Երեւանի Կամերային թատրոնի խաղացանկը համալրվել է նոր բեմադրությամբ, որում ընդգրկված են դերասաններ Քեթրին Մանասյանը, Մանուկ Հախվերդյանը, Գեորգի Ամիրաղյանը եւ Գրիգոր Բաղդասարյանը: Ըստ սյուժեի` “Սիրային քառանկյունի” կատակերգության գլխավոր դերակատարուհին պետք է փրկի իրավիճակը, քանի որ բեմում տապալվում է ներկայացումը, արդյունքում հայտնվում է սիրային խառնաշփոթում:
Գրիգոր Բաղդասարյանը եւ Քեթրին Մանասյանը` "Սիրային քառանկյունի" ներկայացմանը
Մեկ գործողությամբ բեմադրության ընթացքում հնչում են հումորներ ու իմպրովիզներ: Ներկայացումն ավարտում է դերասանների երաժշտական կատարումներով եւ աճպարարական հնարքով: Բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյանի խոսքով` աճպարարության գաղափարը ծագել է մեկ այլ` “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” ներկայացումից, որում տարբեր հնարքներ են ցուցադրվում.“Այս ներկայացումը մեր խաղացանկից մի քիչ դուրս է, մեր ոճի մեջ չէ, բայց հանդիսատեսը գալիս է դիտելու”:
Արա Երնջակյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ներկայացման մեջ ընդգրկված դերասանների առաջարկով է պիեսը բեմադրել.“Բնագրից գրեթե ոչինչ չի մնացել, երկխոսությունները փոփոխել եմ, ավելացվել են որոշ տեսարաններ: Մեկնարկը հանդարտ է, ապա գործողությունները շատանում են եւ ներկաներին ընդգրկում ներկայացման տեմպի մեջ”:
Քեթրին Մանասյանը եւ Մանուկ Հախվերդյանը
"Սիրային քառանկյունու” ավարտից հետո Քեթրին Մանասյանը մեզ հետ զրույցում նշել է, որ սիրով է մարմնավորում իր նոր հերոսուհուն եւ էներգիայով լի է բեմից հեռացել.“Ներկայացումը դեռ խմորման մեջ է, մի քանի ամիս պետք է խաղանք, որ լիովին զգանք մեր կերպարները: Մեզ մոտ այնպիսի երեւույթ չկա, որ դերաբաշխման ժամանակ մեզ առաջարկված կերպարի հետ չհամաձայնենք, քանի որ բեմադրիչները դերասանների մեջ կարողանում են արթնացնել անհրաժեշտ խառնվածքը եւ քնեցնել ոչ հետաքրքիր կողմերը: Ժամանակի ընթացքում սկսում ենք սիրել տվյալ դերը”:
Մանուկ Հախվերդյանը` "Սիրային քառանկյունի" ներկայացմանը
Քեթրինի խոսքով, կատակերգություն խաղալն ավելի պարտավորեցնող է, նրա համար ներկայացումն ավելի սիրելի է դառնում, երբ նաեւ երգում է.“Դրամա խաղալիս թատերական հստակ խնդիրներ են քո առջեւ դրվում, իսկ կոմեդիայում խիստ սահմանափակումներ չկան, որքան ազատ խաղաս, այնքան հանդիսատեսը լավ կընդունի: Երգերի պոպուրի էինք ստեղծել, որը զավեշտալի բառերով կհամապատասխանի մեր կերպարներին: Վերջում ընտրեցինք ամենալավ հատվածները, որոնցից իմ սիրած երգն Արետա Ֆրանկլինի “Respect”-ն է”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: