×


Վիկ Բագրատունին` հոլիվուդյան աստղ դառնալու ճանապարհին

Դերասան, բեմադրիչ Վահագն Բագրատունու թոռը` 25-ամյա Վիկը, բնակվում է Միացյալ Նահանգներում եւ արդեն հասցրել է կերպարներ կերտել հոլիվուդյան ֆիլմերում, որոնք առաջադրվել են «Օսկար»-ի: Երիտասարդ դերասանը BRAVO.am-ին պատմել է իր ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի մասին եւ ոչ միայն:

Վիկ Բագրատունին


-Վիկ, ինչո՞ւ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը, արդյո՞ք Ձեր պապիկի ու նրա հոր հաջողությունները դեր խաղացին այդ հարցում:

- 5 տարեկան էի, երբ որոշեցի դառնալ դերասան: Իմ ծնողները երաժիշտներ են, պարբերաբար համերգների էին մասնակցում, եւ այդ մթնոլորտը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Ես եղել եմ նաեւ Շտուտգարտի օպերայի եւ բալետի թատրոնի մանկական երգչախմբի կազմում եւ դա իմ կյանքում եւս մեծ հետք է թողել: Պապիկիս ու նրա հոր մասին ավելի շատ բան իմացել եմ, երբ արդեն մեծ էի: Ես հպարտ եմ նրանցով: Կարծում եմ՝ իմ ճակատագիրն է լինել դերասան:

-Մանկության տարիներն անցկացրել եք Գերմանիայում, հետո տեղափոխվել ԱՄՆ, որտեղ դերասանի համար հնարավորություններն ավելի շատ են:

-Այո, Գերմանիայում ավարտել եմ դպրոցս եւ 2011 թվականին տեղափոխվել Նյու Յորք՝ սովորելու Լի Ստրասբերգի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում: Ամերիկան միշտ էլ եղել է մեծ հնարավորությունների երկիր, եւ ես հույս ունեմ այստեղ դառնալ մեծ դերասան:

-Թե՛ սովորելու տարիներին, թե՛ հիմա հնարավորություն եք ունենում շփվել  հանրահայտ դերասանների հետ: Ի՞նչ է տալիս այդ շփումը Ձեզ:

Վիկ Բագրատունին


-Այն ինձ հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են աշխատում մեծ դերասանները: Ես հասկացա, որ նրանց կյանքն այն չէ, ինչ հասարակությունը տեսնում է գլամուրային ամսագրերի շապիկներին եւ տարբեր հաղորդումների շրջանակում: Այդ կյանքը շատ մեծ ջանքեր է պահանջում: Տեսնելով Լեոնարդո ԴիԿապրիոյի, Ալ Պաչինոյի եւ ՄքԼեյնի աշխատանքը՝ հասկանում եմ, որ հիշվող ու եզակի դերեր կերտելու համար պետք է շատ աշխատել: Այդ շփումները ձեւավորել են դերասանի աշխատանքի վերաբերյալ իմ կարծիքն ու ես շատ երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունենում աշխատել նրանց հետ:

-Ովքե՞ր են օգնում Ձեզ իրենց խորհուրդներով:

-Իմ ուսուցիչ Լոլա Քոհենը երկար տարիներ իմ կողքին է եղել եւ շատ է օգնել ինձ: Նա 70-ականներին եւս եղել է Լի Ստրասբերգի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանող եւ ունի շատ մեծ գիտելիքներ դերասանի աշխատանքի վերաբերյալ: Նա ավելի, քան  28 տարի հայտնի աստղերից շատերին օգնում է իր խորհուրդներով: Գնահատում եմ իր աշխատանքը: Շնորհակալ եմ նաեւ իմ հայրենակից, հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանին եւ նրա հրաշալի ընտանիքին, ովքեր ինձ շատ են օգնում իմ հուսահատ պահերին: Ինձ միշտ օգնում են նաեւ իմ ծնողները, եղբայրս, պապիկս եւ ամբողջ ընտանիքս: Առանց նրանց օգնության, ես չէի լինի այն, ինչ այսօր եմ:

Վիկ Բագրատունին` «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումներին


-Ինչպե՞ս ստացվեց Ձեր մասնակցությունը հայտնի ֆիլմերում:

-Առաջարկը նկարահանվել «Ուոլ սթրիթի գայլը» եւ «Ընդհատակյա կայսրություն» ֆիլմերում, ստացել եմ իմ հրաշալի մենեջերի շնորհիվ: Յուրաքանչյուր հաղոջակ դերասանի հետեւում կանգնած է պրոֆեսիոնալների մի մեծ թիմ: Այսպիսով՝ դերասանը ընդամենը կատարում է իր աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորին:

-Արդյո՞ք առաջիկայում Ձեզ կտեսնենք նոր ֆիլմում` նոր կերպարով:

-Այո, հաջորդը կլինի իրական պատմության վրա հիմնված «Men of Granite» ֆիլմը: Դեպքերը կատարվում են 1940 թվականին` Իլինոյսում: Չնայած դժվարություններին՝  ավագ դպրոցներից մեկի բասկետբոլի թիմը փորձելու է հաղթանակ տանել: Ես թիմի 4 հայ խաղացողներից մեկն եմ: Բացի սա, շոու է սպասվում, որը վաճառվելու է FOX հեռուստաընկերությանը: Կան նաեւ ֆիլմերի այլ առաջարկներ, որոնց մասին, ցավոք, չեմ կարող պատմել: Սակայն կարող եմ ասել, որ իմ հանդիսատեսը հաստատ գոհ կմնա: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցել այս նախագծերին:

-ԱՄՆ-ն բազմազգ երկիր է: Լինելով հայ՝ արդյո՞ք հանդիպել եք դժվարությունների:

-Ոչ Նյու Յորքում, ոչ էլ Լոս Անջելեսում չեմ հանդիպել ոչ մի դժվարության: Այստեղ հայեր շատ կան ու այստեղ նրանց շատ են սիրում: Ցավոք, «Քարդաշյան»-ը դարձել է տերմին հայերին բնորոշելու համար: Իմ կարծիքով՝ հայերը շատ ջանասեր, հաջողակ եւ օրինավոր մարդիկ են:

-Պատրաստվո՞ւմ եք գալ Հայաստան եւ համագործակցել այստեղի ռեժիսորների եւ պրոդյուսերների հետ:

-Շատ ուրախ կլինեմ, եթե իմ հայրենիքում աշխատելու հնարավորություն լինի: Ես բաց եմ յուրաքանչյուր լավ առաջարկի համար: Սիրում եմ իմ երկիրը եւ հայրենակիցներիս:

Վիկ Բագրատունին


-Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հասակակիցներին, ովքեր եւս ցանկանում են դերասան դառնալ:

-Ամենակարեւորը պետք է սիրես այն, ինչ անում ես, եւ պետք է հավատաս ինքդ քեզ: Պետք է լինես վճռական, հետեւես մեծ դերասաններին, ովքեր հիմա անում են այն, ինչ դու երազում ես: Որպես օտարական մի մեծ երկրում՝ իմ խորհուրդն է` եղիր ավելի լավը, քան մյուսներն են, մի համեմատիր քեզ ուրիշների հետ, եղիր յուրօրինակ, եղիր համեստ եւ աշխատիր ջանասիրաբար, երբեք մի հուսահատվիր: Քո երազանքները իրականություն կդառնան, եթե հավատաս ինքդ քեզ:

Հ.Գ. Հարցազրույցն արվել է մինչեւ Արցախի ապրիլյան պատերազմը:

Զրուցեց Քրիստինա Բոյաջյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վիկ Բագրատունու արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW