Դելֆինների հետ շփում` արդեն նաեւ Երեւանում:)
Վաչիկ, Մաշա եւ Հրաչիկ, Դաշա խաղաղօվկիանոսյան զույգերը առաջինն են, որ “ոտք դրեցին” Հայաստան:): Դելֆինների հետ շփվեք Կոմիտասի անվան զբոսայգում: Երեւանում առաջին դելֆինարիումի պաշտոնական բացումը դեկտեմբերի 24-ին էր:
“Նեմո” դելֆինարիումը բացի չորս դելֆիններից հյուրընկալել է նաեւ երկու հարավամերիկյան փոկերի` Ռուբիին եւ Դոտիին: Ուկրաինացի երկու մարզիչների վարժեցրած ջրային կենդանիների երեւանյան առաջին շոուից տպավորված էին թե երեխաները, եւ թե վերջինների ծնողները:): “Դելֆինը էն աղջկան մեջքին էր դրել ու ջրից դուրս թռցրեց:): Բա մյուս ձուկը, անունը չգիտեմ, պարեց, մեկ էլ երգեց”,- տեսածն էր նկարագրում փոքրիկ Նարեկը:
Ուկրաինական ընկերության կառուցած դելֆինարիումի տնօրենը նշեց` դելֆինների հետ շփումը դրական էմոցիաներ ստանալու հրաշալի միջոց է: “Չորսին էլ Ուկրաինայից ենք բերել: Հուսով եմ` իրենց դուր կգա այստեղ, որովհետեւ պայմանները լավն են: Քաղցրահամ ջուր է, բայց մենք ծովային աղ եւ այլ հավելանյութեր ենք ավելացրել”,- նշեց Անդրեյ Կիսլովսկին:
Մարդամոտ դելֆիններ, խղճո՞վ մարդիկ
Թեեւ բնապահպանները ահազանգում են երեւանյան դելֆինարիումի շահագործմանը հաջորդող վտանգների եւ վատ հետեւանքների մասին, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց` “Նեմո”-ն լավ նվեր է մեր քաղաքին. “Ամեն մեկն իր կարծիքն ունի: Այն, ինչ արվել է այստեղ, բնապահպանական տեսանկյունից որեւէ վտանգ իրենից չի ներկայացնում: Այդ ամենի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կա: Սա ընկերության կողմից դելֆինարիումի ստեղծման առաջին դեպքը չէ, եւ եթե չլինեին անհրաժեշտ բոլոր նախադրյալները, եթե հիմնավորված չլինեին բոլոր հաշվարկները, եւ, ամենակարեւորը, եթե անհնարին լիներ այստեղ դելֆիններ պահելու ծրագրեր իրականացնելը, ոչ ոք չէր հանդգնի նման քայլ անել, ոչ ոք իր խղճին դեմ չէր գնա”:
“Նեմո”-ում կարելի է լողալ, նկարվել դելֆինների հետ, դելֆինաթերապիայի կուրսեր անցնել: Դելֆինարիումի տոմսերը աշխատանքային օրերին արժեն 2 հազար դրամ, հանգստյան օրերին` 3 հազար: Մանկատան եւ հաշմանդամ երեխաների այցելությունները անվճար կլինեն:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
15,036






