×


Ֆրիդա Յորքը` ռուսական Առաջին ալիքի եւ Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմերում :)

Ֆրիդա Յորքը հայ դերասանուհի է, որին հանրությունը ճանաչեց “Գարեգին Նժդեհ” ֆիլմում Գոհարի դերակատարմամբ: Չնայած` կարիերան սկսել է որպես պարուհի եւ երկար ժամանակ պարել է “Բարեկամություն” համույթում, բայց դերասանի մասնագիտությունն ավելի գայթակղիչ էր…

Ֆրիդա Յորքը


Դերասանական կրթություն ստանալու համար Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը հենց այն էր, ինչ հարկավոր էր Ֆրիդային: Այսօր այլեւս չի պարում, բայց շարունակում է զարգացնել պլաստիկան, քանի որ դա առավելություն է համարում դերասանի համար: Նա նկարահանվում է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական արտադրության ֆիլմերում:

Հիշում է՝ առաջին անգամ բեմ է բարձրացել, երբ դեռ երկրորդ կուրսի ուսանողուհի էր.“Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում խաղացի Վահան Բադալյանի բեմադրած “Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ’’ պիեսը, մարմնավորում էի Ռոզալիին: Իսկ առաջին անգամ գլխավոր հերոսուհու կերպարով նկարահանվել եմ “Look Back” գեղարվեստական ֆիլմում: Այն արտհաուս ժանրում է, պրեմիերան կլինի 2014 թվականի աշնանը”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Ֆրիդա Յորքը` "Գարեգին Նժդեհ" ֆիլմի նկարահանումներին


Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի “Գարեգին Նժդեհ” ֆիլմից հետո իր խաղի մասին մասնագետներից բավական դրական արձագանքներ է լսել, բայց այն այցեքարտ համարել չի համարձակվում, կարծում է՝ ամեն ինչ դեռ առջեւում է:

Ֆրիդայից պարզեցինք նաեւ, որ շաբաթներ առաջ ավարտվել են իր մասնակցությամբ նոր` “Տունը սրտում” ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը կրկին Հրաչ Քեշիշյանն է.“Հայ-ռուսական համատեղ արտադրություն է: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր աշխատել կենդանի լեգենդ Արմեն Ջիգարխանյանի հետ, ով, ի դեպ, ֆիլմում իմ պապիկն է: Մեծ հաճույք էր նաեւ նկարահանվել Եկատերինա Ստրիժենովայի եւ Ալեքսանդր Խաչատրյանի հետ, որոնցից սովորելու շատ բան ունեմ”:

Ֆրիդա Յորքի ընտանիքը


Շատերի համար դերասանուհու բեմական անունը խոսակցությունների առիթ է դարձել. ոմանք պնդում են, որ նա վրացուհի է, մյուսներն էլ համոզված են` հայ է, բայց այստեղ չի ապրում.“Ամուսինս հիմնականում աշխատում է ռուսական կինոարտադրությունում: Ես էլ հաճախ եմ մեկնում նկարահանումների կամ քասթինգների: Երբեմն երկարաժամկետ ենք մնում այնտեղ, բայց ապրում ենք Երեւանում”:

Ինչ վերաբերում է ռուսական նախագծում նկարահանվելու նոր առաջարկներին, Ֆրիդան նշեց.“Ռուսաստանի Առաջին ալիքի համար թողարկվելու է Համաշխարհային պատերազմի մասին պատմող չորս մասից բաղկացած ֆիլմ, որի նկարահանումները սկսվելու են նոյեմբերին: Բավական հետաքրքիր` հրեա կնոջ կերպարում եմ”:

Ռավշանա Կուրկովան եւ Ֆրիդա Յորքը` "Անիրական սեր" ֆիլմի նկարահանումներին


Նրա մասնակցությամբ “Ստրիպտիզ” մոնոներկայացման մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այս դերը խաղալու համար Ֆրիդան ստրիպտիզ պարել է սովորել եւ խոստովանում է՝ ձողի վրա պտտվելն այնքան էլ հեշտ գործ չէ.“Էքստրեմալ թատրոնի սիրահար եմ, իսկ երբ խոսքը պարային պլաստիկ թատրոնի մասին է, պատրաստ եմ անգամ համարձակ քայլերի: Այս ներկայացման մեջ բացակայում է վուլգարությունը, ամեն բան շատ զուսպ է արված, ավելի շատ հոգու մերկությունն է, քան` մարմնի”:

Հնարավոր է` առաջիկայում դերասանուհին կրկին բեմ բարձրանա այս անգամ նոր ներկայացմամբ.“Oրեր առաջ նոր նախագծի քննարկումների էի, կարծում եմ` շուտով ամեն ինչ ավելի պարզ կդառնա եւ կկարողանամ խոսել”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի, Դամիան Հովհաննիսյանի եւ Ֆրիդա Յորքի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW