկաթյա տակդիր): Գնահատվում էր սերն ու գեղեցկությունը, իսկ ֆիզիկական հաճույքն ամոթալի խայտառակություն էր: Սրան զուգահեռ, սեռավարակների պայթյունը հասավ իր գագաթնակետին: Պահպանակների մասին առաջին անգամ խոսվեց հենց Վերածննդի դարաշրջանում, չնայած` մարդիկ պաշտպանվում էին նաեւ մինչ այդ. Չինաստանում այս նպատակով մետաքսե թուղթ, Ճապոնիայում` կրիայի վահանակ, Հին Հռոմում՝ կենդանիների աղիների նուրբ կաշին էր օգտագործվում: Եկեղեցին սկզբում համառորեն պայքարում էր պահպանակների դեմ, բայց ի վերջո հանձնվեց բժիշկների ցուցումներին:

20-րդ դար. Սեքսը` որպես գիտություն

Ամենակարեւորի սկիզբը դրվեց մի քիչ ավելի շուտ. 19-րդ դարի կեսերին ծնվեց Ձերդ մեծություն Ֆրոյդը: Ու սկսվե՜ց… Հոգեվերլուծություն, անգիտակցական, կնոջ նախանձը սեռանդամի նկատմամբ, էդիպյան բարդույթ. այս ողջ ինֆորմացիայի համար պարտական ենք պրն. Ֆրոյդին: Նրա շնորհիվ մարդիկ սկսեցին խոսել ոչ թե սեքսի տեխնիկայի, գեղեցկության կամ այլանդակության, այլ դրա հոգեբանության մասին: Իրար հետեւից հորինվեց լատեքսը, հայտնաբերվեց G-կետը, վրա հասավ սեքսուալ հեղափոխությունը, վաճառքի հանվեցին հակաբեղմնավորիչները, իսկ 1989-ին Դանիայում գրանցվեց միասեռական առաջին ամուսնությունը:

21-րդ դար. Սեքսը` որպես կենսակերպ

«Սեքսուալ» բառը հավասարեցված է «գեղեցիկին»: Սեքսի ու պրովոկացիայի անխնա շահագործմանը նպաստում է նաեւ նորաձեւության արդյունաբերությունը: Մերկապարուհին դառնում է աշխարհահռչակ կերպար, իսկ մերկ ֆոտոշարքը` սովորական երեւույթ: Անկանոն սեքս-շարաններով ռեալիթի-շոուները հեռարձակվում են շուրջօրյա ռեժիմով: Մերկ մարմինն այլեւս գաղտնիք չէ ու կարող է հանդիպել ամենուրեք` գովազդից մինչեւ թանգարանային ցուցահանդես: Աշխարհում ջնջվում են սահմանները, իսկ զուգահեռ զարգանում է վիրտուալ սեքսը՝ սոցցանցերի ու հատուկ հավելվածների միջոցով: Մյուս կողմից հայտնվում են ասեքսուալներ՝ մարդիկ, ովքեր գիտակցաբար հանում են սեքսն իրենց աշխարհիկ կյանքից: Որոշ գիտնականներ նույնիսկ կանխագուշակում են, որ շուտով կրկին մայրիշխանություն կհաստատվի: Թվում է՝ մարդկությունը կամաց-կամաց կշտանում ու հագենում է սեքսից, բայց  «Կամասուտրայի» վաճառքի թիվը, միեւնույնն է, աճում է, թեկուզեւ համացանցում:

Աուրա Ֆ.
BRAVO.am 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW