Արվեստագետները կհամախմբվեն Ցեղասպանության ճանաչման նպատակով Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման արշավին միանում են աշխարհահռչակ արվեստագետներ, ովքեր համախմբվում են «Այլեւս երբեք» (“Never again”) խորագրով նախաձեռնության շուրջ: Լոս-Անջելեսի «Գիբսոն» թատրոնում ապրիլի 17-ին կմեկնարկի 5-ամյա համերգային ծրագիր, որին կմասնակցեն աշխարհահռչակ երգիչներ, արվեստագետներ Սթիվի Ուանդերը, Ֆլորա Մարտիրոսյանը, Դեյվիդ Ֆոսթերը Փրազ Միշելը, հետագայում ցանկը կշարունակի համալրվել այլ հայտնի անուններով` Շերոն Սթոուն, Փոլ Անկա, Բրայան ՄքՆայթ, Բեյբի Ֆեյս: Մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղված “Արվեստագետները խաղաղության համար” (“ARTISTS FOR PEACE”) ՀԿ-ի նախաձեռնությունը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության նախագահի եւ առաջին տիկնոջ բարձր հովանավորությամբ եւ կառավարության կողմից հայտարարվել է “Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղված պետական եւ համահայկական ծրագիր”, տեղեկացնում են նախաձեռնության կազմակերպիչները: Լոս-Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանում փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց նախաձեռնությունը` հայտարարելով նախարարության կողմից նախագծին նաեւ ֆինանսական աջակցության մասին: «Կարծում եմ, Հայաստանի եւ Ամերիկայի հայտնի դեմքերի, հատկապես արվեստի գործիչների մասնակցությամբ 5 տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներում համերգային ծրագրերը կնպաստեն Հայոց ցեղասպանության առավել ճանաչմանը եւ աշխարհին ցույց կտան, որ հայերը դեմ են բոլոր կարգի բռնություններին, ցեղասպանություններին եւ հանդես են գալիս խաղաղության կոչով», - հայտարարեց նախարարը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների համատեքստում «Այլեւս երբեք» ծրագիրը փորձ է միջազգայնացնել մեր ազգային խնդիրներից մեկը, միաժամանակ` մեր պայքարում ներգրավվելով այլ ազգերի, նրանց համախմբելով բռնության, չարիքի ցեղասպանության դեմ պայքարում»: “ARTISTS FOR PEACE” ՀԿ նախագահ եւ «Այլեւս երբեք» ծրագրի պրոդյուսեր Նունե Սերոբյանը նշեց, որ գաղափարը մտահղացել է սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հետ. «Ֆլորայի ձայնը ճշգրիտ արտահայտում է մեր ազգայինը, եւ նրա ու այլազգի տարբեր երգիչների, արվեստագետների, միջոցով որոշեցինք արծարծել Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ աշխարհում այլ ցեղասպանությունների կանխարգելման կարեւորությունը»: «Այլեւս երբեք» ծրագիրն, ըստ պրոդյուսերի, կմեկնարկի Միացյալ Նահանգներում եւ կշարունակվի Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, որտեղ ծրագրին կմիանան տվյալ երկրի այլ արվեստագետներ: Ամերիկյան «աստղաբույլի» մասնակցությունը կապահովի «Platinm Rye Entertainment» միջազգային գործակալության արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Սեմ Արությունյանը: «Իմ գործը պետք է լինի, որ ամերիկյան արվեստագետներից յուրաքանչյուրը իրազեկված լինի Հայոց ցեղասպանության մասին եւ մասնակցի նախաձեռնությանը»,- նշեց Արությունյանը: Մամուլի ասուլիսին մասնակից պատմաբան, փաստաբան Վարդգես Եղիայանը նույնպես կարեւորեց ծրագիրը` նշելով, որ այն լավ առիթ կլինի նաեւ թուրք հասարակության համար` ծանոթանալու իրենց պատմությանը: Տեքստը` ԱՄՆ-ում «Մեդիամաքսի» սեփական թղթակից Նանե Ավագյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: