Ներկայացնում է WOW ամսագիրը
«Հայուհիները հիանալի են, պարզապես գեղեցկուհիներ»
Սերգեյ Լազարեւի հետ հարցազրույցը վաղուց էր պլանավորված: Պարզապես նրա PR տնօրենն անընդհատ կրկնում էր, որ արտիստը չափազանց զբաղված է, ու խնդրում էր հարցերին գրավոր պատասխանել: Մենք գերադասեցինք սպասել հեռախոսային զրուցի հարմար առիթի: Լավ է ուշ, քան ավելի ուշ: Աշխատանքային ամենասովորական երկուշաբթիներից մեկին հեռախոսազանգ ստացանք երգչի PR տնօրենից, ով խոսափողը փոխանցեց Սերգեյին:
- Վերջերս «Նոր ալիք» երաժշտական մրցույթն էիր վարում, որտեղ հաղթեց մեր Սոնա Շահգելդյանը: Նա քեզ դուր եկա՞վ:
- Այո, Սոնան շատ լավն էր, շնորհավորում եմ: Բայց չգիտես ինչու այս անգամ «Նոր ալիք» մրցույթում քչերն ինձ վրա տպավորություն գործեցին: Միայն Սոնան, Քայրաթը Ղազախստանից, Եգոր Սեսարեւը եւ ուկրաինական «Երգող վարտիքներ» խումբը: Ահա եւ վերջ. էլ ոչ ոք արժանի չէր ուշադրության:
- Քեզ բեմում ավելի հարմարավետ եւ ինքնավստահ ես զգում որպես երգիչ թե որպես հաղորդավար:
- Բեմում ինձ ցանկացած իրավիճակում եմ հանգիստ զգում` թե որպես երգիչ, թե որպես դերասան, թե որպես հաղորդավար: Սա բեմ է, որին ես սովորել եմ դեռ մանկուց: Իհարկե, առաջին հերթին ինձ երգիչ եմ զգում, սակայն, իմ կարծիքով, Լերայի հետ շատ լավ ենք կարողանում լեզու գտնել նաեւ որպես հաղորդավար: Հանդիսատեսին դուր է գալիս, մենք էլ ենք մեզ հիանալի զգում:
- «Նոր ալիք»-ի ընթացքում ասացիր, որ Լերային տեսել ես բուժքրոջ հագուստով: Իսկ ե՞րբ կտեսնենք Լերային հարսանեկան զգեստով կողքիդ կանգնած:
- Հասկացեք, մենք չենք խոսում հարսանիքի մասին, քանի որ դրա անհրաժեշտությունը դեռ չենք տեսնում: Մեզ մոտ ամուր, հիմնական հարաբերություններ են, իսկ ամենակարեւորը` երկուսիս էլ դուր է գալիս այս կարգավիճակը: Մեզնից յուրաքանչյուրն իր սիրելի աշխատանքն ունի, որը մեծ ժամանակ է խլում: Աշխատանքն ու անձնական կյանքը համատեղելն այնքան էլ հեշտ չէ: Երբ հասկանանք, որ ուզում ենք ինչ-որ բան փոխել, այնպայնման կանենք դա:
- Ե՞րբ քեզ իսկական աստղ զգացիր` Smash-ի կազմո՞ւմ, թե որպես անհատ արտիստ:
- Երբ Smash-ի հաջողության շրջանն էր, մենք բացարձակ ժամանակ չունեինք վայելեու այդ հաջողության պտուղները: Մենք այնքան էինք զբաղված աշխատանքով, որ մնացած ամեն ինչին ժամանակ չէր մնում: Գուցե դա լավ էր, որովհետեւ հաճախ երիտասարդ աստեղն առաջին հաջողություններից հետո կորցնում են ինքնատիրապետումը, ինչը կարող է պարզապես կասկածի տակ դնել նրանց հետագա գործունեությունը:
Մասսայականությունն զգալ սկսեցի այն ժամանակ, երբ անհատական կարիերայիս տարիներին լողափ էի գնում արեւայրուքի նպատակով, իսկ մի քանի րոպե անց ստիպված էի լուսանկարվել ու ինքնագրեր բաժանել երկրպագուհիների խմբին:
- Այսքան տարի շոու-բիզնեսում ես: Ինչի՞ հետ այդպես էլ չկարողացար համակերպվել:
- Չգիտեմ, այսքան տարի այս ոլորտում աշխատելով` ես մի փոքր ավելի կայուն ու ցինիկ եմ դարձել. ինձ դժվար է զարմացնել: Շոու-բիզնեսում յուրաքանչյուրն իր շահերի հետեւից է վազում, մեծ, շատ մեծ դեր են խաղում կապերը, անձնական հարաբերությունները: Ես պատրաստ չեմ մարդկանց վրայով անցնել, բայց չեմ էլ թողնի, որ ինձ վիրավորեն:
- Շատ հայ արտիստներ երազում են միջազգային շուկայում հայտնվելու մասին: Բայց նույնիսկ ձեր` ռուսներիդ է դա դժվարությամբ հաջողվում: Ի՞նչ ես կարծում, տարբերակներ կա՞ն:
- Տարբերակներ միշտ էլ կան: Արեւմտյան շուկան հնարավորություններից մեկն է, որը պետք է իրագործել: Այո, ցավոք, ռուս արտիստների համար «արեւմտյան պատմությունը» դեռ դժվար է կերտել. մեծ լեյբլի չպատկանելով` դժվար է երեւալ էկրաններին: Այժմ պայմանագիր ենք կնքել Sony Music Entertainment-ի հետ: Նրանք ռեալ հնարավորություններ ունեն այնպես անել, որ ռուս աստղը կարողանա առաջ գնալ: Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի, բայց հավատացեք` մեր արտիստները դժվար կարողանան հայտնվել միջազգային շուկայում:
- Դու բացառիկ պայմանագիր ունես Sony Music Entertainment-ի հետ ու թողարկեցիր Electric Touch ալբոմը միջազգային չափանիշներով: Ո՞ր լսարանի համար է այն նախատեսված:
- Ամենատարբեր լսարանի համար, ում դուր է գալիս ժամանակակից երաժշտութունը: Այս ալբոմը թողարկելով` ես փորձում էի ռուսական երաժշտության նոր հորիզոններ բացել, աշխատել միջազգային չափանիշներով: Ես համագործակցեցի արեւմուտքի լավագույն պրոդյուսերների հետ եւ ստեղծեցի ամբողջական, ակտուալ ալբոմ: Չեմ ուզում առաջնորդվել ռուսական շուկայի ճաշակով, նրանց թելադրած ճանապարհով գնալ: Ուզում եմ նոր երաժշտություն ստեղծել, որը մարդկանց իր ետեւից կտանի: Ես ուզում եմ նոր ու անհասկանալի լինել, որպեսզի իմ երաժշտությունը հետաքրքիր լինի լսել, որպեսզի դրա շուրջ բանավիճեն:
- Ինչո՞ւ որոշեցիր fashion video նկարահանել:
- Մեր առաջնային նպատակն այն էր, որ մեր նկարահանած տեսահոլովակը կարողանա փոխանցել երգի ռիթմը: Այդ պտճառով որոշվեց նկարահանել ամբողջովին պարային տեսահոլովակ, որտեղ հիմանկան ուշադրությունը ոչ թե դեկորացիաների, այլ պարի, հագուստների ու պարողների վրա է: Մենք ստեղծեցինք մինիմալիստական ոճի տեսահոլովակ: Վստահ եմ` ապագայում շատ ռուս արտիստներ նման տեսահոլովակ կունենան: Alarm տեսահոլովակը ես սեւ ու սպիտակ fashion պատմություն եմ համարում, որովհետեւ մենք ստեղծել ենք շատ վառ, հետաքրքիր կերպարներ: Հագուստները հատուկ ուղարկվել էին ԱՄՆ-ից, որտեղ մեզ համար աշխատում էր դիզայենր Հերարդ Պյուն: Նույնիսկ մի քանի հագուստ ինձ թողեցի, որովհետեւ շատ էին դուրս եկել:
- Իսկ հայ աղջիկները դուրդ գալի՞ս են:
- Հայուհիները հիանալի են, պարզապես գեղեցկուհիներ:
- Ամառն արդեն անցյալում է: Այս ամռան հետ կապված ի՞նչ կցանկանայիր հիշել ամբողջ կյանքիդ ընթացքում:
- Ինձ մոտ ամառը կիզակետում է: Ամբողջ օգոստոսը ժամերով գրանցված էր: Այնպես որ ամբողջ կյանքի մասին խոսելը դեռ վաղ է: Շատ եմ ուզում ինչ-որ տեղ հանգստանալու գնալ: Տեսնենք` կստացվի՞, թե, ինչպես միշտ, ոչ:
Զրույցը` Մհեր Բաղդասարյանի
Լուսանկարները տրամադրել է WOW ամսագիրը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: