“Արամ Խաչատրյան” համերգասրահում երեկ տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որը նախաձեռնել էին ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի հանրային ռադիոն:
“Առաջին սերս երգն է եղել”. Ռուբեն Մաթեւոսյան
“Այս տարիների իմ ամենամեծ վաստակը եղել է ժողովրդի գնահատականն ու սերը”,-նախքան համերգը BRAVO.am-ին ասել է հոբելյարը. “Առաջին սերս երգն է եղել: 900-ից ավելի երգ եմ երգել, բոլորն էլ ինձ սիրելի ու հարազատ են եղել: Այս երեկոն զեկույց է իմ հանդիսատեսին ”:
Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի անսամբլը, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախումբը, “Բարեկամություն” պարի համույթը, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Անահիտ Ներսիսյանն ու այլ կատարողներ:
Քրիստինե Պեպելյանը նշել է` շատ է սիրում Ռուբեն Մաթեւոսյանին
“Մեզանում Ռուբեն Մաթեւոսյան անունը նույնացվում է հայ ժողովրդական երգին` ակունքներից մինչ մեր օրերը”,-նշել է երեկոյի հաղորդավար Արմեն Ամիրյանը: Ռուբեն Մաթեւոսյանի գործընկերները` Օֆելյա Համբարձումյանը, Ռաիսա Մկրտչյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը, ներկաներին պատմել են իրենց համատեղ ելույթների եւ շրջագայությունների մասին:
“Դու շատ երջանիկ մարդ ես”,-ասել է Ռաիսա Մկրտչյանն ու հավելել.“Ռուբենը կուռք էր, չափանիշը հայ ազգային երգի ու կատարողական արվեստի”: Ռոբերտ Ամիրխանյանի խոսքերն էլ հետեւյալն են եղել. “Սիրելիս, հայ երգը ես սիրում եմ առանց քեզ եւս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու”:
Մհերը սիրահարվել է “Չքնաղ երազ” երգին` այն լսելով Ռուբեն Մաթեւոսյանի կատարմամբ
Ալլա Լեւոնյանը, երգելով իր հեղինակած “Գնամ հասնեմ”-ը, նշել է, որ դեռ շատ երազանքներ, ցանկություններ ունի, որոնց պետք է հասնի. “Իսկ Դուք արդեն հասել ու անցել եք, ուրախ եմ, որ այսօր այս բեմում երգեցի Ձեզ համար”:
Քրիստինե Պեպելյանն էլ նշել է, որ շատ է սիրում Ռուբեն Մաթեւոսյանին: “Չքնաղ երազ”-ը կատարող Մհերն էլ պատմել է` սիրահարվել է այս երգին` առաջին անգամ այն լսելով Ռուբեն Մաթեւոսյանի կատարմամբ: Երգչին շնորհավորել են նաեւ Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը եւ Միացյալ Նահանգներից Երեւան ժամանած իր աշակերտը` Հովհաննես Շահբազյանը: Երեկոյի ընթացքում իր կատարումներով հանդես է եկել նաեւ հոբելյարը:
“Բարեկամություն” պարի համույթը
Համերգին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
BRAVO.am-ը եւս շնորհավորում Է Ռուբեն Մաթեւոսյանին`ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50-ամյակի առթիվ:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: